«Ձայն» կուսակցությունը հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի, սակայն քաղաքական ուժը բանակցում է մեկ այլ նորաստեղծ կուսակցության հետ՝ վերջինի ցուցակում թեկնածուներ ընդգրկելու համար։
«Մեր կուսակցության գրանցումը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 25-ին, երեկոյան ժամը 5-ին, այսինքն, այդ պահից սկսած է, որ «Ձայնն» օրինական ու գործող կուսակցություն է։ Եվ քանի որ դա շատ ուշացումով է տեղի ունեցել, մենք շատ թանկարժեք մի ամիս կորցրինք, որի պատճառով մեր՝ ընտրություններին մեր կուսակցությամբ, մեր ցուցակով մասնակցելու ցանկությունն այլևս անհնար է։ Մենք ուղղակի ժամանակի առումով չենք կարող դա իրականացնել, այնպես որ «Ձայն» կուսակցությունն ընտրություններին չի մասնակցելու իր ցուցակով», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը։
Քաղաքական գործիչն ասաց, որ մեկ այլ նորաստեղծ կուսակցություն հետ քննարկում են, որ «Ձայնից» թեկնածուներ լինեն այդ կուսակցության ցուցակում։ «Բայց դա դեռևս կոնսոլիդացված չէ, քննարկման փուլում է», - հավելեց նա։
Հայրապետյանը դեռ չասաց, թե որ կուսակցության հետ են քննարկումների մեջ, և որոշում ընդունելուց հետո հայտարարություն կտարածեն։
«Հայտարարություն կանենք մեր կուսակցության գրանցման, մեր հետագա ասուլիսի մասին, տելեմարաթոնի մասին և այն բոլոր պլանների մասին, որ մենք ունենք։ Կարող եմ ասել, որ «Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցությունը պատրաստվում է ոչ թե այս ընտրություններին, այլ՝ հաջորդ ընտրություններին», - եզրափակեց «Ձայն» կուսակցության ղեկավարը։