Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում շինարարական աշխատանքների կազմակերպման մեջ առկա է լայն տարածում ունեցող փնթիություն, որի դեմ պայքարի հիմնական գործիքը, նրա խոսքով, արդյունավետ և գրագետ վարչարարությունն է։ Նա նշել է, որ բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմներն արդեն գոյություն ունեն, և խնդիրն դրանց ճիշտ կիրառումն է։
Ավինյանը որպես օրինակ նշել է «Պռոշյան–Պարոնյան» ծրագրի իրականացումը՝ ընդգծելով, որ այն պետք է ավարտված լիներ դեռ ապրիլին, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են։ Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ նույն շինարարական ընկերությունները հաճախ հաղթում են բազմաթիվ մրցույթներում, սակայն չեն կարողանում ապահովել ժամկետների պահպանումը։
Քաղաքապետը նաև քննադատել է նման վարքագիծը՝ այն որակելով որպես «ագահություն» և ընդգծել, որ այդ մոտեցումը պետք է հետևանքներ ունենա։ Նրա խոսքով՝ շինարարական կազմակերպությունները պետք է հասկանան, որ չի կարելի ստանձնել ավելի շատ պարտավորություններ, քան հնարավոր է իրականացնել սահմանված ժամկետներում։
Ավինյանը հավելել է, որ քաղաքային իշխանությունները պետք է կոշտ վարչարարական մոտեցում ցուցաբերեն՝ շեշտելով, որ շինարարական կարգապահության բացակայությունը պետք է վերանա քաղաքից։
«Ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր»,- ասել է նա: