ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
ԵԽԽՎ 26.01.2026թ. բանաձևի վերաբերյալ /Հայաստանի մասով/
Հիմնվելով Հայաստանում ընտրական գործընթացների սեփական մոնիտորինգի և փաստագրված տվյալների վրա՝ «ՕՐԻՆ»-ը ներկայացնում է հետևյալ դիրքորոշումը ԵԽԽՎ բանաձևի առնչությամբ.
1. 2018թ. - ից հետո ընտրությունների «անխախտելիության» վերաբերյալ պնդման հերքումը
Բանաձևի այն ձևակերպումը, թե ընտրությունները զերծ են եղել անօրինականություններից, չի համապատասխանում իրականությանը.
• Փաստ. 2018-ից հետո անցկացված ընտրությունները բողոքարկվել են թե՛ ներպետական ատյաններում, թե՛ միջազգային կառույցներում (այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ներկայացված կոնկրետ զեկույցներով և բողոքներով)։
• Իրավական խախտում. Հիմնական բողոքարկումները վերաբերել են վարչապետի հրաժարականից հետո նրա պաշտոնավարման հակասահմանադրական շարունակականությանը, ինչը հանգեցրել է վարչական ռեսուրսի անխնա օգտագործմանը և մրցակցային հավասարության խաթարմանը։
2. Ընտրական օրենսդրության և պրակտիկայի համակարգային խախտումներ
Մատնանշում ենք հետևյալ խախտումները, որոնք անտեսվել են միջազգային
դիտորդների կողմից.
• Ընտրական օրենսգրքի խախտում. Իշխող կուսակցության կողմից ընտրական շտաբի ժամանակավրեպ և օրենքից դուրս ձևավորումը։
• Օրենսդրական բախում. Ակնհայտ հակասություն «Հանրային ծառայության մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի միջև՝ պատգամավորության թեկնածուների զինծառայության պարտադիր պահանջի մասով։
• Ֆինանսական գործիքակազմ. Ընտրությունների շեմին պետական պաշտոնյաներին տրվող չհստակեցված կարգավիճակով (աշխատավարձ թե՞ պարգևավճար) և չափազանցված հատկացումները։
• Քաղաքական ճնշումներ և հետապնդումներ. Ընտրական գործընթացներից հետո անձանց կալանավորումը (ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ) և գործադիր իշխանության ղեկավարի «խնդրանքով» օրենսդիր ու դատախազական իշխանության ներկայացուցիչների հրաժարականները։
• Իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում. ԱԺ ղեկավարության հայտարարություններն առ այն, որ նրանք անվերապահորեն կատարում են վարչապետի հանձնարարականները և հաշվետու են նրան (ինչը հակասում է պառլամենտարիզմի հիմքերին)։
• Ոչ լեգիտիմ մարմիններ և ծրագրեր. Կառավարության կողմից ԱԺ հաստատած ծրագրից շեղումը, ԱԺ լուծարված դաշինքների երկու խմբակցություններ և «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի» գործունեությունը, որը չունի սահմանադրական հիմք։
• Շահերի բախում. Մենք մտահոգությամբ նշում ենք այս խախտումներին հայկական պատվիրակության անդամների ենթադրյալ ներգրավվածությունը, որոնք նաև պաշտոններ են զբաղեցնում ԵԽԽՎ-ում։
3. Սահմանադրական կարգի պահպանման խնդիրը ԵԽԽՎ բանաձևի այն դրույթը, ըստ որի՝ Վարչապետը կարող է որոշել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետը, ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասին։ Միջազգային կառույցի կողմից նման ձևակերպումը խրախուսում է սահմանադրական կամայականությունը Հայաստանում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ «ՕՐԻՆ»-ը գտնում է, որ.
1. ԵԽԽՎ-ն պետք է զերծ մնա իրականությունը քողարկող գնահատականներից և կենտրոնանա վերը թվարկված իրավական խախտումների վրա։
2. 2026թ. ընտրությունների նախաշեմին Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ձևական աջակցություն, այլ իրավական խիստ վերահսկողություն՝ ապահովելու համար ընտրական համակարգի օրինականությունը։
«ՕՐԻՆ» - 2026