«Անմեղսունակ» բառն այս իշխանության հասցեին շատ է օգտագործվում: Գուցե ոմանց թվա, թե դա վիրավորանք է` «նախկին թալանչիների» կողմից շրջանառության մեջ դրված: Բայց բավական է հետահայաց նայել, թե սրանք ինչ ավերածություններ են արել երկրում, ինչքան սխալներ են թույլ տվել, ընդ որում` սխալներ, որոնց մասին այդ պահին խելոք մարդիկ իրենց զգուշացրել են, հորդորել են չանել, որովհետեւ հետեւանքները վատ են լինելու, հասկանալի կլինի, որ «անմեղսունակ»-ը շատ մեղմ բառ է: Օրինակներ` խնդրեմ: Ողջ օրը արդարադատության կայացումից, դատարանների անկախությունից խոսող Նիկոլ Փաշինյանը, լսելով, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին բաց թողնելու որոշում է կայացրել, այնպիսի անզուսպ զայրույթի պոռթկում ունեցավ, որ չտիրապետելով իրեն` կոչ արեց արգելափակել դատարանների դռները: Շատերը զգուշացրին, որ դա դատական անկախության կոպիտ ոտնահարում է, չի կարելի` ապարդյուն:
Նման մի օր էլ` երեւի զայրանալով, որ Ֆեյսբուքում իրեն ու թիմակիցներին վիրավորանքներ են հասցնում, հանձնարարեց փոխել օրենքը եւ «զրպարտություն» ու «վիրավորանք» եզրույթները քրեականացնել, այնպես, որ ինքը չդիմի դատարան, բայց իր քննիչ-դատախազները գտնեն իրեն վիրավորողներին, գործեր հարուցեն եւ նստեցնեն: Մարդիկ զգուշացրին, որ քո այդքան սիրելի Եվրոպան, որն աչք է փակում քո ձեռնարկած բոլոր քաղաքական հետապնդումների եւ ապօրինությունների վրա, այս մեկը չի հանդուրժի: Այդպես էլ եղավ` 11 ամսից, այս օրենքն ինչպես ընդունել էին, նույնկերպ էլ չեղարկեցին: Հիմա հերթական պետականաքանդ օրենքն են ընդունել` հունվարի 1-ից շրջանառության հարկը դարձրել են 10 տոկոս: Այսինքն՝ փոքր եւ միջին բիզնես ունեցողները` վարսավիրանոցներ, խանութներ, խմբագրություններ, կրկնակի հարկ են վճարելու եւ փակվեն: