Քաղաքականություն

Թուրքիայի հետ սահմանը բացվելու է Ռուսաստանի համար. Հայաստանը կարծես չի շտապում

Թուրքիայի հետ սահմանը բացվելու է Ռուսաստանի համար. Հայաստանը կարծես չի շտապում

Անցած շաբաթ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ ծանոթանալու Թուրքիայի սահմանից դեպի Վաղարշապատ տանող ճանապարհի նորոգման աշխատանքներին: Իր խոսքում Փաշինյանը նշեց, որ հիմնանորոգվում է Թուրքիայի սահմանից դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհի 8,5 կիլոմետրանոց հատվածը: Սրանով Փաշինյանը հասկացրեց, թե որ երրորդ երկրի քաղաքացիների համար է բացվելու Թուրքիայի սահմանը, եւ ով է սահմանի բացման իրական շահառուն:

Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց համաձայնագիր՝ ամենասեղմ ժամկետում հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին: Հիմնական ենթադրությունն այն էր, որ սահմանը բացվելու է Ադրբեջանի համար, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանի միջոցով կարողանան կապվել իրար հետ: Սա մի քիչ պարզունակ պնդում է, քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջում են ոչ թե ավտոմոբիլային ճանապարհի բացում, այլ Սյունիքում իրենց միջանցքի տրամադրում, իսկ նման համաձայնության տակ Թուրքիայի ստորագրությունը կնշանակեր, որ Թուրքիան հրաժարվում է Սյունիքի միջանցքի բացման պահանջից՝ գոնե առայժմ բավարարվելով ավտոմոբիլային ճանապարհ բացելով: Թուրքիան համաձայնել է իր սահմանը բացել, բայց ոչ թե Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի համար, որի հետ այս պահին ունի առեւտրային եւ գործընկերային ջերմ համարաբերություններ, եւ որոնք օր-օրի ավելի են ընդլայնվում ու խորանում: 

Արեւմտյան պատժամիջոցներից ու եվրոպական շուկաների փակվելուց հետո Ռուսաստանին չափազանց անհրաժեշտ են ապրանքաշրջանառության այլընտրանքային երթուղիներ, եւ Ռուսաստանն այլընտրանքը տեսնում է Արեւելքում, իսկ Թուրքիան Արեւելքի հետ կապող ամենակարճ եւ հուսալի օղակն է: Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին եւ չի փակել իր ճանապարհները ռուսական բեռնափոխադրումների համար: Ավելին՝ այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան է ավելացել, որ Վրաստանի տարածքում թուրքական եւ ռուսական բեռնատարների հսկայական հերթեր են գոյանում: Ռուսաստանը փնտրում է այլընտրանքային ճանապարհներ եւ փորձում է օգտագործել Հայաստանը՝ Արեւելքի շուկաներ դուրս գալու համար: Լոռու մարզի՝ Վրաստանի սահմանի վրա գործող Գոգավանի մաքսակետից մինչեւ Թուրքիայի սահմանի վրա գտնվող Մարգարա գյուղ, որտեղ գտնվում է Հայաստանը, Թուրքիային կապող միակ ավտոմոբիլային կամուրջն ընդամենը 183 կիլոմետր է, 3,5-4 ժամվա ճանապարհ: Անցնելով այդ ճանապարհը՝ ռուսական բեռնատարները հայտնվում են թուրքական Իգդիրում, որտեղից մինչեւ Իրաքի Մոսուլ մոտ 700 կիլոմետր է, ընդամենը 600 կիլոմետր Սիրիայի հետ սահմանն է: 

Ռուսաստանն այլընտրանք է փնտրում նաեւ Վերին Լարսին, քանի որ այն եւս չի հասցնում սպասարկել աճող բեռնափոխադրումների ողջ ծավալը: Վրացական մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական իշխանությունները հիմա ակտիվ բանակցություններ են վարում Վրաստանի կառավարության հետ՝ Աբխազիայով կամ Հարավային Օսիայով անցնող այլընտրանքային ճանապարհները գործարկելու համար: Աբխազիան եւ Հարավային Օսիան Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տարածքներ են: Այդ ճանապարհների գործարկման միակ խոչընդոտը Վրաստանի դիրքորոշումն է, որի իշխանությունները չեն ցանկանում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններին ռուսական մաքսակետեր տեսնել, ինչը կնշանակի դե ֆակտո ճանաչել այդ տարածքների բռնակցումը Ռուսաստանի կողմից: Մանավանդ՝ ներկա պայմաններում, երբ Վրաստանի ընդդիմությունն իշխանություններից պահանջում է միանալ արեւմտյան պատժամիջոցներին եւ արգելել ռուսական ապրանքների տարանցումը Վրաստանի տարածքով: 
Ռուսաստանը շտապեցնում է Հայաստանին՝ հնարավորինս կարճ ժամկետներում ավարտել ճանապարհի շինարարությունը, ինչը հնարավորություն կտա բացել սահմանը:

Դատելով շինարարության ներկայիս տեմպերից՝ Հայաստանը կարծես այնքան էլ չի շտապում, եւ եթե շինարարության ներկայիս տեմպերը պահպանվեն, այդ 8,5 կիլոմետրը հիմնանորոգելու համար մի քանի տարի կպահանջվի: Սա այնքան էլ չափազանցություն չէ, քանի որ ճանապարհի վրա կան 4 տարբեր բարդության կամուրջներ, որոնք բոլորն էլ գտնվում են վթարային վիճակում: Ինչպես բոլոր հարցերում, Հայաստանն աշխատում է ժամանակ ձգելու վրա, այն հույսով, որ ժամանակը կարող է աշխատել իր օգտին: Իհարկե, ոչ միշտ է այդպես լինում, բայց պատասխանատվությունից խուսափելու, որոշումներ կայացնելու անընդունակությունը կոծկելու ամենալավ ձեւը հենց ինչ-որ բան անելու իմիտացիա ստեղծելն է:

Ի դեպ, ճանապարհի հիմնանորոգումը սկսվել էր մինչեւ հուլիսի 1-ին հայկական եւ թուրքական պատվիրակությունների միջեւ համաձայնության ստորագրումը, ինչը նշանակում է, որ սահմանի բացման պայմանավորվածությունն արդեն իսկ կայացված է եղել, հնարավոր է՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Փաստաթղթի ստորագրումն ընդամենը հարցի ֆորմալ կողմն ապահովելու նպատակ է հետապնդել:

Ավետիս Բաբաջանյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image