Քաղաքականություն

Փարիզն ու Բեռլինը վերջապես հասկացան, որ չկա եվրաինտեգրացիա, կա թուրքաինտեգրացիա

Փարիզն ու Բեռլինը վերջապես հասկացան, որ չկա եվրաինտեգրացիա, կա թուրքաինտեգրացիա

Երբ հունվարի 27-ին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւ գրառում կատարեց.  «Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի եւ Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը», 2 օր անց էլ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրեց. «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թ․ հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», պարզ դարձավ, որ ԵՄ հիմնական երկրներում հասկացել են, որ Փաշինյանի իշխանությունն իրենց 7 տարի հիմարացրել է, հավաստիացրել, որ Հայաստանն ուզում է դարձնել ԵՄ ասոցացվող, անդամության հավակնող երկիր, իսկ իրականում դառնում է թուրքական ծայրագավառ: Հնարավոր է, որ այնտեղ ավելի շուտ էին դա հասկացել, իսկ ցեղասպանությունից հրաժարումը դարձավ այն վերջին կաթիլը, որ լցրեց նրանց համբերության բաժակը, որից հետո նրանք որոշեցին այլեւս չլռել ու բարձրաձայնել իրենց անհամաձայնությունը: 

Ի վերջո, եվրոպական մայրաքաղաքներում չէին կարող տեղյակ չլինել, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղաշրջման հիմնական շահառուն Բրիտանիան է եւ Բրիտանիան Հայաստանն իր վերահսկողության տակ վերցնելուց հետո այն պետք է հավատարմագրային կառավարման հանձներ տարածաշրջանում իր ներկայացուցիչ Թուրքիային: Եվ հենց այդ անցումը կազմակերպելու համար էր, որ կազմակերպվեց 2020 թվականի պատերազմը, որ Հայաստանը պարտվի Թուրքիա-Ադրբեջան զույգին եւ հանձնվի նրանց լիակատար հսկողությանը: Համաշխարհային քաղաքականության պատմությունը ցույց է տալիս, որ պարտվող երկրները գրեթե միշտ կախվածության մեջ են ընկել հաղթողներից՝ ստիպված լինելով կատարել հաղթողների կամքը, շարժվելով հաղթողների թելադրանքով, մինչեւ որ կարողացել են արտաքին այլ ուժերի օգնությամբ կամ արտաքին բարենպաստ պայմաններն օգտագործելով` ազատվել այդ կախվածությունից: 44-օրյա պատերազմի արդյունքներով Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, բայց Թուրքիան հայտարարեց, որ Հայաստանի դեմ կռվում էր թուրքական բանակը, Թուրքիան իրեն վերագրեց հաղթանակը, այդպիսով իրեն վերապահելով Հայաստանից` որպես պարտվող կողմի, պահանջներ ներկայացնելու իրավունքը: Սկզբում դա արվում էր Ադրբեջանի անունից. Ադրբեջանի նախագահն էր պահանջում, որ Հայաստանը հրաժարվի Արարատ լեռը որպես ազգային խորհրդանիշ օգտագործելուց, Ադրբեջանն էր պահանջում փոխել Անկախության հռչակագիրը, որտեղ իբրեւ թե տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, իսկ իրականում կա ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար լինելու պարտավորության ստանձնում (հիշեցնենք, որ Անկախության հռչակագրի 11-րդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»):

Սյունիքն ավելի շատ պետք է Թուրքիային՝ իր «Մեծ Թուրան» կոչվող ծրագրի համար, որի հետ համեմատությամբ Ադրբեջան-Նախիջեւան կապի ապահովումը շատ չնչին ու աննշան է դառնում: Մի ինչ-որ պահից Թուրքիան որոշեց, որ այլեւս իմաստ չունի ձեւեր թափել, իրենց չի սազում թաքնվել Ադրբեջանի թիկունքում, եւ պետք է հանդես գալ որպես առաջնային պահանջատեր: 

Երբ Փաշինյանը հայտարարեց, որ Արեւմտյան Հայաստանն Արմավիրն ու Թալինն են, իսկ Շվեյցարիայում էլ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության փաստը, եվրոպական մայրաքաղաքներում հասկացան, որ պետք է ինչ-որ կերպ տարանջատվել Փաշինյանից, ցույց տալ, որ ուրացումը ոչ մի կապ չունի եվրաինտեգրացիայի հետ, որ Փաշինյանի կողմից հայտարարված եվրաինտեգրացիայի քաղաքականությունը քարոզչական հնարք է, եվրաինտեգրացիան եւ ուրացումը ժամանակային առումով համատեղելը նրա կողմից իրականացվող քարոզչական հնարք է՝ թուրքաինտեգրումը քողարկելու համար: Եվրոպացիներն ավելին չեն էլ կարող ասել, քանի որ ստիպված կլինեն խոստովանել, որ աջակցելով Փաշինյանի հակառուսական խաղերին` հիմարացվել են, հավատացել, որ նա ռուսներին ուզում է Հայաստանից հեռացնել, որ կարողանա հանգիստ ինտեգրվել Եվրամիությանը, բայց իրականում ռուսներն իրեն ու իր իշխանությանը խանգարում են երկիրը թուրքական ծայրագավառ դարձնելու համար: Իրենք աջակցել են Բրիտանական կայսրության ընդլայնմանը եւ դարձել այդ շահերի սպասարկուն:

Գերմանիան եւ Ֆրանսիան իրենց դեսպանների միջոցով հասկացրին, որ եթե անգամ Փաշինյանը հայտարարի, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, որ դա հորինել է Խորհրդային Միությունը, հետո դրան հավատացել են եվրոպական մայրաքաղաքներում, միեւնույն է, իրենք շարունակելու են պնդել, որ ցեղասպանություն ոչ միայն եղել է, այլեւ դրա ժխտումն իրենք համարում են քրեորեն հետապնդելի արարք: Գերմանիայի կամ Ֆրանսիայի իշխանությունների համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե բարոյական, այլ քաղաքական հարց է: Տասնյակ տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է եւ գուցե շարունակում է լինել Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապայման: Միշտ էլ պարզ է եղել, որ եվրոպական երկրները ցեղասպանության ճանաչման պահանջն օգտագործում են, որ արգելափակեն Թուրքիայի մուտքը ԵՄ, եւ եթե անգամ Հայաստանը հրաժարվի դրանից, իրենք չեն հրաժարվելու: Թուրքիայի իշխանությունները չեն կարողանալու ԵՄ երկրներին ասել, թե, տեսեք՝ Հայաստանի իշխանությունն ասում է, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, հետեւապես, անարդար եւ ոչ իրավաչափ է չեղած ցեղասպանությունը ճանաչելու պահանջ ներկայացնել մեզ: 

Իսկ Արեւմտյան Հայաստանից, Արարատից, ցեղասպանությունից հրաժարումը կարեւոր նախապայման է թուրքական ծայրագավառ դառնալու համար: Չի կարող ծայրագավառում ապրող էթնոսը, իսկ Փաշինյանի ուզածը հայ ազգից էթնիկ խումբ սարքելն է, թշնամաբար տրամադրված լինել տիրապետող պետականաստեղծ ազգի նկատմամբ, ինչը միշտ հղի է տարբեր տեսակի խնդիրներով: Այնպես որ, Փաշինյանը հիմա զբաղված է Հայաստանի` որպես պետության հիմքերը խարխլելով եւ այն կազմաքանդելով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image