2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Լաչինի միջանցքի երկայնքով և ուսումնասիրում դրանց մարդասիրական հետևանքները:
Այդ մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի բացման, ԵՄ դիտորդական առաքելության և բանակցությունների վերաբերյալ հարցերին։
«ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է տեղաշարժի և շարժման ազատության շարունակական սահմանափակումներով, որի հետևանքով բնակչության համար առաջանում են կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման խափանումներ»,-նշել է եվրոպացի պաշտոնյան։
Նա նշել է, որ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների։
Բորելի համոզմամբ, «Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը նույնպես պատասխանատու է միջանցքի վերահսկման ու գործունեության հարցում»։