Այսօր հրապարակում ունեինք, որ օրեր առաջ ահազանգ ենք ստացել այն մասին, որ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Սարչապետ գյուղի հայ-վրացական սահմանի՝ Լոք կոչվող բարձունքի հատվածում, «Կանգնի՛ր, պետական սահման։ Մուտքն ու ելքն արգելվում է» զգուշացմամբ սահմանային ցուցանակ է հայտնվել։ Աղբյուրը տեղեկացրել էր, որ Լոք անունով սարի մի մասն ու բերդը, որը հայ-վրացական սահմանին է, վրացական կողմում են մնացել, իսկ մատուռը՝ հենց սահմանին։ Զրուցել էինք նաեւ գյուղապետի հետ եւ բառացի ներառել նրա ասածները նյութում:
Փաշինյանի ընտանեկան թերթը` «Հայկական ժամանակի» կայքը, իբրեւ թե հերքել է մեր տեղեկությունը՝ դրանով իսկ հաստատելով հայ-վրացական սահմանին գաղտնի գործընթացի իրականացման փաստը։ Զրուցելով նույն Սարչապետի վարչական ղեկավար Բորիս Բարոյանի հետ, ում հետ մենք էլ էինք զրուցել, ՀԺ-ն, իբրեւ թե հերքում է կորզել վարչական ղեկավարից, որը սակայն ակամա բացահայտել է հերթական հողատվության փաստը, որը, ճիշտ է, ըստ համայնքի ղեկավարի այսօր չի կատարվել, բայց կատարվել է երկու տարի առաջ` Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում։
«Տվյալ հատվածում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել, իսկ եղած նշանները տեղադրվել են ավելի քան երկու տարի առաջ։ Նշաններից մեկը տեղադրված է մինչև սահմանը մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ մինչև սահմանը մոտ 100 մետր հեռավորության վրա և զգուշացնում է, որ առջևում պետական սահմանն է»,- ՀԺ-ին ասել է Բորիս Բարոյանը։
Ուշադրություն դարձրեք. «․․․եղած նշանները տեղադրվել են ավելի քան երկու տարի առաջ» ձեւակերպման վրա։ Սարչապետի վարչական ղեկավարը, ըստ էության, բացահայտում է անում, որ հանրությունից գաղտնի, դեռ երկու տարի առաջ հայ-վրացական սահմանի այդ հատվածում նոր սահմանային նշաններ են հայտնվել։ Մինչդեռ մեզ հայտնի չէ, որ այդ ժամանակ հայ-վրացական սահմանի սահմանազատում իրականացված լինի: Բնականաբար, իշխանական քարոզչամեքենայի լրագրողը Բարոյանին չի հարցրել՝ այդ ի՞նչ գործընթաց է իրականացվել երկու տարի առաջ, որի արդյունքում նման սահմանային նշան է հայտնվել եւ որից մենք տեղյալ չենք։
«Հրապարակ»-ի հետ զրույցում նույն Բարոյանը երկու տարի առաջ ինչ որ նշաններ տեղադրելու մասին լռել էր, եւ չէր հաստատել մեր տեղեկությունը, թե նոր նշաններ են հայտնվել Լոքի հատվածում: Ասել էր, թե 3 օր առաջ է Լոք բարձրացել ու որեւէ փոփոխություն չի նկատել։ «Ոչ մի աշխատանք չի կատարվել, ես 3 օր առաջ եմ Լոք բարձրացել, իջել։ Չի կարող նման բան լինել։ Գուգլով որ նայում ես սահմանը, ցույց է տալիս, որ Լոքն ընկնում է Վրաստանի սահմանի մեջ, էդ ա, ուրիշ բան չկա։ Մատուռը մեր կողմում է, խնդիր չկա»,-ասել էր Բորիս Բարոյանը։ Միեւնույն ժամանակ Սարչապետի վարչական ղեկավարը մեզ փոխանցել էր, որ 2005 թվականին պայմանավորվածություն է եղել հայ-վրացական սահմանն անցկացնել սարի գագաթով։ «Մեր կողմից մեր սահմանապահներն են կանգնած, իրենց կողմից իրենց սահմանապահներն են կանգնած։ Եթե գագաթներով կիսես, Լոքի բերդի կեսն ընկնում ա էս կողմ, կեսը՝ էն կողմ։ Մի տասը տարի առաջ Մեծավանի հատվածում սահմանազատում եղավ, փշալարեր անցկացվեցին, պետք է շարունակվեր, այդպես մնաց»։
Ստացվում է, որ երկու տարի առաջ Լոքի հատվածում իշխանությունը գաղտնի սահմանազատում է իրականացրել ու սահմանային նշաններ է տեղադրել։ Եվ չի բացառվում, որ Google որոնողական համակարգում Լոքը Վրաստանի սահմանում է հայտնվել հենց այդ սահմանային նշանները տեղադրելուց հետո, որովհետեւ, ինչպես մեզ հետ զրույցում ասել էր Բորիս Բարոյանը, 2005 թվականին Սաակաշվիլու իշխանության գալուց հետո, պայմանավորվածություն է եղել սահմանը սարի գագաթով գծելու վերաբերյալ ու այն ժամանակ, ինչպես վարչական ղեկավարն էր մեզ ասել, «Լոքի բերդի կեսն ընկնում ա էս կողմ, կեսը՝ էն կողմ»։
Գրել էինք, որ դեռ 2022-ին նման ահազանգ «Հրապարակ»-ն ստացել էր Ջիլիզա գյուղից։ Այն ժամանակ Ջիլիզայի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանը հայտնել էր, թե որեւէ բանից տեղյակ չէ, սահմանները չափագրող խումբ չի տեսել, բայց գյուղից այլ տեղեկություններ էին փոխանցում լրագրողներին, ինչպես Սարչապետի Լոքի սարի դեպքում։ Փաստորեն, 2022 թվականին, իսկապես հայ-վրացական սահմանին հանրությունից գաղտնի զարգացումներ են տեղի ունեցել, ինչի մասին նոր ենք իմանում՝ պոստ ֆակտում։