Իզմիրլյան բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո բուժում անցնող Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խնդրել էր այսօր պատարագ անցկացնել, որին ինքը կկարողանա մասնակցել: Համաձայնություն էր ձեռք բերվել, որ Միքայել Սրբազանի հիվանդասենյակի դուռը բաց են թողնելու, որպեսզի նա կարողանար լսել պատարագը, իսկ վերջում էլ պատարագը մատուցող քահանայից պիտի հաղորդություն ստանար: Սակայն վերջին պահին պայմանավորվածությունը խախտում են և Միքայել սրբազանին արգելում են օգտվել սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից` արգելում են Իզմիրլյանում պատարագ մատուցել:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ մերժում են Միքայել սրբազանի` պատարագ ստանալու իրավունքը՝ տարատեսակ անմիտ պատճառաբանություններով: Հերթական պայմանավորվածության խախտումը, տեղեկացանք, որ շատ է զայրացրել Միքայել սրբազանին, նա չի թաքցրել իր վրդովմունքը: Իսկ վիրահատությունից հետո նրան կատարյալ հանգիստ վիճակ է անհրաժեշտ՝ կազդուրվելու համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտել են և երբ Միքայել սրբազանը զայրացել է, թույլ են տվել, սակայն արդեն տասներկուսն անց կես է եղել ու անիմաստ է եղել պատարգ անցկացնելը:
«Խոստացել են, որ մյուս անգամ խնդիրներ չեն ստեղծի պատարագ անցկացնելու համար: Իսկ այսօրվա պատարագի համաձայնությունը խախտել են` պատճառաբանելով, որ պատարագ անցկացնող հոգևորականը իրավունք չունի հիվանդանոցում պատարագ անցկացնել: Սրբազանը այս պահին իրեն լավ է զգում»,-եզրափակեց Գառնիկ Դանիելյանը:
Հավելենք, որ 4-5 զինված անձ է մշտապես հսկում Միքայել արքեպիսկոպոսի հիվանդասենյակում և ԲԿ-ի միջանցքում, ինչպես վտանգավոր հանցագործին կհսկեին` պետական միջոցներ վատնելով: