Հասարակություն

Բան չեմ հասկանում, էս ի՞նչ արեցին երկիրս...

Բան չեմ հասկանում, էս ի՞նչ արեցին երկիրս...

Ավտովարորդներից, հատկապես տաքսու վարորդներից, կարելի է շատ բան իմանալ հանրային տրամադրությունների, ազգաբնակչության վարքուբարքի, դավանած արժեքների, առկա մեծ ու փոքր պրոբլեմների եւ ընդհանրապես տվյալ պետության, երկրի մասին։

Հանգամանքների բերումով տաքսիներից եմ օգտվում եւ վարորդների հետ ավելի շատ եմ շփվում, քան հանրության որեւէ այլ խավի հետ։ Հաճախ իրենք են զրույց բացում, պատահում է` ես եմ խոսեցնում։ Լինում են դեպքեր` չեմ ցանկանում ցույց տալ, որ արցախցի եմ, իսկ իմ գրականից չեն կռահում, որ տեղացի չեմ։ Երբեմն էլ չեմ թաքցնում արցախցի լինելս, որպեսզի իմանամ, թե զրուցակիցս ինչ է մտածում մեր մասին, մեզ հետ կատարվածի մասին։
Իմանալով, որ արցախցի եմ, տաքսու վարորդ Գեւորգը զրույցը սկսեց` հայտարարելով, թե Արցախը նախկիններն են ծախել։ Թերեւս ամենատարածված կարծիքներից է սա, արդեն շատերից եմ նման բան լսել, որը վերեւից լցրել են մարդկանց գլուխները։ Պարզ օրինակով փորձեցի զրուցակցիս բացատրել. ասենք` ես ձեր քաղաքապետն եմ, դու էլ պայքարում ես քաղաքապետ դառնալու համար, քեզ հայտնի է դառնում, որ ես արդեն քո քաղաքը ծախել եմ, դա իմանալով, դու կցանկանայի՞ր ինձ գահընկեց անել ու քաղաքապետ դառնալ։ Ավտովարորդն անմիջապես պատասխանեց` չէ, ոչ մի դեպքում։ Հարցրի` այդ դեպքում ինչո՞ւ է ներկայիս ղեկավարդ նախկինից աթոռը զավթել, երբ գիտեր, որ նախկիններն արդեն արել են իրենց սեւ գործը` Արցախը ծախել են, համաձայնել են Սյունիքը, Գեղարքունիքը, Ջերմուկը, Հայաստանի տարածքները հերթով տալ, ազերիներին բերել Հայաստան։ Ու որպեսզի զրուցակցիս մեջ կասկածելի հարց չմնա, ասացի` նախկիններին ու ներկաներին պետք է պատասխանատվության ենթարկել, դատել ու պատժել, բայց ներկաներին երիցս ավելին է հասնում ու՝ ամենադաժան դատավճիռը։ Զրուցակիցս շվարած ասաց` «դե, եսիմ», ու տեւական լռությունից հետո, ոչ այն է՝ որպես պատասխան, ոչ այն է՝ ինքն իր հետ խոսելով, մի քանի անգամ ասաց․ «Բան չեմ հասկանում, էս ի՞նչ արեցին երկիրս...»։

Հաջորդ տաքսիստ զրուցակիցս, ի տարբերություն մոտավորապես իմ տարեկից առաջին վարորդի, ջահել է` ինձ որդի է սազում։ Նա խոստովանեց, որ դեռ չի հասկանում, հստակ ինֆորմացիա չունի, թե ինչու այսպես եղավ, ով հանձնեց Արցախը, ով է գլխավոր մեղավորը, բայց շեշտեց, որ Նիկոլին չի սիրում` ատում է, բոլոր առումներով նա անտանելի, վատ մարդ է իր համար, ինքը նրան չհարգելու, ատելու իր պատճառներն ունի, բայց վստահ չէ, համոզված չէ, որ հենց նա է ծախել Արցախը։

Մյուս տաքսիստը` երիտասարդ Հակոբը, ասաց, որ ինքը գյումրեցի է, ուղեւորներ է բերել Վանաձոր ու մի կես ժամ հետո նրանց պիտի Երեւան տանի։ Իմ հարցին, թե գյումրեցիներն ինչպես են վերաբերվում ռուսներին, ռուսական ռազմաբազային, ասաց` տարբեր։ Հետո շարունակեց. «Շատերը կան, որ կցանկանային հենց վաղը ռազմաբազան հանել տալ, բայց նրանք չեն հասկանում, որ ռուսը գնա, թուրքն է գալու։ Էշ-էշ դուրս են տալիս, թե ամերիկացին, եվրոպացին, ֆրանսիացին գալու են մեզ պաշտպանեն... Տեսնում ենք, թե խախոլներին ոնց են պաշտպանում` զենք են տալիս, թե դուք ու ռուսներն իրար փրթեք...»։ Հայաստանի ներկայիս իշխանությունների մասին էլ հարցրի, ասաց. «Հոպար, էդ հարցին կարճ պատասխանեմ` կուզին գերեզմանը կուղղի»...

«Յանդեքս»-ով, ինչպես ինքն ասաց` «տաքսավատ» անող հաջորդ զրուցակիցս վաթսունն անց գեր տղամարդ է` արտաքուստ մոտավորապես Չերչիլի նման։ Փորձեցի զրույց բացել։ Կարծես չէր ուզում` զրուցելու ցանկություն չուներ, բայց երբ իմացավ, որ արցախցի եմ, ասաց. «Շատ վատ վարվեցին ղարաբաղցիների հետ։ Հազարավոր ջահելների տարան կոտորեցին, գերեզման դրեցին, թե` էդ մենք չենք արել, մենք նե պրիչոմ, էդ նախկիններն են ձեր զավակներին սպանել, Ղարաբաղը նախկիններն արդեն հանձնել էին, բայց բանալիները չէին տվել...»։

Լսում եմ ողջ օրը ղեկի առջեւ նստած այս մարդկանց ու ամեն անգամ մտածում` այս մարդիկ քաղաքականություն գիտեն, թե ոչ, իրենց դատողություններում ճիշտ են, թե սխալ, հավատում են իրենց երկրի իշխանություններին, թե ատում կամ անիծում, բայց այս մարդիկ իրենց գործն են անում` ուղեւորներին տանում, տեղ են հասցնում։ Իսկ ահա, երկրի ղեկի մոտ հայտնվել են մարդիկ, որոնք շարունակ վթարների ու աղետների են տանում հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց, բայց դրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում, նրանց դատող ու պատժող չկա, նրանք ո՛չ մեղքի զգացում ունեն, ո՛չ զղջման։

Վարդգես Օվյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image