Քաղաքականություն

Ճիշտ եւ սխալ հետեւություններ

Ճիշտ եւ սխալ հետեւություններ

Ցանկացած իրավիճակում կարելի է ճիշտ կամ սխալ հետեւություններ անել, շահած կամ տուժած դուրս գալ: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը փորձում է Հովիկ Աղազարյանի դիմադրության արդյունքում իր հեղինակությանը հասցված ծանր հարվածն իր օգտին ծառայեցնել: Ճիշտ է` բազում օրենքներ է տրորում, քրեական հանցանք կատարում` խախտելով մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, բարոյական ու տղամարդկային նորմերը, բայց փորձում է «բռնել» թիմակիցների «վախը»` ցուցադրելով, թե ինչ է նշանակում իր «խնդրանքը», իմա` հրահանգը, չկատարելը: Արժեր, որ թիմակիցներն Աղազարյանի պատմությունից ճիշտ դասեր քաղեին, բայց վստահ եմ` չեն քաղելու: Վախի աչքերը մեծ են: Նրանք այս ամենից մի հետեւություն են անելու․ տեսեք՝ ինչ արեց Հովիկի հետ, ենթարկվենք, ծառայենք, չհակադրվենք, որ հանկարծ «Հովիկի օրը չընկնենք»:

Եթե իր սիրելի Արգիշտի Քյարամյանին, Կարեն Անդրեասյանին, Սասուն Խաչատրյանին չխնայեց, «մենք ո՞վ ենք, որ մեզ խնայի»: Իսկ ճիշտ հետեւությունն այլ տեսք կունենար: Այս ազատումների, բացահայտումների, մարդու անձնական նամակները կարդալու, քրեական հետապնդումների ու ահաբեկչության պատմությունից մի դաս պետք է քաղեր «ուսապարկերի» բազմությունը` որ այս մարդը չունի ոչ մի կարմիր գծեր, չունի կապվածության, հավատարմության զգացում, ինչո՞ւ պետք է ես հավատարիմ լինեմ իրեն: Նրան հավատարմորեն ծառայածները, որոնք նաեւ օրենք են խախտել` իր յուրաքանչյուր հրահանգը կատարելու համար, հաջորդն էլ կարող է ձեռքի մի հարվածով, տրամադրության փոփոխության արդյունքում, ամեն պահի զրկվել ամեն ինչից` հայտնվել փողոցում, ճաղերի ետեւում, արժե՞ նրա անօրինական հրահանգները կատարել` ինքդ քեզ զրկելով ապագա ունենալու հեռանկարից: Արժե՞ ընդունել նրա առաջարկը եւ ստանձնել որեւէ պաշտոն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image