Հասարակություն

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

112 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին մարդկանցից մեկը՝ Մերի Վարդանյանը․ այս մասին Ֆեյսբուքում հայտնել է նրա թոռնուհին՝ Նատալի Վարդանյանը։

Մերի Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Ազգականի՝ բժիշկ Գարաբեդ Եսայանի ընտանիքի աջակցության շնորհիվ նրա ընտանիքը կարողացել էր խուսափել տեղահանությունից։ 1920-ականների սկզբին Ուզկուշյանների ընտանիքը հեռացել էր Այնթապից և տեղափոխվել Հալեպ։

Վարդանյանը սովորել էր Այնթապի Գրասիրաց հայկական դպրոցում, խոսել հայերեն, թուրքերեն, ավելի ուշ՝ նաև արաբերեն։ 1935 թվականին ամուսնացել է ջութակահար և կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ, որը ծնունդով նույնպես Այնթապից էր։ Զույգն ունեցել է չորս որդի և երկու դուստր։

1972 թվականին Վարդանյանը տեղափոխվել էր ԱՄՆ և հաստատվել Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում։ ԱՄՆ-ում նա ակտիվորեն ներգրավված էր Ուոթերթաունի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու կանանց միության աշխատանքներում, մասնակցել էր եկեղեցական ճաշերի և ամենամյա միջոցառումների կազմակերպմանը։ Նա երկար տարիներ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։ 2024 թվականի ապրիլին նրան մեծարել էին Մասաչուսեթսի նահանգային Կապիտոլիումում՝ հայկական համայնքի հիշողության պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Վարդանյանն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ջամեյկա Փլեյնի հայկական խնամքի և վերականգնողական կենտրոնում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image