Այս ամիս էկրան կբարձրանան «Էմիլին` Փարիզում» կուլտային սերիալի հերթական՝ 5-րդ եթերաշրջանի սերիաները։ Սերիալը պատմում է երազկոտ ու հեռանկարային աղջկա մասին, որը Չիկագոյից տեղափոխվում է Փարիզ, որտեղ բոլոր տղամարդիկ խելագարվում են նրա համար։ Այն պատմում է նորաձեւության աշխարհի մասին, բարձրացնում է արդիական հարցեր, որոնք վերաբերում են մարդկանց միջանձնային հարաբերություններին եւ նոր միջավայրում մարդկանց հետ ինտեգրվելուն։ Գլխավոր դերում հանդես է եկել Լիլի Քոլինսը։ Նրա հերոսուհին՝ Էմիլի Կուպերը, ապրում է Չիկագոյում, զբաղվում է մարկետինգով։
Ընկերությունը, որտեղ նա աշխատում է, գնում է Savoir ֆրանսիական ընկերությունն ու Էմիլիին մեկ տարով գործուղում է Փարիզ։ Այնտեղ նա պետք է համոզի բռնակալ ղեկավարին, որ անհրաժեշտ է թանկարժեք ֆրանսիական լյուքս դասի բրենդները գովազդել սոցկայքերում։ Այստեղ շատ բան, ըստ կինոգետների, հիշեցնում է «Սատանան «Պրադա» է հագնում» սիրված ֆիլմը։ Սկզբում նրան չեն ընդունում, հետո երախտագիտություն են հայտնում՝ կատարած աշխատանքի համար։ Սակայն աղջիկը չի կարողանում ընտելանալ իր հանդեպ տղամարդկային չափազանց մեծ ուշադրությանն ու «բացասական արձագանքներին»։ Սերիալում նաեւ ցույց է տրված, թե սոցկայքի սովորական օգտատերն ինչպես է կարողանում «զարգանալ» ու դառնալ սոցկայքային հայտնի բլոգեր, ինֆլյուենսեր, որի հետ արդեն շատ հայտնի բրենդներ են երազում աշխատել։ Նաեւ կարելի է տեսնել, թե Փարիզում հայտնված աղջիկն ինչպես է ընկնում նորաձեւության հորձանուտը եւ փորձում տարբեր կերպարներ, որոնցից շատերը ճաշակով առանձնապես աչքի չեն ընկնում։ Սերիալի ռեժիսորը Դարեն Սթարն է, որը խոստովանում է, որ սիրահարված է ֆրանսիական մշակույթին եւ որոշ ժամանակ ապրել է Փարիզում։