Քաղաքականություն

«Հրապարակ». ՔՊ-ն մեր թիվ 1 քաղաքական հակառակորդն է, որի հետ քննարկումներ չի կարելի ունենալ

«Հրապարակ». ՔՊ-ն մեր թիվ 1 քաղաքական հակառակորդն է, որի հետ քննարկումներ չի կարելի ունենալ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նախորդ շաբաթ ազդարարեց, որ քաղաքական գործունեություն է սկսում, պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, եւ հայտարարեց «Միասնության թեւեր» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թեւ ու թիկունք լինենք, որ կարողանանք այդ ճանապարհն անցնել ավելի ուժեղացած։ Մենք պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի»,- իր ելույթում ասաց Թաթոյանը։

Վերջին երկու տարիներին պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր էին սպրդում այն մասին, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը եւ էլի ուրիշներ բանակցում են հնարավոր միավորման շուրջ։ Ինչ-որ փուլից այս անուններին ավելացան նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությունը, անգամ Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի անունն էր հնչում: Այսինքն, խոսքը գնում է այն անձանց եւ ուժերի մասին, որոնք ո՛չ նախկինների հետ են ասոցացվում, ո՛չ ներկաների եւ կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին։

Մոտ ամիսուկես առաջ մենք գրել էինք, որ «Օպերա Սյուիթ» հյուրանոցում հանդիպում-քննարկում է կայացել՝ մասնակցությամբ ՀԱԿ, ԼՀԿ, «Ապրելու երկր», «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչների, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր Արմեն Չարչյանի, ՔՊ-ական նախկին պատգամավոր Աննա Կարապետյանի, որն այսօր Արման Թաթոյանի թիմում է։ Քննարկման օրակարգում Էջմիածնի ընտրություններն են եղել, այդ ՏԻՄ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու հարցը, սակայն համաձայնության գալ չի հաջողվել: Հանդիպման մասնակիցները չհերքեցին այդ հանդիպման փաստը, սակայն, դատելով նրանից, որ Արման Թաթոյանը միայնակ ազդարարեց մեկնարկի մասին, ոչ միայն Էջմիածնի ՏԻՄ ընտրությունների, այլեւ, առհասարակ` համատեղ հանդես գալու շուրջ համաձայնությունը չի կայացել։
Մեր աղբյուրներն ասում են, որ տարաձայնությունների թեման եղել է առաջնորդության հարցը` ինչպես սովորաբար լինում է հայկական միջավայրում: Բանակցողներից գոնե երկուսը՝ Արման Թաթոյանն ու Հայկ Մարությանը, հավակնել են առաջնորդել նոր ուժը` ստեղծվելիք դաշինքը կամ ճակատը, եւ չեն համաձայնել երկրորդ դերին կամ որեւէ այլ ֆորմատի։ Մեզ պատմեցին, որ ՀԱԿ-ն ավելի կոնստրուկտիվ է տրամադրված եղել, անգամ առաջարկ է հնչեցրել ձեւավորել ղեկավար մարմին` կոլեգիալ կառավարում իրականացնել մինչեւ 2026 թվականի ընտրությունների շեմը, իսկ ցուցակի լիդերության հարցը ժամանակի ընթացքում ինքնաբերաբար կլուծվի, սակայն մյուսները չեն համաձայնել, ինչի պատճառով էլ ֆորմատը` դեռ չձեւավորած, փլուզվել է։

Արման Թաթոյանի թիմակից Դավիթ Անանյանին երեկ հարցրինք՝ արդյոք նախկին ձեւաչափով համագործակցության դուռը կարելի՞ է վերջնականապես փակված համարել, թե՞ հնարավոր է մինչեւ 2026 թվականը դեռ ավելի լայն կոնսոլիդացիա ստացվի, եւ մեծ ճակատով ընտրության գնան։ Դավիթ  Անանյանը նախ զգուշացրեց, որ վերջին անգամ է հեռախոսով զրուցում, որովհետեւ «նախկինում որպես անհատ հանրային գործիչ էր հանդես գալիս եւ ազատ արտահայտում էր մտքերը», հիմա զրույցներն ու հարցազրույցները պետք է ուղղորդի իրենց մամուլի պատասխանատուներին, որովհետեւ «մտել են վճռական փուլ, որտեղ ամեն միտք, ամեն ձեւակերպում պետք է շատ կշռադատված լինի», եւ այդ պատճառով ինքը սահմանափակում է իր ակտիվությունն այս ֆորմատով։
Պատասխանելով բուն հարցին՝ Դավիթ Անանյանն ասաց․ «Տեսեք` մենք հայտարարեցինք «Միասնության թեւեր» քաղաքական միավորի մեկնարկը, բնականաբար, ազդարարվեց, որ այդ միավորը պետք է ձգտի դառնալ կուսակցություն կամ այլ քաղաքական ֆորմատ, ինչը չի բացառում համագործակցությունը, երկխոսությունը տարբեր ուժերի հետ, մանավանդ, որ մեր հիմնական դիրքորոշումը եւ վարքագծի ազդարարումն այն էր, որ վեր ենք լինելու բոլոր տեսակի պիտակավորումներից ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ պետք է համախմբող եւ ներքին խաղաղություն բերող ուժ լինենք։ Հետեւաբար, դա նշանակում է, որ մենք ակտիվ ենք ու բաց ենք բոլոր քննարկումների, տարբեր ֆորմատներով, բայց այս պահին մենք ընդամենը ազդարարել ենք մեր քաղաքական միավորի մեկնարկը։ Դուք տեսաք այն մարդկանց, ովքեր իրենց պատկերացնում են այդ քաղաքական թիմի ներսում, մնացած մեր գործընկերներն ունեն իրենց քաղաքական միավորները, իրենց հարթակները, հետեւաբար՝ այդ հարթակը դեռ ազդարարում էր մեր քաղաքական միավորին»։

Նշված ուժերից ո՞ր ուժերի հետ է համագործակցության հարցը փակված, քանի որ Հայկ Մարությանի ու Թաթոյանի տարաձայնությունների մասին են պատմում։ «Ենթադրում եմ, որ նայել եք պարոն Թաթոյանի ասուլիսը, եւ այդ օրվա ֆորմատը հենց  այդպես էլ նախատեսված էր, որ այն, ինչ պաշտոնական մասում կմնան բացեր՝ մեր հայտարարությունների  եւ հանձնարարությունների, նարատիվների մասով, պարոն Թաթոյանն այդ բոլոր բացերը կփակի իր մամլո ասուլիսներով։ Ես չեմ տեսնում, չկա որեւէ թեմա, որ ինքն անդրադարձ չի կատարել, մանավանդ՝ ձեր ասած թեման, պարոն Մարությանի թեմային ինքն անդրադարձ կատարեց՝ ասելով, որ պարոն Մարությանին՝ կարծեմ 2010-ից, թե 2020-ից մինչեւ հիմա որեւէ առնչություն, որեւէ շփում եւ քննարկում չի ունեցել, հետեւաբար, մամուլում կան թեմաներ, որոնք միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում են»: Նկատեցինք` գուցե հանդիպումները, բանակցությունները միջնորդավորված են եղել, գուցե անձնապես չեն հանդիպել։ «Մամուլում կան հրապարակումներ, որոնք սեփական դատողությունների արդյունք են, կան հրապարակումներ, որոնք այս կամ այն տեղեկատվությունը չափազանցված ներկայացնելու միտում ունեն: Թե՛ չարամտություն կա դրա մեջ, թե՛ միամտություն։ Հետեւաբար, այս փուլում ասեկոսեների հետեւից գնալն ավելորդ ջանքեր է իրենից պահանջում»։

Իսկ համագործակցության առումով կա՞ն բացառելի ուժեր։ «Կարեւորը վերջնարդյունքն է, եւ ամենակարեւորը՝ մենք առանձին քաղաքական միավոր ենք, իսկ քաղաքական անկախ եւ առանձին միավորը կարող է իրեն թույլ տալ ե՛ւ բանակցել, երկխոսել, քննարկումներ ունենալ տարբեր հարթակներում»: «Քաղպայմանագրի» հետ է՞լ։ «Երեւի թե՝ չէ, բացառություններ, բնականաբար, կլինեն, եթե մենք դուրս ենք եկել պայքարի, որի նպատակն իշխանության գալն է, ապա  ՔՊ-ն համարվում է համար 1 քաղաքական հակառակորդը, որի հետ չի կարելի քննարկումներ ունենալ՝ որպես քաղաքական միավորի»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image