Մի բան ասեմ՝ զարմանաք: Նախորդ օրը պարզվեց, որ Իրանը շատ ավելի ժողովրդավարական է, քան «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը: Ասեմ, թե ինչու. Իրանում հրապարակվել է 2025-ի վերջից մինչև այս տարվա հունվարի կեսերը երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը: «Կառավարությունը, հավատարիմ մնալով լիակատար թափանցիկության խոստմանը, հրապարակում է ցույցերի ընթացքում զոհված 3117 անձի ամբողջական ցուցակը, որոնց թվում է ոստիկանության 200 սպա»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին: Իսկ կառավարման գործունեության թափանցիկությունն, ինչպես հայտնի է, ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է: Ի տարբերություն Իրանի, Հայաստանի գործող իշխանությունն այնպես էլ չհրապարակեց 44-օրյա պատերազմի զոհերի ցուցակը: Հիմա ո՞ր պետությունն է ավելի ժողովրդավարական՝ արևմտյան պատժամիջոցների տակ տասնամյակներ շարունակ գտնվող և այաթոլլաների կողմից կառավարվող Իրանը, թե, այսպես կոչված, «իրական» Հայաստանը:
Իսկապես, ո՞ր մեկն է ավելի ժողովրդավարական. այն երկիրը, որ շարունակ նախագահ է փոխում ընտրությունների միջոցով, թե այդ մեխանիզմով երբեք իշխանություն չփոխած Հայաստանը: Իսկ ընտրությունների եղանակով իշխանություն փոխելը ժողովրդավարության հիմնական սկզբունքն է: Իհարկե, կարող է ասվել, որ իրականում երկիրը կառավարվում է այաթոլլաների խորհրդի և դրա կազմից ընտրված նախագահի՝ ռահբարի կողմից: Բայց խնդիրն այն է, որ շարքային քաղաքացին իր ամենաօրյա կենսագործունեության առումով գործ ունի ոչ թե խորհրդի և հատկապես ռահբարի, այլ երկրի գործադիր ղեկավարության հետ: Ուրիշ հարց, որ արդեն շուրջ կես դար շարունակվող պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսությունն և հատկապես ազգային արժույթ ռիալը նորմալ վիճակի մեջ չեն գտնվում: Ու այդ պայմաններում պետությունը ստիպված է հսկայական գումար հատկացնել ռազմական ոլորտին՝ հաշվի առնելով անվտանգային ամենամեծ սպառնալիքը՝ Իսրայելի գոյությունը:
Բայց դա էլ հենց իրանցիների ընտրության արդյունքն է: Ընտրություն, որ տեղի ունեցավ 1979-ին՝ նպատելով իսլամական բնույթի հանրապետության հաստատմանը: Ճիշտ այնպես, ինչպես դրանից 39 տարի անց կատարված մեր ընտրությունը: Որի արդյունքում երկրում հաստատվեց ոչ թե իրական ժողովրդավարություն և արդարություն՝ ինչպես երազում էինք, այլ այնպիսի բռնապետություն, որ ամենածանր երազում անգամ չէինք կարող տեսնել: Դա՝ մեկ, և երկրորդ. եթե Իրանում հաստավել է կրոնական ղեկավարություն, ապա մեզանում 1700-ամյա հավատքն է քացի տակ տրվում: Քացի տակ չէր, ինչ էր անցյալ դեկտեմբերին քացով ու բռունցքներով Մայր Տաճարի դռանը հարվածելը: Հիմա հարցը՝ ո՞րն է ավելի ընդունելի՝ մահմեդական երկրում կրոնավորների կողմից պետության գլխավոր ղեկավար կառույց ունենալը, թե 1700-ամյա քրիստոնեությամբ երկրում հավատքի վերաբերյալ նման աննորմալ վարքագիծը:
Անցնենք առաջ: Ի տարբերություն նիկոլական Հայաստանի, այաթոլլաների Իրանը պարտություն չէր կրել իրեն համազոր երկրի՝ Իրաքի դեմ ութնամյա պատերազմում: Ուրիշ հարց, որ անցյալ տարի Իրանը խեղճացավ ամերիկա-իսրայելական ուժի առջև: Բայց եթե նման տանդեմ դուրս գար ընդդեմ մեկ այլ երկրի՝ դժվար թե այդ հիպոթետիկ երկիրը չընկներ նույն վիճակի մեջ: Այնինչ, «չշշկռվելիք գերագույնի» հրամանատարությամբ մեր երկիրը ծանր ու խայտառակ պարտություն կրեց այն երկրից, որին դրանից շուրջ 30 տարի առաջ խայտառակ պարտության էր մատնել: Հիմա մեկ այլ հարց ադեկվատ հայաստանցիներին. ո՞ր երկրում դուք կնախընտրեիք ապրել: Այն երկրում, որի իշխանությունն, իր ասելով, հպարտանում է պարտությամբ, թե, այնուամենայնիվ, երկրում, որի իշխանության գլուխ կանգնած անձը նման անհեթեթություններ դուրս չի տալիս: Դե հիմա մտածե՛ք, թե ո՞րն է ավելի ընդունելի՝ իրանական, թե հայաստանյան իշխանությունը: