ԱԺ իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն հերթական գրառումն է կատարել «Ֆեյսբուքում», որտեղ ըստ էության երկու վիրավորանք է հասցրել հայկական ինքնությանը՝ Հայոց Ցեղասպանությունը համարելով «ավելի քան հարյուրամյա առասպելներ եւ կարծրատիպեր» եւ Հայ Առաքելական եկեղեցին համարելով «1700-ամյա առասպել», որը պետք է կոտրել, որից պետք է ազատվել։ Դե այն, որ Արսեն Թորոսյանը միշտ էլ հակաեկեղեցական կամ նույնիսկ եկեղեցատյաց կեցվածք է ունեցել, նոր բան չէ։ Դեռ 2017 թվականին արտահայտվել էր, որ Առաքելական եկեղեցին Հայ ժողովրդի կյանքում մեծագույն չարիք է։
Կարելի է զուտ մասնգիտական առումով երկար բացատրել, թե ինչու է Արսեն Թորոսյանը սխալվում կամ եթե նման բան ասում է՝ արդյո՞ք դա իր անձնական կարծիքն է, թե՞ այն ՔՊ-ական ուժի ներսում տիրող մտայնությունն է, կամ ինչ որ աղանդավորական խմբերի տեսակետը։ Սակայն եթե իրոք ՔՊ-ում կարծում են, որ Հայ Առաքելական եկեղեցին իր ողջ պատմությամբ եւ ժառանգությամբ առասպել է, ապա դա առնվազն նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անկեղծ չի եղել ՀՀ քաղաքացիների հանդեպ, քանի որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի արժեքների մասին իր մանիֆեստալ գրության մեջ նա ազգային արժեք է հռչակում «Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին. Քրիստոնեությունը»։
Ուրեմն ի՞նչ կարող է մտածել շարքային ՔՊ-ականը․ կամ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ այս հարցում, կամ՝ Արսեն Թորոսյանը անձնական տեսակետները ներկայացնելիս հայտարարում է մի բան, որն ուղիղ հակասության մեջ է մտնում Փաշինյանի հռչակածի հետ։ Առանց հավելյալ քաղաքականացման, զուտ փաստի արձանագրումով՝ կարծում եմ, որ ՔՊ-ում անելիք ունեն՝ կուսակցական վերնախավի կամ բարձր էշելոններում գտնվողների եւ Փաշինյանի հայտարարությունների սինխրոնիզացման առումով։ Այլապես կարող է թվալ, թե իշխող քաղաքական մեծամասնությունը ոչ թե գաղափարակից մարդկանց միություն է, այլ այստեղ իշխում է «կարապի, խեցգետնի եւ գայլաձկան» իրավիճակը։