Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս, աննախադեպ հայտարարություն արեց։ «Այո, իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն եւ այս տարիների ընթացքում իրականացնում եմ առողջապահության կազմակերպումը եւ իմ քաղաքական պաշտոնը որեւէ կապ չունի մասնագիտական գործունեության հետ»։ Լրագրողի դիտարկմանը՝ հիմա ինքը լավ իրավաբա՞ն է, թե՞ լավ կազմակերպիչ, պատասխանեց՝ «լավ նախարար եմ»:
Նման մեծամտություն երբևիցե որևէ առողջապահության նախարար նախկինում իրեն թույլ չէր տվել, և ոչ միայն առողջապահության։ Հաստատ շատերն են իրենց մտքում իրենց լավ նախարար համարել, բայց համեստորեն լռել են` գնահատականը թողնելով քաղաքացիներին և կառավարության ղեկավարին։ Իսկ Անահիտ Ավանեսյանը չունի անտեղի համեստություն։ Նա լրագրողների առաջ խրոխտ առոգանությամբ գլուխ է գովում, պարծենում է իր վարած կադրային քաղաքականությամբ, պնդում էր, որ գործում է համակարգի շահերից ելնելով։ Երևի նրան ասել էին, որ այդպես ավելի համոզիչ է իր խոսքը, որովհետև ինքնին կադրային նշանակումները հաջող կադրային քաղաքականության տպավորություն չեն թողնում։
Այսպես՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ձևավորումը` «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի միացումից, ուներ մեկ կարևոր նպատակ՝ ազատվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Սամվել Գրիգորյանից։ Գրիգորյանին աշխատանքից ազատեցին ժամանակավոր անաշխատունակության ընթացքում, երբ նա վիրահատվել էր ու դեռ հիվանդանոցում էր։ Այս հիմնարկում վերջին 6 տարիների ընթացքում 3 տնօրեն է նշանակվել, որոնցից և ոչ մեկը չուներ նեղ մասնագիտական համապատասխան հմտություններ՝ ինֆեկցիոն հիվանդությունների կամ ՁԻԱՀ-ի վերաբերյալ:
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, որը նունպես ԱՆ ենթակայության հիմնարկ է, վերջին 6 տարիների ընթացքում 4 տնօրեն է նշանակվել, իսկ հիմա տնօրենի պաշտոնում մասնագիտությամբ ատամնաբույժ է նշանակվել, հոգեբուժության հետ որևէ կապ չունեցող անձ:
«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, որի մասին երեկ խոսում էր նախարարը, վերջին 6 տարիներին ունեցել է 5 տնօրեն, ընդ որում՝ վերջին տնօրենը ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ, համակարգի հնաբնակ Վահե Հակոբյանն է։ Նա Սփյուռքի նախկին նախարար, ՀՀԿ-ական գործիչ Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին է և համակարգում համարվում է Անահիտ Ավանեսյանի մտերիմներից։ Նա աչքի է ընկել նրանով, որ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակ անընդմեջ նախագահում էր ամառային և ձմեռային զորակոչերի «Կենտրոնական բժշկական հանձնաժողովում» և ամենօրյա ռեժիմով զեկուցում էր նախարարին զորակոչի վերաբերյալ «հետաքրքիր» նյութերը (ում ազատեցին զինծառայությունից, ոնց, ինչպես և այլն)։ Այժմ նա «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենն է, լինելով մասնագիտությամբ ստոմատոլոգ։ Մինչ այդ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։ Աշխատանքի քիչ է գալիս։
Ի դեպ, ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի թիվ 589-Ն որոշմամբ նա կրկին զորակոչի «Կենտրոնական բժշկական հանձնաժողովի» նախագահն է։ Իսկ հանձնաժողովի անդամներն ու նախագահը ահռելի աշխատավարձ են ստանում՝ 700 հազար դրամ։ Բա «համակարգի շահ» չի, ի՞նչ է։ Արդյո՞ք շահերի բախում չէ, երբ տուբերկուլյոզային զորակոչի փորձաքննությունն իրականացվում է «Կենտրոնական բժշկական հանձնաժողովի» նախագահի ղեկավարած կազմակերպությունում, որովհետև այլ հիմնարկ Հայաստանում դրանով չի զբաղվում, և չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ: Այս հարցերը «լավ» նախարարին փաստորեն, չեն հուզում։