Նիկոլ Փաշինյանը հեռախոսային զրույց է ունենում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, աշխատանքից ազատում է իր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե կեսին, հիմնականում՝ ուժային հատվածին, որից անմիջապես հետո մեկնում է Վատիկան` հանդիպելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հնարավոր է, որ սա մեկ շղթայի տարբեր օղակներ են, որոնք ուղղված են սեփական իշխանության պաշտպանությանը կամ, ավելի կոնկրետ` Փաշինյանը փորձում է հարմարվել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, սեփական իշխանությունը պահելու համար գտնել նոր արտաքին աջակցություն:
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի պայքարը ներկայացվում էր որպես ոչ միայն երկու կուսակցությունների եւ երկրի երկու տարբեր գաղափարախոսություն դավանող ուժերի, այլ նաեւ համաշխարհային երկու գաղափարախոսությունների` պահպանողականների եւ նեոլիբերալների պայքար: Ընտրություններում հաղթեցին պահպանողականները, ինչը խոստանում է լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ամբողջ աշխարհում ընթացող քաղաքական գործընթացների վրա. ԱՄՆ-ն, լինելով աշխարհի թիվ մեկ տերությունը, վաղուց ազգային պետություն չէ, եւ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններն ազդում են ամբողջ աշխարհում եւ տարբեր երկրներում տեղի ունեցող զարգացումների վրա: Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ:
Փաշինյանի վարչակազմը եւ այդ վարչակազմի գաղափարախոսությունն ամբողջովին ներծծված է նեոլիբերալիզմով` 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղաշրջումը նեոլիբերալների հաղթանակն էր պահպանողական գաղափարախոսություն դավանող Հանրապետական կուսակցության նկատմամբ: Փաշինյանը վարում էր ազգային արժեքները ոչնչացնելու, նոր տիպի` առանց հիշողության, իր անցյալի ու պատմության հետ կապը կորցրած, ազգային ինքնությունից հրաժարված, ընտանեկան եւ համամարդկային արժեքներն ուրացած, սեփական բարեկեցությունն առաջնային համարող, անձնապաշտ մարդ (ինձ համար լավ լինի, մյուսների մասին թող իրենք մտածեն) ձեւավորելու համար նեոլիբերալիստական քաղաքականություն: Նա ձեւավորում էր մի հասարակություն, որտեղ գլխավոր արժեք պետք է լիներ ստամոքսը, կյանքի հիմնական եւ միակ իմաստը` այն լցնելը, եւ այդ նպատակին պետք է ստորադասվեր բացարձակապես ամեն ինչ, այդ թվում՝ հայրենիք, հիշողություն, պատմություն, ազգ, ընտանիք:
Այն քաղաքական հոսանքը, որը Հայաստանում ներկայացնում էր Փաշինյանը, ԱՄՆ-ում պարտություն կրեց: Ենթադրվում է, որ Թրամփի հաղթանակը Փաշինյանին զրկում է իր հիմնական արտաքին քաղաքական հովանավորի` Վաշինգտոնի աջակցությունից, առանց որի Փաշինյանը չի կարող պահել սեփական իշխանությունը: Չունենալով ներքին լեգիտիմություն, հանրային աջակցություն՝ Փաշինյանի իշխանությունը հիմնված է բացառապես արտաքին աջակցության վրա, նրա դեմ քաղաքական պայքարը ձախողվում է, քանի որ նա ունի ԱՄՆ շատ ընդգծված աջակցությունը, նրա կողմից իրականացվող ցանկացած հակաժողովրդավարական, ակնհայտ բռնապետական քայլերն ու գործողություններն արժանանում են, այսպես կոչված. «ժողովրդավարական Արեւմուտքի» կա՛մ հավանությանը, կա՛մ աննկատ են մնում:
Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ Թրամփի նախագահ դառնալով ինքը կորցնում է այնպիսի հենարան, ինչպիսին ԱՄՆ-ն է: Ի դեպ, նույնը տեղի է ունենում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Հիմա նա փորձում է շատ արագ փոխել հենարանը եւ տեղավորվել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մեջ` ուզում է թունդ նեոլիբերալից դառնալ սուպերպահպանողական: Իսկ ո՞վ է աշխարհում պահպանողական հոսանքի առաջնորդը․ իհարկե՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որի մոտ եւ շտապում է Փաշինյանը: Նրա նպատակն է՝ Հռոմի պապին համոզել, որ ինքն ուղնուծուծով պահպանողական է, ազգային եւ համամարդկային արժեքների, քրիստոնեության եւ եկեղեցու անմնացորդ պաշտպան, մշտապես դեմ է եղել ԼԳԲՏ + շարժումներին եւ քարոզչությանը, ուղղակի հանգամանքների բերումով գերի է եղել այդ ուժերի ձեռքին, Թրամփի հաղթանակը դիտարկում է իր անձնական հաղթանակը, որն իրեն այդ ուժերի գերությունից ազատագրվելու հնարավորություն է տալիս:
Որպեսզի ասվածն առավել համոզիչ հնչի, նա աշխատանքից ազատում է իր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կեսին եւ Հռոմի պապի մոտ է գնում գրեթե արձակված կառավարությամբ. եթե Պապն իր աջակցությունը հայտնի Փաշինյանին, նա պատրաստ է նոր կառավարություն ձեւավորել, պաշտոնների նշանակել արդեն նոր տիպի, նոր արժեքային համակարգի հետեւորդների` նեոլիբերալներին փոխարինել պահպանողականներով: Նա նույնիսկ նոր խորհրդարանական ընտրություններ կկազմակերպի եւ կփոխի խորհրդարանի կազմը, միայն թե իրեն իշխանության մնալու հնարավորություն տրվի: Թե ինչպիսին կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատասխանը, չեն կարող ասել, բայց ենթադրվում է, որ նրան մերժելու են, որովհետեւ մարդակերը չի կարող մարդասեր դառնալ, նեռը` սրբանալ:
ՀԳ. Կարող են ասել, որ Թրամփն իշխանության էր 2016-2020 թվականներին, եւ այդ ժամանակ տեղի ունեցավ Փաշինյանի թավշյա հեղաշրջումը, Թրամփի պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը լավ էլ իրականացնում էր իր նեոլիբերալիստական քաղաքականությունը, բայց բոլորն են այն կարծիքին, որ Թրամփի երկրորդ նախագահությունն էականորեն տարբերվելու է առաջինից, այն ժամանակ նա ստիպված էր գնալ փոխզիջումների` նեոլիբերալներին տեղավորվել նրանց արտաքին քաղաքական կուրսի մեջ, վախենալով, որ ակնհայտ դիմադրությունը կարող է հանգեցնել իր ֆիզիկական ոչնչացման: Հիմա նա արդեն պատրաստված է դրան՝ թե՛ թիմի, թե՛ ընդհանրապես ամբողջ իշխանական համակարգն իր կողմնակիցներով համալրելու, իշխանության ներսում իրեն ուժեղ զգալու հարցում:
Գուցե ասվածը մի քիչ բարդ եւ խիստ կոնսպիրոլոգիական հնչի, բայց սա մի տեսակետ է, որը եւս կյանքի իրավունք ունի: