Քաղաքականություն

Ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանի ընդդիմությունը Մոլդովայի ընտրություններից

Ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանի ընդդիմությունը Մոլդովայի ընտրություններից

«Ես ուզում էի, որ մոլդովացիներն ընտրեին Մոլդովան, եւ ուրախ եմ, որ նրանք այս որոշումը կայացրին, չնայած Մոսկվայի միջամտությանը եւ ծախսված ռեսուրսներին»,- ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ անգամ մեկնաբանելով երկրում սեպտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Իսկ դրանց համաձայն, փոքր առավելությամբ հաղթել է իշխող «Գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը»՝ նախորդ ընտրությունների համեմատ կորցնելով մի քանի մանդատ, բայց պահպանելով մեծամասնությունը խորհրդարանում:
Սանդուն շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին՝ ընտրություններում իրենց ցուցաբերած աջակցության համար, եւ ընդգծել, որ քաղաքացիներն ընտրություն են կատարել հանրապետության ապագայի օգտին։ Նա հավելել է, որ երկրի եվրոպական ուղղությունն այժմ աներկբա է, եւ խոստացել է աշխատել բոլոր քաղաքացիների շահերից ելնելով՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից։ Իսկ որ մոլդովացիները, ըստ էության, ունեն երկու գլխավոր քաղաքական կողմնորոշում, հայտնի է. երկրի իշխանությունները ժողովրդին բաժանել են, ինչպես մենք ենք ասում, «սեւերի եւ սպիտակների», «ռուսամետների ու եվրոպամետների», «ռուսախոսների եւ ռումինախոսների», իրականում միանալով Ռուսաստանի դեմ մղվող եվրատլանտյան տոտալ գաղափարաքաղաքական, տնտեսական եւ հիբրիդային «պատերազմին»:

Պատահական չէ, որ ԵՄ-ում շտապեցին ողջունել ու գրեթե ցնծալ իշխող կուսակցության հաղթանակով: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Մոլդովային՝ վերջին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, եւ նշել, որ Եվրամիությունը մտադիր է ԵՄ անդամակցության ճանապարհին աջակցել Քիշնեւին։ Մոլդովայի իշխող կուսակցության հաղթանակը ողջունել են նաեւ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը:

Մոլդովայի ԿԸՀ-ի տվյալներով՝ ձայների 100%-ի մշակումից հետո իշխող կուսակցությունը ստացել է ձայների 50.2%-ը, ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ Հայրենասիրական դաշինքը, ստացել են 49.8%։ Տարբերությունն աննշան է, Սանդուի իշխանությանը, փաստորեն, «փրկել» են արտասահմանում քվեարկած Մոլդովայի քաղաքացիները, որոնց ձայները կարեւոր դեր են խաղացել եվրոպամետ եւ հակառուսական քաղաքականություն վարող նախագահի կուսակցության հաղթանակում։ Մոլդովայի ընդդիմությունը հայտարարում է՝ հաղթել են իրենք, իսկ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային ընտրախախտումներով, լցոնումներով եւ այլն, այդ թվում՝ ՌԴ-ում եւ արտերկրի մյուս հատվածներում: «Իշխանությունները շուտ են ուրախանում այն փաստից, թե ինչպես նրանց հաջողվեց անցկացնել խորհրդարանական ընտրությունները, երկրի ժողովուրդը դժգոհ է եւ չի վախենում»,- Քիշնեւի կենտրոնում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայրենասիրական դաշինքի առաջնորդներից մեկը՝ նախկին նախագահ Իգոր Դոդոնը։ Ընդդիմությունը, որը հիմնականում բաղկացած է Ռուսաստանի հետ բարեկամության օգտին հանդես եկող ուժերից, մեղադրում է Սանդուին, որ նա մի քանի տարի շարունակ ճնշումներով եւ ադմինիստրատիվ ռեսուրսով ամեն ինչ արել է, որ ընդդիմությունն իշխանության չգա. գործի են դրվել սպառնալիքներ, շանտաժ, խուզարկություններ, ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններ (այդ թվում կալանավորվել է Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը): Քվեարկության նախօրեին էլ ԿԸՀ-ն ընտրություններից հեռացրեց «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությանը, որը Հայրենասիրական դաշինքի մաս է կազմում:

«Կրկին սփյուռքի միջոցով արեցին հնարավորը, որ Սանդուն եւ «Գործողություն ու համերաշխություն» կուսակցությունը մնան իշխանության գլխին: Չի կարելի ժողովրդին «անասուն» համարել. դա չի անցնի, շուտ եք ուրախանում, չեք հասկանում, թե ուր եք մտնում։ Նույնիսկ եթե մեզ ճնշեք, դա ձեզ չի փրկի, ժողովուրդը դժգոհ է, ժողովուրդը չի վախենում ձեզնից, ժողովուրդն ատում է ձեզ»,- հայտարարել է Դոդոնը։ Ի դեպ, Մոսկվայում հայտարարել են, որ ՌԴ-ում գողացվել են մոլդովացի ընտրողների ձայները: Մոլդովայի իշխանություններն ավանդաբար Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) բնակիչների համար ընտրատեղամասեր են բացում Դնեստրի աջ ափին։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մերձդնեստրի բնակիչների համար բացվել է 12 ընտրատեղամաս, ինչը նախորդ անգամվա համեմատ քիչ է երեք անգամ։ Մերձդնեստրում բնակվող 270 հազար մոլդովացիներից ընտրատեղամասեր է գնացել միայն մոտ 12 հազարը, այդ թվում՝ ռումբի մասին հաղորդումների ֆոնին կամուրջը փակելու պատճառով չեն գնացել։
Մոլդովայի ընտրությունները, սակայն, կարող են մի քանի առումով ուսանելի լինել հայաստանյան ընդդիմության եւ հայ ընտրողի համար: Նախ, դրանց արդյունքները վկայեցին, որ հակառուսական թեզերով ընտրազանգվածին «մոլորեցնելու», «ահաբեկելու» հնարքն այլեւս ոչ միայն արդիական ու կենսունակ է, այլեւ արդյունավետ չէ:

Հակառուսականության լարի վրա ձախողվեց նաեւ վրացական ընդդիմությունը՝ անցած տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Վրաստանում, որը Մոլդովայի պես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ունի, եւ որին Եվրոպան «մեծ-մեծ» խոստումներ էր տալիս, երկրի իշխանությունները կարողացան բալանսավորված քաղաքականության շնորհիվ հասնել ազդեցիկ առավելության, իսկ նրանց ռուսամետության մեջ մեղադրող եվրոպամետ ընդդիմադիրները որեւէ արդյունքի չհասան, չնայած ընտրություններին հաջորդած հուժկու հանրահավաքներին:
Ավելին, պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ մինչեւ 2028 թ. սառեցնում է ԵՄ-ին անդամակցության գործընթացը: Եվրոպայի հիասթափությունը մեծ էր, բայց իշխող «Վրացական երազանքն» ապացուցեց, որ ոչ միայն երազանք ունի, այլեւ նպատակ՝ չկրկնել ուկրաինական սցենարը եւ ժողովրդին չտարբերակել եվրոպամետների եւ ռուսամետների: Գուցե այս գիտակցումով է նաեւ, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում մեղմացրել են հակառուսական կոշտ հռետորաբանությունը, հայտարարում են հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման մասին, հավաստիացնում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցեր օրակարգում չկան: Իսկ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ-ն կարող է չդառնալ ԵՄ անդամ, խնդիրը բոլոր ոլորտներում եվրոպական չափանիշներին հասնելն է: Մյուս կողմից՝ փաշինյանական ռեժիմի կողմից հակառուսական կուրսի վերանայումը կարող է ենթադրել, որ 2026 թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են բալանսավորված դիրքավորում ստանալ՝ ռուսամետ ընտրազանգվածին սիրաշահելու եւ Մոսկվայի «դաբրոն» ստանալու իմաստով: Ամեն դեպքում, իշխանությունների այս դիրքավորումը հնարավորությունների որոշակի «պատուհան» է բացում հայաստանյան ընդդիմության համար՝ ներքին համախմբվածության նպատակով լուրջ քայլեր կատարելու եւ էլեկտորատի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք տանելու համար:

Այս համատեքստում, մեր ընդդիմադիր դաշտի համար, հատկապես նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի ու նրանց արբանյակների, որոնք վերջին շրջանում փոխադարձ մեղադրանքներով են զբաղված, կարող է ուսանելի լինել Մոլդովայի ու Վրաստանի օրինակը: Մոլդովայինը՝ հատկապես: Այստեղ, փաստորեն, ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմությանը հաջողվեց հաղթել երկրի ներսում, եւ միայն սփյուռքի քվեները «երկարացրին» գործող իշխանությունների կյանքը: Բացի այդ, Մոլդովայի ընդդիմությունը ցույց տվեց բացառիկ համախմբում. ընտրություններին մասնակցեցին ազդեցիկ եւ ժողովրդականություն վայելող ուժեր, դաշինքներ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ավանդաբար առաջադրվում են այնպիսի գործիչներ եւ քաղաքական կուսակցություններ, որոնց մասին տեղեկանում ենք բուն ընտրությունների նախաշեմին: Վերջիններս, եթե նույնիսկ իշխանական արբանյակներ չեն, ապա հաստատապես վնասում են ընդդիմությանն ու «ջուր լցնում» օրվա իշխանությունների «ջրաղացին», քանի որ իրենց «նսեմացուցիչ»՝ 1-2 տոկոս ձայնի համար տրոհում են ընդդիմության համահավաք ձայները, եւ դրանք վերջում փոշիանալով՝ գնում են իշխանությանը: Այս իմաստով, հայաստանյան ընդդիմադիր դաշտը պետք է միախմբվի, լավ հաշվարկի հնարավորությունները, գնա խոշորացման ճանապարհով, ընտրություններին մասնակցի հնարավորինս ազդեցիկ ուժերի հետ համադաշնակցելով: Կարեւոր է նաեւ ճիշտ աշխատել Արցախից տեղահանված ընտրողների հետ, որոնց թիվն էական է: Այս առումով, պետք է արցախցի ընտրողին հստակ ուղերձ փոխանցել, որ «մերժեն, մեկուսացնեն եւ չեզոքացնեն» իշխանասեր, իշխանամերձ արցախցի գործիչներին, որոնց թիվը, ճիշտ է՝ տեսակարար կշռով մեծ չէ, բայց կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա:

Ի վերջո, 2026-ի ընտրությունները կարող են վերջին շանսը լինել ընդդիմության համար, եթե վերոնշյալ իրողությունները հաշվի չառնվեն, իսկ իշխանության մնա այն նույն ուժը, որը հանձնել, հայաթափել է Արցախը, փակել արցախցիների հետ «բոլոր հաշիվները» եւ անցել Հայաստանը «կործանելու» թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգի հետեւողական իրականացմանը:

ՀԳ. Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է մեկնարկել: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը միացել է նաեւ խորհրդարանում երկրորդ ուժ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը: Չվիճարկելով իմպիչմենտի նախաձեռնության իրավացիությունը եւ տեսականորեն ընդունելով, որ իշխանական որոշ ներկա եւ նախկին, այժմ՝ անկախ պատգամավորներ կհանդգնեն միանալ Փաշինյանի անվստահության գործընթացին, իսկ որ ՔՊ-ում «արշալույսները խաղաղ չեն», մասմեդիան բազմիցս է բացահայտել, ամեն դեպքում, առավել իրատեսական ենք համարում 2026-ի խորհրդարանական ընտրությունների անցկացումը, մի կողմից՝ ներընդդիմական հայտնի «փոխհրաձգությունների» առումով, մյուս կողմից՝ հաշվի առնելով Փաշինյանի չենթարկվող, էքսցենտրիկ, անպատասխանատու եւ «զոռբա» տեսակը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image