Քաղաքականություն

«Коту под хвост»

«Коту под хвост»

Եթե Ակսել Բակունցի հերոսը նամակ էր գրում «ռուսաց թագավորին», ապա այս օրերին գործող ողջ իշխանությունը հիացմունքի ու խոնարհումի խոսքեր է շռայլում ամերիկյան փոխնախագահի հասցեին: Հակառուսականությամբ տոգորված՝ բացառության առանձին պահերը չհաշված, ինքնիշխանության ռահվիրանները, չգիտես ինչու, այն կամովին հանձնում են ամերիկյան կողմին: Սկզբում դա արվեց Իլհամի պահանջած Զանգեզուրի միջանցքի, իսկ նախորդ օրը՝ էներգետիկ անվտանգության գծով: Պետք է մտածել, որ ռուսական հովանավորությունը սպառնալիք է ինքնիշխանության առումով, իսկ ամերիկյանը դրա ամրապնդումն է: Ինչն, իհարկե, անհեթեթություն է: Հատկապես որ ռուսականն ուղղակի և միայնակ էր, իսկ ամերիկյանը կլինի խառը և ոչ միայնակ: Այն կներկայանա ուղղակիորեն՝ հենց ամերիկյան տեսքով: Ինչպես նաև ոչ ուղղակիորեն՝ նրա ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի ու ռազմավարական գործընկեր Ադրբեջանի տեսքով: Դրանով էլ կյանքի կկոչվի՝ անվտանգության բազմակողմ ապահովման վերաբերյալ նիկոլական քաղաքագիտական նոու-հաուն:

Երևանում ԱՄՆ փոխնախագահը մոդուլային միջուկային ռեակտոր էր վաճառում մեզ վրա՝ այն էլ դեռևս փորձնական: Ինչը մեզանում իշխանության կողմից ներկայացվեց որպես «5+4» միլիարդ դոլարի ներդրում: Սակայն Բաքվում վերջինս ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեց Ալիևի հետ: Վաղուց է ասվում, որ եթե վերլուծություն կատարվի, թե ինչպիսի քաղաքականություն կարող էր վարել պետության գլուխ թուրք-ադրբեջանական գործակալը, ապա դրա լավագույն տարբերակը գործող իշխանությունը դիտարկելն է: Բայց քանի որ երևույթները զարգանալու տրամաբանություն ունեն, ապա ինչո՞ւ չպետք է թուրք-ադրբեջանականը չլրացվեր ամերիկյանով: Հատկապես որ այն նաև հիանալի քարոզչական նյութ է պարունակում նախընտրական ժամանակաշրջանի առումով: Եթե, իհարկե, տեխնոլոգիայի «արտահանում»-ը փոխարինում ես «ներդրում»-ով: Եվ ստացվում է, որ 5 միլիարդը ստանալու է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Հայաստանը: 

Սակայն այն, ինչ ասվելու է ստորև, կհանդիսանա այսօրվա աբսուրդային իրականության թագն ու պսակը: Գործող իշխանության կուռքը դարձած անձը, պարզվում է, չի համապատասխանում նման պատվի արժանանալու չափանիշներին: Երևի չիմանալով, թե ինչպես շահի ռազմավարական գործընկեր դարձած Իլհամի սիրտը, վերջինս ադրբեջանական բանակը համարում է տարածաշրջանում ամենահզորն ահաբեկչության դեմ պայքարում: Հիշենք, որ Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան ու էթնիկ զտումը, այսինքն՝ ցեղասպանությունը, հենց այդ բնույթի գործողություն ներկայացվեց Բաքվի կողմից: Ամերիկացին էլ, այլ բան չգտնելով, միամիտ-միամիտ կրկնում է ադրբեջանական ագրեսիվ խոսույթը: Ենթադրում եմ, կնոջ առումով վերջինիս կատակն՝ արված Բաքվում (կինը որպես փոխնախագահ), այլևս դժվար թե կյանքի կկոչվի: Քանի որ դրա համար լավ աշխատանք կկատարեն հայամետ դեմոկրատները: Դրանք գումարենք այն հանգամանքը, որ նիկոլական ողջ քարոզարշավը ջուրը գցվեց կամ, ռուսերեն ասված, գնաց «коту под хвост»: Ինչն ինձ ավելի է դուր գալիս, քան նրա նախագահ դառանալու կամ չդառնալու հանգամանքը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image