Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը հերթական անգամ ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել։ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Անկախության Հռչակագրի բովանդակությունը Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է»։
Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում թեմային անդրադառնալով ասում է․
«Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը բառ-բառ կրկնում է Ադրբեջանի նախագահի թեզերը, ես ինքս առիթներ ունեցել եմ ասելու, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հայտարարություններն է կրկնում։ Իրականում այս բոլոր հայտարարությունները սպառնալիք են մեր պետության, ինքնիշխանության համար։ Անլսելի ու անպատկերացնելի բան է, երբ պետության ղեկավարը իր երկրի Անկախության հռչակագիրը, պետության հիմնարար փաստաթուղթը համարի պետությանն ուղղված սպառնալիք։ Սա բավականին վտանգավոր հայտարարություն է, իրենից բխող բոլոր հետևանքներով։ Հռչակագրի շնորհիվ է Հայաստանը դարձել անկախ պետություն, բայց Փաշինյանը այն սպառնալիք է համարում: Նիկոլ Փաշինյանի համար անկախ պետություն ունենալը սպառնալիք է։ Հայաստանի մասին նույն տրամաբանությամբ են մտածում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։ Բայց նրանց տրամադրությունը հասկանալի է, նրանք պարզապես ցանկանում են Հայաստանը կազմաքանդել։ Ամեն ինչ անում են, որ Հայաստանը՝ որպես պետություն գոյություն չունենա։ Այժմ նույն տրամաբանությունը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթներում։ Իլհամ Ալիևը տարբեր երկրների մոտ հայտարարում է, որ Հայաստանի սահմանադրությունը խնդիր է , նկատի ունենալով Անկախության հռչակագիրը։ Ինչից հետո նույն բանն ասում է Փաշինյանը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ պատրաստ է շարժվել Ալիևի թելադրանքով։ Իսկ Ալիևի թելադրանքով շարժվելով նա հասնելու է Հայաստանի Հանրապետության չգոյությանը։ Ալիևը անհանգիստ է Հայաստանի գոյությունից, հայ ժողովրդի ինքնությունից առհասարակ։ Ալիևը վախենում է, որ Փաշինյանը մի օր կարող է հեռանալ, իսկ եթե մի օր Հայաստանը ղեկավարեն պետականակենտրոն ուժեր, որոնք հանդես կգան կենսական իրավունքների դիրքերից, դա կարող է լուրջ խնդիր լինել Բաքվի համար: Եթե Հայաստանում իրական պետականամետ իշխանություն լիներ, Ալիևը չէր մարսի այն ամենն, ինչ արել է։ Դա նրան հաջողվում է մարսել բացառապես Փաշինյանի կառավարման շնորհիվ։ Իշխանություն, որը չի խոսում Արցախի մասին, Արցախի ժողովրդի իրավունքների մասին, փոխարենն ԱԺ ամբիոնն օգտագործում է ադրբեջանական թեզեր տարածելու, հայ ժողովրդի ինքնությունը խարխլելու համար։ Նա մեզ փորձում է մեր արմատից պոկել։ Անգամ, երբ բույսն արմատից պոկում ես, այն կարճ ժամանակ անց դադարում է գոյություն ունենալ։ Փաշինյանը միաժամանակ պայքարում է մեր ինքնության և պետականության դեմ։ Մեր պետության թիվ մեկ վտանգը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Եթե իշխանությունը հակառակորդ պետության թեզերն է առաջ տանում, դրանից ավելի մեծ վտանգ լինել չի կարող» - նշեց ադրբեջանագետը։