Քաղաքականություն

Նիկոլականի «գերտրամաբանական» արձագանքը

Նիկոլականի «գերտրամաբանական» արձագանքը

Ինչպես հայտնի է, ՔՊ-ական պատգամավոր Ալեքսանյան Վահագնը նշանակվել է գալիք խորհրդարանական ընտրության քարոզարշավում կուսակցության քարոզչապետը: Ինչը ենթադրել է տալիս, որ վերջինս վարչապետի պաշտոնը զբաղեցնողից հետո երկրորդ անձն է, ով լավագույնս է տիրապետում ընտրողներին խաբելու գեբելսյան մեթոդներին: Այլապես ոչ թե նա, այլ մեկ ուրիշը կնշանակվեր այդ խիստ պատասխանատու պաշտոնին: Հատկապես հաշվի առնելով, որ անհաջողության դեպքում կկորցներ կրկին ՔՊ-ական ցուցակում հայտնվելու հնարավորությունը: Իսկ անհաջողությունն իրենց դեպքում ԱԺ-ում մեծամասնություն չվերցնելն է: Ասվածը նշանակում է, որ այսուհետ օբյեկտիվ ու ընդդիմադիր լրագրողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն վերջինիս ելույթներին: Նույնիսկ ավելի մեծ ուշադրության, քան ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենի խոսքին, քանի որ արդեն լուրեր են պտտվում, որ վերջինս թողնելու է այդ պաշտոնը: Իհարկե, դժվար թե ինքնակամ թողնի, բայց դե ամեն դեպքում դա կանի հաստատ ոչ «sms» ստանալու արդյունքում:  

Ինչևէ, վերադառնանք Ալեքսանյանին, ով, ինչպես ասվեց, ավելի հաճախ է «հյուրընկալվելու» թե՛ տողերիս հեղնակի և թե՛ այլ հրապարակախոսների հոդվածներում: Այնպես որ, սկսենք: Անդրադառնալով վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և «սրբազանների» հանդիպմանը, վերջինս news.am-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է. «Գերակնհայտ է, որ եպիսկոպոսների հետ վարչապետի հանդիպմանը քննարկվել է եկեղեցու բարենորոգման հարցը»: Եթե ընդունենք, որ մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, ապա պետք է նաև ընդունենք, որ դա ճիշտ է: Որովհետև եթե տեղում կանգնելու համար Լուիս Քերոլի հեքիաթի հերոսուհին՝ Ալիսը, պետք է վազեր, ապա վարչապետը, նախ, կարող էր քննարկել եկեղեցու բարենորոգման հարցը՝ չունենալով դրա ո՛չ բարոյան և ո՛չ էլ իրավական իրավունքը: Երկրորդ, այդ հարցը պետք է քննարկեր հենց այն հոգևորականների հետ, որոնցից մեկը հայտնի է նրանով, որ, ըստ նիկոլական «ֆակտոր.ամ»-ի 2019-ի հրապարակումներից մեկի, ևս խախտել է կուսակրոնության ուխտը: Իսկ երկրորդի առումով կարելի է վստահաբար պնդել, որ օր, շաբաթ, ամիս կամ տարի չէր լինում, որպեսզի վերջինիս «մեծագործությունների» վերաբերյալ նյութեր չհրապարակվեին ընդդիմադիր Փաշինյանի խմբագրած օրաթերթում:

Անցնենք առաջ: Վերն ասվածի վերաբերյալ լրագրողի դիտարկմանը հետևում է ՔՊ-ական պատգամավորի «գերտրամաբանական» արձագանքը: «Նման բան ինձ ծանոթ չէ ու այն պարզ պատճառով ծանոթ չէ, որ մինչև երեկ ընդդիմադիր թևերից ընդհանրապես ոչ մեկ չէր խոսում, որ եկեղեցում կա խնդիր»,- ասել է նա։ Այսինքն, քարոզարշավի պատասխանատու ՔՊ-ականը հայաստանյան իրողություններին ծանոթանում է զուտ ընդդիմադիր թևերի խոսույթից: Պատկերացնո՞ւմ եք՝ ժամանակին նա չի հետևել իր ապագա առաջնորդի ընտանեկան օրաթերթի հրապարակումներին: Չնայած եթե հաշվի առնենք, որ ինքն այն ժամանակ մեկ այլ կուսակցության անդամ էր, որի առաջնորդը խնդիրներ ուներ վերը նշված օրաթերթի խմբագրի հետ, ապա այդ մի թերությունը կարող ենք ընդունելի համարել: Բայց վստահաբար նույն կերպ չենք կարող վարվել «ֆակտոր.ամ»-ի 2019-ի հրապարակման նկատմամբ՝ նրա, կարելի է ասել, արհամարհական վերաբերմունքի առումով:

Ինչևէ, կրկին անցնենք առաջ: Արձանագրելով ընդդիմադիր մամուլի պնդումը, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում, վերջինս հայտարարում է. «Հիմա, երբ որ եկեղեցու ներսից 10 եպիսկոպոս ձեռնամուխ են եղել ներքին խնդիրների լուծմանը, չգիտես ինչի, բանից պարզվել է, որ ընդդիմությունը կարող է այդ մարդկանց թիրախավորել ու ասել, որ մեկը այսպես է, մյուսը այնպես է»։ Փաստորեն, գեբելսյան օրինակների վրա ուսումնառություն առած անձնավորությունը մեկ տասնյակ պառակտիչ եպիսկոպոսների կողմից՝ այդ պառակտման հիմքը դրած վարչապետի հետ նման հարցերի քննարկումը համարում է եկեղեցու ներսի քննարկում: Կամ էլ պետք է ընդունենք, որ, փաստորեն, տեղյակ չէինք, որ Գարեգին Բ-ին և նրա անձի միջոցով ողջ հայոց եկեղեցուն պատերազմ հայտարարած վարչապետն ի պաշտոնե հանդիսանում է եկեղեցու ներսի անձնավորություն: Ինչպես ասենք, դա առկա է Միացյալ Թագավորությունում, որտեղ թագավորը միաժամանակ անգլիկանական եկեղեցու առաջնորդն է:   
Շարունակենք: Վերջինս հիշեցնում է, որ, եթե ընդդիմության ասելով, «հոգևորականների բարեվարքության մասին խոսելը կանոնիկ չէ», ապա ինչո՞ւ է ընդդիմությունը բողոքում իրենց ձևով եկեղեցու բարենորոգման օրակարգի մեջ մտած եպիսկոպոսներից: Ու ավելացնում, թե «չգիտես ինչի թիրախավորում են միայն այն հոգևորականներին, որոնք հանդես են եկել բացահայտ պղծության դեմ»: Դժվար չէ հասկանալը, որ «իրենց ձևով օրակարգի մեջ մտած» եպիսկոպոսներն իրականում մտել են ոչ թե իրենց, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ձևով: Դա՝ մեկ, և երկրորդ՝ վստահաբար դա արել են ոչ թե ինքնակամ, այլ տեղի տալով դեմ տրված «կոմպրոմատներին»: Եվ երրորդ, ընդդիմությունը ոչ թե նոր հիշեց, ինչպես ինքն է կարծում, որ «կուսակրոնության ուխտը խախտողներ կան, որ բենթլիով հոգևորականներ կան», այլ որ այդպիսիք բարոյական ոչ մի իրավունք չունեն իրենց բարենորոգիչներ համարելու: Եվ դա ոչ թե խոսույթ փոխելու դրսևորում է, այլ իրերն իրենց անունով անվանելու գործընթաց: Կարծեմ նույնիսկ ՔՊ-ական պատգամավորին է հայտնի Քրիստոսի հայտնի ասույթը՝ «Թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ»։ 

ՀԳ. Ի դեպ, 2019-ին՝ երբ Նիկոլը եկեղեցական արարողությունների էր մասնակցում Վեհափառի հետ, ինքը տեղյակ չէ՞ր, որ երիտասարդ «Կտրիճ Ներսիսյանը» խախտել է կուսակրոնության ուխտը: Որպեսզի իր ղեկավարին զգուշացներ դրա մասին ու հեռու պահեր կանոն խախտած հոգևորականից: Թե՞ այդ ժամանակ իր ղեկավարին ոչ ոք այդ հարցով չէր անհանգստացնում: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image