Քաղաքականություն

Փաշինյանն Իրանին եւ Թուրքիային դնում է նույն հարթության վրա

Փաշինյանն Իրանին եւ Թուրքիային դնում է նույն հարթության վրա

Իրանի իշխանությունները տեսնում են, որ իրենց հարեւան Հայաստանը վերածվում է արեւմտյան ազդեցության տարածքի. հունվարին Հայաստանն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրություն է ստորագրում, փետրվարին Հայաստանի ՔՊ-ական խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունում է ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, Եվրոպայի խորհուրդը եւս երկու տարով երկարաձգում է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում: Բնական է, որ Իրանը, որի նկատմամբ հավաքական Արեւմուտքը թշնամական գործողություն էր իրականացնում, այդ թվում՝ իրանական տնտեսության զարգացումը սահմանափակող պատժամիջոցների տեսքով, մտահոգվում է իր անմիջական սահմանին արեւմտյան ազդեցության նման կտրուկ ավելացմամբ: Իրանը հասկանում է, որ Հայաստանում արեւմտյան ազդեցության հարաճուն ավելացումն ուղղված է ոչ այնքան Ռուսաստանի դեմ, թեեւ այդպես է ներկայացվում, այլ առաջին հերթին՝ Իրանի: Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Իրանի պետական հեռուստատեսությանը, եւ հարցերի մեծ մասը վերաբերում է Իրանի եւ իրանական հասարակության այն մտահոգություններին, որ Հայաստանը վերածվում է արեւմտյան ազդեցության տարածքի` ընդդեմ Իրանի: Թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այնքան էլ էական չէ, բոլորի համար պարզ է, որ նա ստում է, նրա որեւէ խոսք եւ խոստում երբեք իրականություն չեն դարձել: Իրանական կողմը հարցերի միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը, նաեւ հետագայում ասելու համար՝ տես, թե ինչ ես ասել, իսկ ինչ ես անում: 

Չնայած Փաշինյանն առանձնապես շատ բան էլ չի ասում: Երբ լրագրողը նրան հիշեցնում է հայ-իրանական հազարամյա բարեկամական հարաբերությունների մասին եւ հարցնում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ինչպես է սահմանվում հարաբերությունների զարգացումն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Փաշինյանն ասում է, որ Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, Հայաստանից` Իրան, ապրանքաշրջանառությունն էլ աճում է Հայաստանի տնտեսության հնարավորությունների աճին համարժեք: Փաշինյանը Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները սահմանափակում է զբոսաշրջությամբ եւ առեւտրով. նման հարաբերություններ Հայաստանն ունի ցանկացած ոչ բարեկամ եւ նույնիսկ թշնամի երկրների հետ, ինչպես, օրինակ, Թուրքիայի: Փաշինյանն Իրանին եւ Թուրքիային դնում է նույն հարթության վրա: Ոչ մի խոսք ռազմական, ռազմատեխնիկական հարաբերությունների կամ համագործակցության մասին, անվտանգության ոլորտում համատեղ միջոցառումների մասին:

«Ինչպես տեղյակ եք՝ Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարեւորը երկու երկրների ազգային շահերն են: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները»,- ասում է Իրանի պետական հեռուստաընկերության լրագրողը: Փաշինյանը գիտի, թե ընդհանուր թշնամի ասելով ում նկատի ունեն իրանցիները` Արեւմուտքին` արեւմտյան երկրներին, որոնք անընդհատ Հայաստանին մղում են Իրանի դեմ թշնամության: Փաշինյանն Իրանի նկատմամբ Արեւմուտքի թշնամական վերաբերմունքը գնահատում է իբրեւ «բարդ հարաբերություններ»` հավելելով, որ Հայաստանն արեւմտյան երկրների հետ ունի լավ հարաբերություններ, հասկացնելով, թե մի փորձեք մեզ ու ձեզ դնել նույն հարթության վրա, ձեր թշնամիները մեր բարեկամներն են: Բայց Իրանը չի էլ փորձում դրանք դնել նույն հարթության վրա, իրենց ասածն այն է, որ դուք արեւմտյան երկրների ձեռքին գործիք մի դարձեք, մեր դեմ թշնամություն մի արեք, մի միացեք Իրանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին, առեւտրային սահմանափակումներին, ձեր երկրի տարածքը մի դարձրեք Իրանի դեմ գործողությունների հարթակ: «Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել եւ մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել»,- ասում է Փաշինյանը: Դե, մենք փորձում ենք, բայց ոչ միշտ է ստացվում, կարելի է անվերջ փորձել, բայց այդպես էլ արդյունքի չհասնել: Հիմա կարեւորը փորձե՞լն է, թե՞ արդյունքը: Փաշինյանի համար` փորձելը, Իրանի համար` արդյունքի բացակայությունը:

«Ասում են՝ Ձեր իշխանությունն արեւմտամետ է: Արդյոք այս քաղաքականությունը չի՞ հակասում... Այդ մտահոգությունը գոյություն ունի, որ այս ընթացքը՝ արեւմտամետությունը, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեր հարաբերությունների վրա»,- ասում է իրանցի լրագրողը: «Այդ քաղաքականությունը չի հակասում…»,- միտքը հատուկ է կիսատ թողնում, որովհետեւ, եթե շարունակեր, ապա պետք է ասեր, որ այն հակասում է Իրանի հետ բարեկամությանը եւ գործընկերության մասին ձեր հայտարարություններին, քանի որ Արեւմուտքը բացահայտ թշնամություն է անում Իրանի դեմ, եւ այդ թշնամությունը չի կարող չազդել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Փաշինյանը նորից ինչ-որ բառեր է օգտագործում` բալանսավորում, բալանսավորվածություն, մետության բացառում: Ուղղակի իրանցի լրագրողն իրեն թույլ չի տալիս դուրս գալ էթիկայի սահմաններից եւ հարցնել, որ եթե կա բալանսավորում կամ մետության բացառում, ինչո՞ւ, օրինակ, Հայաստանի տարածքում չկան իրանցի դիտորդներ, բայց կան կանադացի դիտորդներ, Իրանը` որտեղ, Կանադան` որտեղ, ինչո՞ւ է Հայաստանը զորավարժություններ անում ամերիկյան զինվորականների մասնակցությամբ, իսկ, օրինակ, իրանցի զինվորականների մասնակցությամբ զորավարժության որեւէ դեպք մենք չենք հիշում: Լրագրողը դա չի ասում, բայց դե՝ բոլորը դրա մասին շատ լավ գիտեն:
Հետո իրանցի լրագրողը հարցնում է, թե ինչպիսին կլինեն Հայաստանի գործողությունները, եթե արեւմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա հարցնում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության պայմանագրի կիրառման մասին, եւ այս հարցերը ցույց են տալիս, թե իրականում ինչպես են Իրանը եւ իրանական հասարակությունը վերաբերվում Հայաստանին եւ նրա գործող իշխանությանը` Արեւմուտքի ձեռքին մի գործիքի, որը ցանկացած պահի կարող է կիրառվել Իրանի դեմ: Եվ կարեւոր չէ, թե ինչ է ասում Փաշինյանը, բոլորը գիտեն նրա խոսքի արժեքը, ավելի ճիշտ` անարժեք լինելը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image