Վերլուծություն

Աշխարհի նոր «կռվախնձորը»

Աշխարհի նոր «կռվախնձորը»

Պակիստանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կայացած առաջին բանակցությունները, մեծ հաշվով, անարդյունք ավարտվեցին, իսկ Վաշինգտոնը որոշեց արգելափակել Հորմուզի նեղուցը։ Թեման վերջին ժամերին դարձել է միջազգային մասմեդիայի եւ հանրության ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը՝ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի համաշխարհային նշանակությունը, նավթի գների հետ կապված անկայուն իրավիճակը, մի շարք երկրների տնտեսությանը սպառնացող ռիսկերն ու այլ մարտահրավերները։
Մերձավոր Արեւելքում հակամարտության վերջին սրացումը աշխարհը դնում է մեծ ճգնաժամի եզրին։ Հորմուզի նեղուցի՝ համաշխարհային էներգիայի հիմնական զարկերակի փակումից հետո տարածաշրջանում լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի։ Թեպետ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած առաջին բանակցություններից հետո նախագահ Թրամփը պնդեց, թե խնդրահարույց հարցերի մեծ մասը լուծվել է, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ԱՄՆ առաջնորդը չափազանց դժգոհ է Իրանի գործողություններից։ Մասնավորապես, նա նշել է, որ ԻԻՀ իշխանությունները շանտաժով են զբաղված՝ նեղուցն ականապատելով եւ վճարներ գանձելով, իսկ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ իրեն շանտաժի ենթարկեն: Ավելին, Վաշինգտոնը չի կարողացել համաձայնության գալ Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Արդյունքում, իր սպառնալիքի մարտավարությամբ հայտնի ԱՄՆ նախագահն ապրիլի 12-ին հայտարարեց, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգները, այլ երկրների օգնությամբ, կկանխի ցանկացած նավի անցումը Հորմուզի նեղուցով, ինչպես նաեւ կփնտրի եւ կկալանի այն նավերը, որոնք վճարել են Իրանին` տարանցման համար:

Գլոբալ ռիսկեր։ Որո՞նք են այս հակամարտության երկարաժամկետ հետեւանքները նավթի շուկայի եւ աշխարհի համար: Որքանո՞վ են իրատեսական Պարսից ծոցի երկրների կողմից քննարկվող՝ Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարեր կառուցելու ծրագրերը: Կարո՞ղ ենք ասել, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների ակտիվ զարգացումը կվերսկսվի: Հիմնական գլոբալ ռիսկը, նեղուցի երկարատեւ փակման ամենաակնհայտ հետեւանքը, շատ փորձագետների կարծիքով, նավթի եւ էներգակիրների գների աճն է: Սա իր հերթին կհանգեցնի զարգացած երկրներում արագացված գնաճի՝ մեծացնելով համաշխարհային տնտեսական անկման եւ պարենային ճգնաժամի ռիսկը։ Փաստ է, որ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը փոթորիկ է առաջացնում համաշխարհային շուկաներում՝ Իրան-ԱՄՆ շարունակվող տարաձայնությունների եւ Հորմուզի նեղուցի հետ կապված վերջին զարգացումների պայմաններում։
«Իրանական պորտֆել». ինչպե՞ս շահույթ ստանալ աշխարհաքաղաքականությունից։ Վաշինգտոնը եւ Թեհրանը շարունակում են պայքարել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար, իսկ հակամարտող կողմերի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը դեռեւս անհայտ է։ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ միջնորդներ Պակիստանը եւ Թուրքիան փորձում են կազմակերպել նոր փուլ, մինչեւ հրադադարի ավարտը (ապրիլի 21-ին)։ Այնուամենայնիվ, զարգացումները դժվար է կանխատեսել: Axios-ի աղբյուրները նշում են, որ Թրամփը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, եթե Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը չստիպի Իրանին փոխել ուղղությունը։ Garda Capital-ի ներդրումային ռազմավար Ալեքսանդր Բախտինի խոսքով, նույնիսկ եթե հակամարտությունն ամբողջությամբ ավարտվի մոտ ապագայում, շուկայի մասնակիցները դեռ ստիպված կլինեն գործողությունների սցենար մշակել՝ նեղուցի փակման հետ կապված: «Սա բարձրացնում է վառելիքի վերջնական արժեքը համաշխարհային շուկաներում, բարձրացնում է գնաճը, ճնշում է գործադրում տոկոսադրույքների վրա եւ ընդհանուր առմամբ նվազեցնում է համաշխարհային տնտեսական աճի ներուժը: Հակամարտության հիմնական հետեւանքը նավթի գների երկարաժամկետ ռիսկի պարգեւավճարն է»,- ընդգծում է նա։

Freedom Finance Global-ի վերլուծաբան Վլադիմիր Չերնովը նույնպես նշում է, որ նավթի վրա հիմնական երկարաժամկետ ազդեցությունը մշտական աշխարհաքաղաքական գնային պարգեւավճարն է: «Հորմուզը մնում է համաշխարհային շուկայի հիմնական հանգույցը. 2025 թվականի առաջին կեսին նեղուցով օրական անցել են 20.9 միլիոն բարել նավթ եւ նավթամթերք կամ համաշխարհային հեղուկ ածխաջրածնի սպառման մոտավորապես 20%-ը: Ավելին, նեղուցով օրական անցել է 11.4 միլիարդ խորանարդ ոտնաչափ հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) կամ համաշխարհային ՀԲԳ առեւտրի ավելի քան 20%-ը: Հետեւաբար, նույնիսկ անցուղու մասնակի խափանումն անմիջապես ազդում է ոչ միայն նավթի, այլեւ գազի, բեռնափոխադրումների, ապահովագրության եւ ամբողջ ասիական մատակարարման շղթայի վրա»,- նշում է փորձագետը:

Շրջանցիկ ճանապարհներ։ Ըստ Financial Times-ի՝ Պարսից ծոցի երկրներն ուսումնասիրում են նեղուցը շրջանցող նոր խողովակաշարերի կառուցման հնարավորությունը, քանի որ դրա նկատմամբ Իրանի երկարաժամկետ վերահսկողությունը որպես սպառնալիք է ընկալվում։ Ըստ FT-ի՝ քննարկվում է Արեւելք-Արեւմուտք խողովակաշարի հզորությունների հետագա ընդլայնումը կամ նոր երթուղիների կառուցումը։ Հնարավոր տարբերակներից մեկը Հնդկաստանից Պարսից ծոցի միջով դեպի Եվրոպա միջանցք կառուցելու ամերիկյան նախագծի (IMEC) վերակենդանացումն է։ Ըստ փորձագետների՝ եվրոպական տարածաշրջանում խոսվում է միջուկային էներգիայի զարգացման մասին, սակայն նման սցենարի իրականացումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը կամ այլ կարեւոր տրանսպորտային ուղիները շրջանցող նոր խողովակաշարերի կառուցումը, ցանկացած դեպքում, կպահանջի զգալի ժամանակ։ Համաշխարհային նավթի շուկան կարող է առնվազն մի քանի ամիս բախվել մատակարարման սահմանափակման, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում նավթային օբյեկտների վնասման եւ դրանք վերականգնելու անհրաժեշտության պատճառով։ Հետեւաբար, այս հակամարտության ամենաերկարատեւ ազդեցությունը ոչ թե գների միանվագ աճն է, այլ նավթի, գազի, նավագնացության եւ համաշխարհային գնաճի նոր, մշտական ռիսկը։ Նույնիսկ եթե ռազմական հակամարտությունը դադարի, շուկան արդեն հասկացել է, որ Հորմուզը կարող է կաթվածահար լինել, եւ արագ փոխարինում չկա։ Հետեւաբար, այս պատերազմից հետո աշխարհը, հավանաբար, ավելի շատ կծախսի երթուղիների ռազմական պաշտպանության, պահեստային խողովակաշարերի եւ մաքուր էներգիայի վրա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image