Քաղաքականություն

Խելահեղ վիճակ

Խելահեղ վիճակ

Պետք չէ զարմանալ Նիկոլ Փաշինյանի արած տարբեր վիճելի, արտառոց հայտարարություններից, դրանցից հեռուն գնացող հետեւություններ անել կամ ինչ-որ դավադրություններ փնտրել: Նպատակն ավելի քան պարզ է` խաղաղ առօրեական կյանքի իմիտացիա ստեղծել, ցույց տալ, որ կառավարությունն աշխատում է, եւ զբաղեցնել մարդկանց: Այսպես ասած, նյութ տալ քննարկումների եւ մեմերի համար, որոնցով լիքն է այս օրերին համացանցը: Որ մարդիկ անգամ չնկատեն, թե ինչ գահավիժման մեջ են: Ինչպես միջանցքի թեման մերժող իշխանությունը դանդաղ, սահուն քայլերով հասավ այս կետին, երբ հայտարարում է, որ երկաթուղին աշխատելու է, կապելու է Ադրբեջանը Նախիջեւանի հետ, իսկ բեռները Հայաստանի տարածքում չեն ստուգվելու: Այս նույն սխեմայով են աշխատել բոլոր 7 տարիներին: Հերքել է, որ հող է հանձնելու, երդվել է, որ իրենք չեն եկել հող հանձնելու, հետո հանձնել է: Ասել է` ես չեմ բանակցում արցախցիների անունից, լիազորված չեմ, արցախցիներն ինձ չեն ընտրել, ապա արցախցիների երկիրն է հանձնել` նրանց կարծիքն անգամ չհարցնելով եւ նրանց փոխարեն որոշումներ կայացնելով: Նոյեմբերի 9-ին փաստաթուղթ է ստորագրել` ամրագրել Լաչինն ու Արցախի մի մասը, հետո հրաժարվել է պաշտպանել Արցախն ու տեր կանգնել իր իսկ ստորագրությանը:

Եվ վերջապես` տարիներ շարունակ հայտարարել է, որ միջանցք չեն հանձնելու, դա իրենց կարմիր գիծն է, հիմա միջանցք են տալիս` այն քողարկելով Հայաստանի հորինված տնտեսական շահով, կոմունիկացիաների ապաշրջափակմամբ եւ խաբելով սյունեցիներին, համոզելով, որ դա նրանց շահերից է բխում: Մի խելահեղ վիճակ, երբ, մի կողմից, զիջումների վերջը չի երեւում, մյուս կողմից՝ մեր ամենավտանգված մարզում մարդը խոսում է ջրի կորուստներից եւ երկիրը կառավարելու պատրանք է փորձում ստեղծել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image