Քաղաքականություն

Կարծես, օղակը սեղմվում է Վրաստանի շուրջ․ Այվազյանը՝ Արցախի շուրջ քննարկումների մասին

Կարծես, օղակը սեղմվում է Վրաստանի շուրջ․ Այվազյանը՝ Արցախի շուրջ քննարկումների մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակ քննարկվում է հարևան Վրաստանի Հանրապետության խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում։ Քննարկմանը, ինչպես հայտնի է, ելույթով պետք է հանդես գար նաև երկրի Հետախուզական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Շալվա Լոմիձեին:

Վերջին տարիներին, կարծես թե, այսպիսի քննարկումներ չեն եղել։ Սակայն պետք է հաշվի առնել նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները։

«Սամցխե Ջավախքի» մեդիա-վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ չի հիշում, որ նման քննարկում վերջին տարիներին եղած լինի։ «Ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղում մեծ պատերազմ էր, և Վրաստանն այս տարածաշրջանի մաս է․ հաշվի առնելով այդ փաստերը՝ այս քննակումները շատ բնական կարելի է համարել։ Բնականաբար մենք չենք կարող իմանալ, թե այնտեղ ինչ է զեկուցվում, բայց հաշվի առնելով, որ ԼՂ-ում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, դա տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծում Վրաստանի համար։ Հաշվի առնելով այս փաստը՝ կարծում եմ, որ Վրաստանի հատուկ ծառայություններն ասելիք ունեն պատգամավորներին», - նշեց նա։

ԼՂ 44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանի այդ ժամանակվա վարչապետ Գեորգի Գախարիան Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին առաջարկել էր (սեպտեմբերի 30, 2020թ․)  հանդիպում անցկացնել Թբիլիսիում՝ հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթաց հաստատելու նպատակով: Բայց այդպես էլ որևէ բան տեղի չունեցավ։ «Մեր ընդհանուր շահն է հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է ցանկացած միջոցով նպաստել այս գործընթացին, այդ թվում` Թբիլիսիում անցկացնել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում` երկխոսություն վարելու նպատակով», - ասվում էր սեպտեմբերի 30-ին Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած հայտարարության մեջ: Վրաստանը նաև հրաժարվել էր ներգրավվել Թուրքիայի Հանրապետության կողմից առաջարկված 3+3 տարածաշրջանային ձևաչափին («Կովկասյան հարթակ» - Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան)՝ Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ 

Համադրելով այս ամենը՝ արդյո՞ք Վրաստանը կփորձի Արևմուտքի ներգրավմամբ ինչ-որ ձևաչափ առաջարկել։ «Ոչ միայն Գեորգի Գախարիան, այլ նաև վերջերս Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին էր ասել, որ համաձայն չեն Թուրքիայի առաջարկին, որովհետև Թուրքիան, Պարսկաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը միասին պետք է տարածաշրջանային հարցեր քննարկեն, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտությունը։ Եվ առաջարկել էր, որպեսզի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը միասին նման պլատֆորմ ձևավորեն և քննարկեն ԼՂ հակամարտությունը։ Սա հետաքրքիր առաջարկ էր Վրաստանի կողմից, քանի որ նա դրանով անմիջապես մերժում է Թուրքիային, բայց պատճառը, նրանց ասելիքով, հենց Ռուսաստանն էր։ Եվ այսօրվա քննարկումները տրամաբանական շարունակությունն են։ Վրաստանն ուզում է ԼՂ հակամարտությունն իր ակտիվ ուշադրության կենտրոնում պահել և հասկանալ՝ իրականում ի՞նչ է կատարվում, և ի՞նչ սպառնալիքներ այդտեղից կան նաև Վրաստանի համար», - մեկնաբանեց վերլուծաբանը։ 

Վրաստանը և Ադրբեջանը 1991 թվականից ի վեր տարածքային տարաձայնություններ ունեն վրացական Կախեթի մարզում Դավիթ Գարեջայի վանական համալիրի (6-րդ դար) շուրջ, որի մի մասին հավակնում է ադրբեջանական կողմը։ Թուրքիան աշխարհի տարբեր անկյուններում տարածաշրջանային հակամարտություններին միջամտելու մարտավարություն ունի։ Բացի այդ, Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում զգալիորեն առկա է թուրքական ազդեցությունը։

Արդյո՞ք այս ամենը պետք է նաև հաշվի առնել։ «Վրաստանը բավականին մեծ ազդեցության տակ է գտնվում թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից։ Իսկ երբ Ադրբեջանը համաձայնություն տվեց, որպեսզի ռուս խաղաղապահներ տեղակայվեն Արցախում, ամենայն հավանականությամբ դա դուր չի եկել Վրաստանին։ Այս նոր համաձայնագրով [Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարություն] Վրաստանը բավականին խաղից դուրս է մնում կոմունիկացիաների մասով։ Եթե նախկինում Հայաստանի համար բոլոր բեռնափոխադրումները կատարվում էին Վրաստանի միջոցով, Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակը Վրաստանի միջոցով, հիմա փաստացի նոր համաձայնագրով կարող են փոխվել կոմունիկացիոն տարածքները։ Հնարավոր է, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանով ապրանքներ տեղափոխեն», - ասաց  Էդուարդ Այվազյանը։

Ըստ նրա՝ եթե նախկինում միայն Հայաստանում էին ռուսական զորքերը տեղակայված, այսօր նաև ԼՂ-ում, որն էլ լրացուցիչ ազդեցության գործոն թե՛ Արդբեջանի, թե՛ Հայաստանի վրա։ «Եվ այստեղ, կարծես, օղակը սեղմվում է Վրաստանի շուրջ»։ Այսպիսով, Այվազյանի խոսքերով, թե՛ կոմունիկացիոն, թե՛ տարածաշրջանային գլոբալ անվտանգային առումով Ռուսաստանի դերակատարությունը, ինչպես նաև Թուրքիայի դերակատարությունն աճում են։ «Իմ կարծիքով՝ խորհրդարանում փակ ռեժիմով նման քննարկումները Վրաստանի ներքին քաղաքականությունը մշակելու ջանքերին են ուղղված։ Փորձում են մշակել իրենց քաղաքականությունը տարածաշրջանային կոնֆլիկտների և նոր զարգացումների վերաբերյալ», - շեշտեց վերլուծաբանը։ 

Վրաստանը կփորձի՞ ավելի շատ ներգրավել Արևմուտքն իր տնտեսական քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական հնարավոր վտանգները հաղորդակցման ուղիների փոփոխման դեպքում, թե՛ թուրքական ազդեցությունը թուլացնելու համար։ «Տեսեք, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են կատարվում նաև Վրաստանում։ Ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է, և խորը ճգնաժամ կա։ Արևմուտքը փորձեց մի փոքր կարգավորել այն։ Եվրոպայից դիվանագետներ, քաղաքագետներ եկան և փորձեցին բանակցութունների սեղանի շուրջ նստեցնել ընդդիմությանը և իշխանությանը։ Ընդդիմությունը պահանջում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ և քաղբանտարկյալների ազատում, իսկ իշխանությունը չհամաձայնվեց դրան։ Մի խոսքով, բանակցությունները տապալվեցին։ Ինչո՞ւ եմ ես սա ասում։ Այս փաստը դուր չեկավ Արևմուտքին։ Եվ Եվրոպայից արդեն սպառնալիքներ հնչեցին, որ Վրաստանը կարող է զրկվել մի շարք եվրոպական աջակցություններից։ Նաև ԱՄՆ-ից նույնպես նման սպառնալիքներ հնչեցին, քննադատեցին Վրաստանի ժողովրդավարության ուղղուց հետ քայլ կատարելը․․․», - նկատեց մեդիա-վերլուծական կենտրոնի տնօրենը։

Նրա կարծիքով՝ այս ամենը ոչ միայն կապ ունի Վրաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, այլ նաև տարածաշրջանային գլոբալ փոփոխութունների հետ։ «Թուրքիայից և Ադրբեջանից կախվածությունը Վրաստանում մի փոքր ավելի մեծ է։ Եվ Արևմուտքը Վրաստանում երկրորդական դերակատարության մեջ է ընկնում։ Քանի որ Ռուսաստանն ակտիվացնում է իր գործոնը, և Թուրքիան Ադրբեջանի հետ ևս», - ընդգծեց Էդուարդ Այվազյանը։ 

Իսկ վրացի ընդդիմադիր և իշխանական քաղաքական գործիչները թուրք-ադրբեջանական տնտեսական ազդեցության մասով ի՞նչ են մտածում և փորձո՞ւմ են թուլացնել Վրաստանի վրա դրա ազդեցությունը։ «Վրաստանի նախկին իշխանությունը՝ Միխեիլ Սաակաշվիլու թիմը («Միացյալ ազգային շարժումը», շատ ավելի պրոթուրքական և պրոադրեբջանական ուժ էր։ Եվ շատ հավանական է, ես չեմ բացառում, որ նրանք նաև ֆինանսավորվում են Ադրբեջանից ու Թուրքիայից։ Քանի որ նրանց հայտարարություններում շատ հաճախ  պրոթուրքական և պրոադրբեջանական հայտարարություններ են հնչում, ինչպես նաև Արցախյան վերջին հակամարտության ժամանակ։ Իսկ իշխող «Վրացական երազանքը» հիմնականում համարվում է ռուսամետ։ Չնայած նրանք հերքում են, որ ռուսների հետ որևէ առնչություն ունեն, և երկիրը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց հասարակության մի զգալի հատված հակված է նրան, որ, այնուամնայնիվ, ռուսական ազդեցություն կա։ Այս վերջին իրադարձությունները, որ տեղի ունեցան մեր տարածաշրջանում, ավելի բաց գործելու հնարավորություն են տալիս թե՛ «Միացյալ ազգային շարժմանը», թե՛ «Վրացական երազանքին»», - պարզաբանեց Այվազյանը։

Ըստ վերլուծաբանի՝ հնարավոր է, որ Արևմուտքի դիրքորոշումը՝ ֆինանսական աջակցությունից զրկելու և այլն, այս ամեն ինչը միմյանց հետ կապ ունեն։ «Այս ամենը իմ վերլուծություններն են, որոնք ինչ-որ չափով գալիս են նաև թե՛ մամուլից, թե՛ հասարակության վերաբերմունքից, թե՛ կանխատեսումներից ևս», - եզրափակեց նա։     
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image