Սկզբում դատավորներին անվանում ես վնգստացող, ԲԴԽ-ի միջոցով բոլոր քիչ թե շատ անկախ դատավորներին ազատում պաշտոններից, դատավոր դարձնում ջահել, անփորձ, դատավորի առաքելության մասին հեռավոր պատկերացում անգամ չունեցող մարդկանց, ապա հանձնարարում ես Քննչականին քեզ քննադատող, քո հեռացումը երազող ցանկացած մեկի նկատմամբ քրգործ հարուցել եւ կալանքի միջնորդություն տանել դատարան։ Եվ քո նշանակած կամակատար դատավորներն անմռունչ կալանքի սանկցիաներ են տալիս, ՔՊ-ականների բոլոր հայցերն են բավարարում՝ ընդդիմության ու լրատվամիջոցների դեմ։
Իսկ հետո դու հայտարարում ես՝ դատարանի որոշմամբ դուք մեզ զրպարտել եք, դուք հեղաշրջում եք կազմակերպել, բռնության կոչեր եք արել։ Սկզբում ամեն փողոց դուրս եկողի, ամեն հանրահավաքի մասնակցի հանձնարարում ես բռնել․ ասֆալտին փռելով ու բռնություն կիրառելով՝ բերման ենթարկել ոստիկանություն, ապա Քննչականիդ հանձնարարում ես քրեական գործեր հարուցել, կալանքի միջնորդություններ տանել, քո նշանակած դատավորների որոշումներով նրանց ամիսներով պահում ես կալանավայրերում։ Հետո հայտարարում ես՝ ով համաձայն չէ իմ վարած քաղաքականության հետ, Արցախի հարցի փակման հետ, կոչ եմ անում՝ հեղափոխություն անել։ Սկզբում ասում ես՝ մենք կլուծենք Գյումրիի քաղաքապետի հարցը, նման մարդը չի կարող քաղաքապետ աշխատել։
Իսկ շաբաթներ անց «պարզվում է»՝ քաղաքապետը կաշառք է վերցրել, եւ նա հայտնվում է բանտում։ Սկզբում ասում ես․ «Ստահակ, հիմա քեզ «մեր ձեւով» ցույց կտամ», եւ ԱԱԾ-ն գնում է Սամվել Կարապետյանի հետեւից։ Սկզբում Արշակ սրբազանին անվանում ես «պոռնկաբարո», գրում՝ «նա պետք է կարգալույծ արվի», ապա Քննչականը 7 տարվա վաղեմության պլան է հայտնաբերում ինչ-որ մեկի ուսապարկում եւ Արշակ սրբազանին կալանավորում։