Քաղաքականություն

Թեթև են, անհոգ, լեզվանի․․․բայց խուճապի մեջ

Թեթև են, անհոգ, լեզվանի․․․բայց խուճապի մեջ

Ընտրական օրենսգիրքը ենթարկվում է չարչարանքների` ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ։ Ընտրական խաղի կանոնները որևէ կերպ փոխել ընտրություններից առաջ ցանկալի չէ․ Վենետիկի հանձնաժողովի ուղեցույց-կանոնագրքով ընտրական օրենսգրքում փոփոխությունները ցանկալի չեն ոչ պակաս, քան մեկ տարվա ընթացքում` մինչև ընտրությունները։ Բայց երևի իշխող քաղաքական ուժը, որը ընտրություններից բացի ոչ մի այլ հոգս չունի, արդեն շատ տևական ժամանակ, կոնկրետ այս փոփոխությունը գնահատում է անհրաժեշտ։ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշում է, որ գլոբալ փոփոխություն չեն առաջարկում օրենսգրքում, այլ հստակեցնում են գործող խաղի կանոնը՝ ոչ ֆունդամենտալ խնդիրների շուրջ, ուստի դա, երևի, նրա կարծիքով, չի ընկնում միամիտ վենետիկցիների «ոչ ցանկալի» բնորոշման տակ։

Այսօր նրա առաջարկած փոփոխությունը վերաբերում էր ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությունների գործունեությանը, դրանց չափորոշիչներին, գրանցման կարգին և այլն։ Ընտրական օրենսգքի այդ փոփոխությանը դեմ արտահայտվեցին, և քննարկումից հրաժարվելով՝ դահլիճից դուրս եկան «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Դրանով իսկ քննարկումը դարձավ անհետաքրքիր, քանի որ ելույթներ այս թեմայով ակտիվ ՔՊ-ականները հաստատ մտածել էին, և մի քանի բան անգամ հասցրեցին արտահայտել։  
Այսպես, ընտրությունների վերաբերյալ ցանկացած խոսակցություն պետք է ակտիվացներ տարիներ շարունակ օրենսդրական գործում չփայլած, բայց նախկինների մասին ելույթներով փայլատակած ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։ Նա հատկապես մասնագիտացած է քաղաքական հումորի և սատիրայի բնագավառում՝ ուղղված ընդդիմադիր պատգամավորներին՝ հնարավոր ամենապոռոտախոս-թոթովախոսությամբ, ընդ որում, դրանցից հումորը չի ստացվում, իսկ մնացածն ուղղակի աստվածատուր է։

Կարող էինք պատմել առաջարկվող փոփոխության մասին, բայց դա, կարծեմ, կարևոր չէ։ Ինչ էլ փոխեն, գիտենք, որ դրա տակ էլի մի փոքրիկ շտկում է՝ իրենց իշխանությունը պահելուն ուղղված։ Դա պարզ է, բայց էական չէ, քանի որ, երբ ժողովուրդը հասկանում է, որ գործող իշխանությունն անհանդուրժելի է, այլևս կարևոր չէ, քանի օրենք են գրել, ինչպես են Սահմանադրությունը հարմարեցրել իրենց կարիքներին ու ճաշակին, ինչպես են իրենց իշխանությունը բոլոր կողմերից ամրացրել։ Արդեն տեսել ենք, որ այդ ամենն ինչ-որ կետից ամենևին կարևոր չէ։ 

Խնդիրն այստեղ այն է, որ իշխանական որոշ «հռետորներ»՝ իրենց ելույթներով, ավելի շատ են նվազեցնում ՔՊ-ի վարկանիշը, քան այդ ուժի հասցրած բոլոր վնասները միասին, և դա անում են հետևողականորեն։ Նրանք զբաղված են բացառապես ընդդիմությանը բուլինգի ենթարկելով, դա անում են այնքան վատ, որ կարողանում են  ձանձրացնել անգամ՝ այս տարիներին պատահած ամեն ինչից հետո, ՔՊ-ին դեռևս համակրող մարդկանց։ Ընդ որում, անում են դա գրեթե առանց դադարի՝ զարմանալի և հիանալի աշխատասիրությամբ։ Ինչևէ․․․

Դիմելով «Հայաստան» ընդդիմադիր դաշինքին՝ Վահագն Ալեքսանյանը փայլատակեց մի ծաղրական ենթադրությամբ․ «Ձեզ երևի ասվել է, որ դուրս գաք քաղաքական պրոցեսներից, որովհետև գցում եք ընդդիմադիր ուժերի ռեյտինգը, և գնում եք՝ քաղաքական դաշտը թողնելով ռուսական օլիգարխին»։

Ահա, ընդդիմադիր ուժերի հնարավոր «հրահանգավորումը», հնարավոր միավորումը ներկայացնում է որպես ծաղրի առարկա մի փաստ, քանի որ վախ կա, որ կլինի հենց այդպես՝ կմիավորվեն հանկարծ, ընդդիմությունը հանդես կգա մեկ ճակատով, ու այդ ժամանակ պարզ է, թե ինչպիսին կլինի արդյունքն իրենց համար։ Սա ծաղրանք չէ, իրականում սա այն սուր անհանգստությունն է, որը հանգիստ չի տալիս իշխող ուժի հիմնական գլուխներին, ինչպես կասեր` մի նորահայտ դասական։

Անմիջապես հաջորդ ելույթով, զարմանալիորեն նույնությամբ թոթովախոսեց ՔՊ-ի ռեյտինգի հետևից ընկած մյուս իշխանական պատգամավորը՝ Արման Եղոյանը․ «Դուք դիտորդական կազմակերպություն ունե՞ք, որ այստեղ եկել խոսում եք դիտորդների մասին»,- ամենայն անկեղծությամբ դիմեց ընդդիմությանը Եղոյանը՝ չբացատրելով, թե այդ դեպքում իրենք ինչո՞ւ են խոսում դիտորդական առաքելությունների մասին և փոխում դիտորդների գործունեության խաղի կանոնները։ Այո, որովհետև ուզում են ապահովել միայն իրենց ունեցած կամ ստեղծվելիք դիտորդական առաքելությունների գործունեությունը՝ մնացած բոլորին դուրս թողնելով ընտրական գործընթացից։ Նորից թափանցիկ բացթողում՝ հնարամիտ կամ սրամիտ ելույթի փոխարեն։

Այս ամենն ուղեկցվում է նիստը նախագահող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշակիորեն տափակ հումորներով, ծիծաղի ու քմծիծաղի անտեղի պատառիկներով, որով ցույց է տալիս անբռնազբոս և անսահմանափակ իշխանություն՝ իբրև ուժեղ ենք և հանգիստ։ «Ռեժիմը խուճապի մեջ է»,— հեգնում է՝ իբրև անհեթեթ մի զավեշտ, զվարճալի և անհոգ տրամադրությամբ, կայուն ինքնավստահություն, ինչպես կասեր հին դասականը՝ «․․․թեթև եմ, անհոգ, լեզվանի»։
Խանդավառ ոգևորությամբ ելույթ ունեցավ ռեժիմի վարկանիշը հետևողական փչացնող մյուս պարտադիր դերակատարը, որը չի թոթովախոսում, այլ հպարտ արտաբերում է բոլոր բառերի, բոլոր տառերի, բոլոր հնչյունները՝ ճիշտ և շատ հատու։ Սա ևս ձեռքբերում է, անկասկած։ Նա է՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը, թերևս, բացառապես հենց բառերը այդպես հստակ արտասանելու շնորհիվ է դարձել ղեկավար, այլապես այլ առավելություններ նա չի դրսևորել ՝ Ալեքսանյանի կամ Եղոյանի համեմատ։ Կոնջորյանը բարձրագոչ կոչ արեց դահլիճը լքող հայաստանցի պատգամավորներին՝ մասնակցել բովանդակային քննարկումների, դահլիճից հեռանալու փոխարեն։ Բովանդակային քննարկում․․․ Դրան արձագանքեց «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը․ «Ձեր ասածները և Հայաստանի թշնամիների ասածները իդենտիկ նույնն են ու, որպես կանոն, բովանդակությամբ համընկնում են, իսկ խիզախությունից լավ կլինի չխոսեք երբեք», մինչև դահլիճը նույնպես լքելն ասաց նա՝ արհամարհելով Կոնջորյանի այս ելույթի համար մտածած բոցերն ու հումորները։

Իսկ Կոնջորյանն ուներ ասելիք՝ նույնպես իրենց վախերը բացահայտող և հնարավոր գործընթացներին խանգարել փորձող հայտարարություն՝ ուղղված «Պատիվ ունեմ»-ին` կեղծ քծնանք, թե ձեր կշիռը քաղաքական դաշտում ավելի մեծ է, քան «Հայաստան» խմբակցությանը։ Այսպես, «պատահաբար» նետում է նա՝ սոցիոլոգիական հարցումներին այնքան էլ չհամապատասխանող մի խայծ, քանի որ իրենց մտքում միայն մի բան կա՝ հանկարծ ընդդիմությունը չմիավորվի, թող անընդհատ վիճեն այդ կշռի շուրջ, թող պառակտված ու ոչ միաբան մնան գոնե առնվազն մի քանի ամիս։

Եվ, ահա ակնհայտ հետևությունը. ԱԺ արենայում ինչ խոսվում է՝ հակառակն է․ ծիծաղում են՝ ուրեմն տխուր են, անհոգ են երևում՝ մտահոգ են, ինքնավստահ են երևում՝ ուրեմն վհատված են, խիզախ հոխորտում են՝ վախեցած են, իսկ եթե կա այս ամենը միանգամից՝ ուրեմն ոչ թե կատակով ու հեգնանքով, այլ ամենայն լրջությամբ՝ ռեժիմը խուճապի մեջ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image