«Հրապարակի» զրուցակիցը դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Խաչատուր Մաթոսյանն է:
- Բժիշկ, հիմնականում ի՞նչ պլաստիկ վիրահատություններ եք կատարում, որո՞նք են այժմ ամենապահանջված միջամտությունները։
- Որպես դիմածնոտային պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ՝ հիմնականում զբաղվում եմ քթի ռինոպլաստիկայով (առաջնային և երկրորդային), դեմքի էսթետիկ ու ֆունկցիոնալ վիրահատություններով, ինչպես նաև վնասվածքներից կամ բնածին արատներից հետո վերականգնողական միջամտություններով։ Ներկայում ամենապահանջվածը շարունակում է մնալ ռինոպլաստիկան։
- Ի՞նչ արժե քթի ռինոպլաստիկան։
- Ռինոպլաստիկայի արժեքը կախված է վիրահատության բարդությունից, առաջնային կամ երկրորդային լինելուց, կիրառվող տեխնիկայից և բուժհաստատության պայմաններից։ Հստակ գինը որոշվում է միայն անհատական խորհրդատվությունից հետո։
- Ինչպե՞ս ընտրել ճիշտ պլաստիկ վիրաբույժ։
- Կարևոր է ուշադրություն դարձնել բժշկի մասնագիտացմանը, փորձին, կրթությանը, իրական արդյունքներին և պացիենտի հետ շփման որակին։ Վստահությունը, բաց և ազնիվ հաղորդակցությունը ընտրության հիմնական հիմքերն են։
- Քթի ռինոպլաստիկան մի ժամանակ ամենապահանջվածն էր. այժմ շա՞տ են դիմում։
- Այո՛, ռինոպլաստիկան շարունակում է մնալ ամենապահանջված վիրահատություններից մեկը։ Պարզապես այսօր պացիենտները ավելի տեղեկացված են և մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն էսթետիկ, այլև ֆունկցիոնալ արդյունքին։
- Լինո՞ւմ են դեպքեր, երբ հրաժարվում եք պացիենտի հետ աշխատել։
- Այո՛։ Եթե տեսնում եմ, որ պացիենտի ակնկալիքները անիրատեսական են, կամ ցանկությունը հակասում է բժշկական էթիկային ու իմ մասնագիտական սկզբունքներին, նախընտրում եմ հրաժարվել միջամտությունից։
- Իրո՞ք աճել է երկրորդային և երրորդային ռինոպլաստիկայի պահանջարկը։
- Ցավոք՝ այո։ Շատ դեպքերում անհաջող առաջնային վիրահատություններից հետո առաջանում են ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ էսթետիկ խնդիրներ, և պացիենտները դիմում են ավելի բարդ՝ երկրորդային կամ երրորդային ռինոպլաստիկայի համար։
- Ի՞նչ խորհուրդ կտաք դեմքի փոփոխություններ ցանկացողներին։
- Առաջին հերթին՝ չշտապել։ Կարևոր է հստակ հասկանալ՝ ինչու եք ցանկանում փոփոխություն, ընտրել մասնագետի գիտակցված ձևով և լսել բժշկի մասնագիտական կարծիքը։
- Հնարավո՞ր է այնպես վիրահատել, որ քթերը միանման չլինեն։
- Իհարկե։ Ճիշտ ռինոպլաստիկայի նպատակն է ընդգծել յուրաքանչյուր մարդու անհատականությունը և համապատասխանեցնել քիթը դեմքի կառուցվածքին։ Միանման արդյունքները հիմնականում սխալ մոտեցման արդյունք են, ոչ թե ռինոպլաստիկայի անհրաժեշտ հետևանք։
- Իսկ կատարո՞ւմ եք էնդոսկոպիկ միջամտություն, թե՞ ոչ:
- Այո, իրականացվում են էնդոսկոպիկ միջամտություններ՝ ըստ ընդունված կլինիկական ցուցումների և ժամանակակից ուղեցույցների:


