Ըստ պաշտոնական վարկածի, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի եւ խմբակցության մյուս անդամների տեսակետների միջեւ կար հակասություն, որի արդյունքում Նազարյանը հեռացվեց խմբակցությունից: Նման հրահանգ հնչեցրել էր խմբակցության փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, երբ ասել էր. «Եթե ֆրակցիայի անդամներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա: Եթե համաձայն չէ, կարծիք է փոխել, ի վիճակի է լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»: Քոչարյանի այս հայտարարությունից մեկ օր անց Նազարյանը հեռացվեց խմբակցությունից:
Իսկ ո՞րն էր հակասությունը, իմ կարծիքով` թվացյալ հակասությունը: Գեղամ Նազարյանը հայտարարել էր, որ «Հայաստան» խմբակցության օրակարգում Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը չկա: Խմբակցության մի քանի այլ անդամներ իրենց հարցազրույցներում միանգամից հերքեցին Նազարյանին՝ ասելով, որ իրենց խմբակցության օրակարգի հիմնական հարցը եղել եւ մնում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկումը: Թվում է` հակասությունն ակնառու է, մեկն ասում է, որ նման օրակարգ չկա, մյուսներն ասում են, որ նման օրակարգ կա: Մինչդեռ առաջին հայացքից ակնառու թվացող հակասությունն իրականում թվացյալ է եւ ահա թե ինչու:
«Հայաստան» խմբակցությունը ձեւավորվել է գրեթե երեքուկես տարի առաջ`2021-ի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այդ երեքուկես տարվա ընթացքում «Հայաստան» խմբակցությունը, իր օրակարգում ունենալով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, ի՞նչ է արել այդ օրակարգի իրականացման համար: Ոչ մի բան էլ չի արել եւ չէր էլ կարող անել: Խոսքը նույնիսկ նրա մասին չէ, որ տեսանելի արդյունք չկա` Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը, հարցն այն է, որ այդ նպատակը խորհրդարանական փոքրամասնության ունեցած գործիքակազմով հնարավոր չէ լուծել:
Գեղամ Նազարյանն անկեղծորեն ասում է, որ երբ 2021 թ. ընտրություններից հետո իրենք վերցրել են մանդատները եւ գնացել են խորհրդարան, դրանով իրենք ճանաչել են Փաշինյանի իշխանությունը եւ դրանից հետո իրենք պետք է զբաղվեն խորհրդարանական առօրյա աշխատանքով, որի մեջ է մտնում նաեւ պաշտոնական գործուղումներին մասնակցելը՝ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հետ ճաշելը, նկարվելը: Ինքն էլ հետեւում է խաղի այդ կանոններին. գործուղումների է գնում, շփվում է այդ իշխանության ներկայացուցիչների հետ, լուսանկարվում է եւ չի էլ ուզում մյուսների նման թաքցնել իր գործունեությունը`վայելում է մանդատի տված հնարավորությունները, որն ինքը անվանում է խորհրդարանական աշխատանք: Բայց դա արդեն հարցի մարկետինգային կողմն է` ով ոնց կփաթեթավորի իր գործունեությունը:
Գեղամ Նազարյանն իր հարցազրույցում ասում է, որ խորհրդարանական ընդդիմության լծակները հնարավորություն չեն տալիս հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը` հո սամբոյի պրիյոմ չե՞ն անելու եւ Փաշինյանին հեռացնեն: Իսկ ի՞նչ սխալ բան է ասում: Իսկապես, Փաշինյանին անվստահություն հայտնելու համար խորհրդարանական ընդդիմության ձայները բավարար չեն. դա անվիճելի ճշմարտություն է: Այս տարվա մայիսին Սրբազան շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ կարող են խորհրդարանում նախաձեռնել Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց, հանդիպեց խորհրդարանական ընդդիմության հետ, եւ համոզվեցին, որ ընդդիմության ունեցած ձայները բավարար չեն նույնիսկ գործընթաց սկսելու, էլ ուր մնաց Փաշինյանին անվստահություն հայտնելու համար: Այն, որ «Հայաստան» խմբակցությունը մյուս ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ չունի բավարար ձայներ՝ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, պարզ էր դեռ 2021 թ. հունիսին, բայց երկու խմբակցություններն էլ վերցրին մանդատները եւ գնացին խորհրդարան: Նշանակում է, որ նրանք խորհրդարան գնացին ոչ թե Փաշինյանին պաշտոնանկ անելու, այլ ուղղակի խորհրդարանական ծանր աշխատանքով զբաղվելու համար:
Գեղամ Նազարյանին հեռացնելով «Հայաստան» խմբակցությունից՝ ընդդիմադիրները մոտեցա՞ն Փաշինյանին պաշտոնանկ անելու օրակարգին, թե՞ հեռացան: Իմ կարծիքով՝ հեռացան, քանի որ խմբակցության անդամների թիվը պակասեց մեկով, իսկ դա նշանակում է, որ եթե Փաշինյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք կազմակերպելու հարց առաջանա, մեկ հոգի պակաս կստորագրի այդ փաստաթղթի տակ: Գուցե սխալվում եմ, բայց մինչեւ խմբակցությունից հեռացվելը Նազարյանը կմիանար այդ ստորագրահավաքին: Այդ դեպքում ինչո՞ւ Նազարյանը հեռացվեց խմբակցությունից: Նրա հեռացումը նախընտրական քարոզչության հնարք էր. «Հայաստան» խմբակցությունը ցանկացավ ցույց տալ, որ ինքը Փաշինյանի իշխանության թունդ եւ արմատական ընդդիմախոսն է, իրենց միակ նպատակը Փաշինյանի պաշտոնազրկումն է, եւ եթե որեւէ մեկը շեղվում է այդ գծից, տեղ չունի իրենց շարքերում: Նման քարոզչության անհրաժեշտություն կար, քանի որ հասարակությունը կասկածում է, որ «Հայաստան» խմբակցությունը պայքարում է Փաշինյանի իշխանության դեմ, համենայնդեպս՝ արդյունքներ չկան:
Կարծում եմ՝ Գեղամ Նազարյանն անտեր չի մնա, եւ իր համերկրացի Նիկոլ Փաշինյանը նրան կվերցնի իր թեւի տակ: Եթե Գեղամ Նազարյանը Փաշինյանին ներել է 44-օրյա դավաճանական պատերազմի, Արցախի կորստի, 4 հազարից ավելի զոհերի, այդ թվում՝ եւ իր որդու սպանության համար, Փաշինյանն էլ նրան կների «Հայաստան» խմբակցության մեջ մտնելու եւ իր իշխանության դեմ պայքարի կամ պայքարի իմիտացիայի համար: Համոզված եմ, որ վաղուց է ներել: Հաջորդ ընտրություններում մենք Գեղամ Նազարյանին կարող ենք տեսնել «Քաղպայմանագրի» ցուցակում, եւ եթե, աստված մի արասցե, Փաշինյանին հաջողվի վերարտադրվել, Գեղամ Նազարյանը նորից հնարավորություն կունենա զբաղվելու պատգամավորի ծանր, բայց պատասխանատու աշխատանքով՝ գործուղման մեկնել Վիետնամ, Թաիլանդ կամ Բրազիլիա: Անձամբ ճանաչելով Գեղամ Նազարյանին, կարող եմ ասել, որ նա նման ծանր աշխատանքից փախչող չէ: