Սարսափելին այն է, որ ինչ անում է այսօրվա իշխանությունը, մարդիկ համակերպվում են։ Ասում են՝ դե ի՞նչ կարող ենք անել։ Ամեն ինչ իր ձեռքն է։ Համակերպվելը հասել է մինչև ստրկության աստիճանի։ Վերցնենք թեկուզ վերջին դեպքը։ Լրատվամիջոցները բարձրաձայնեցին, որ Բագրատ Սրբազանի ձայնագրությունը կեղծված, մոնտաժված է։ Հանրությունը լուռ է, ասես այդպես էլ պետք է լիներ։ Բարձրաստիճան հոգևորականին մրոտել, նվաստացրել, զրպարտել, դարձրել են հանրության աչքի փուշ, հետո պարզվել է, որ ձայնագրությունը կեղծ, մոնտաժված է։ Սովետին եք բռնատիրություն համարում։ Սովետի ժամանակ նման մի բանի էի ականատես եղել, երբ քննիչի կեղծ հրապարակման պատճառով մարդ էր տուժել։ Քննիչին ու նրա հետ առնչվող բոլոր ծառայողներն աշխատանքից ազատվեցին։ Փոխհատուցվեց տուժողի նյութական ու բարոյական վնասը։
Տուժողը վերականգնվեց իր աշխատանքում։ Էն օրին ենք հասել, որ մարդիկ սովետին են երանի տալիս։ Սրբազանին մոնտաժած ձայնագրությամբ ահաբեկիչ եք հանել, որ իբր իշխանության, ասել է թե Նիկոլ Փաշինյանի դեմ ահաբեկչություն է կազմակերպել։ Հիմա այդ ամենը սուտ է դուրս եկել։ Ինչու՞ հանրությունը լուռ է, չի պահանջում, որ մոնտաժ անողները պատժվեն։ Դա իշխանության կողմից անարժանապատիվ քաղաքական պայքար չէ, ինչպես որոշ քաղաքական գործիչներ են դրանով իրենց ու հանրությանը հանգստացնում։ Դա քրեական հանցագործություն է, որով ահաբեկիչ է ճանաչվել հոգևորականն ու կալանավորվել։ Ո՞վ է ահաբեկիչը՝ մոնտաժ անո՞ղը, թե՞ Սրբազանը։ Հիշու՞մ եք երևի, թե ինչպես էր Անահիտ Բախշյանի «խելքը թռել ու լեզուն կապ ընկել» , երբ լսել էր, որ բարի գործեր կատարող Սրբազանը նման բառեր է օգտագործել։ Հիմա նա ինչու՞ է լուռ, ինչու՞ չի մեղադրում իշխանությանը, որ իրեն օգտագործել են հանրային հուզումը շիկացնելու համար։ Անկեղծ ասած ուզում եմ հասկանալ նրան և չեմ հասկանում։ Եթե իրեն խաբել էին, ինչու՞ այսօր չի բարձրաձայնում, որ խաբվողները պատժվեն․․․ Բոլորը ձկան պես լուռ են։ Չմտածե՞մ, որ նրանք մասնակից են այս ամենին։