Աշխատանքի եւ սոցիալական նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը պարզաբանում է տարածել «Հրապարակի»՝ «Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը» նյութի վերաբերյալ։
Նա վստահեցնում է, որ ԱՍՀ նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին չեն ստիպում ազատել իրենց բնակարանները, այլ քանի որ Միգրացիոն ծառայության ենթակայությամբ գործող «Հանրակացարաններ» կազմակերպությանը փոխարինել է սոցապի «Օթեւան» ՊՈԱԿ ը, բնակիչներին առաջարկվել է թարմացնել պայմանագրերը, այժմ արդեն այս նոր ՊՈԱԿ-ի հետ։
«Տեղեկացնում ենք, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել:
Տվյալ ընտանիքներին առաջարկված նոր պայմանագրերի կնքումը պայմանավորված է բացառապես իրավական փոփոխություններով․ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների կացարանով ապահովման ծառայությունների կանոնակարգումը վերապահվել է «Օթևան» ՊՈԱԿ-ին, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ծառայությունների հետագա մատուցումը կազմակերպել նախարարության որդեգրված քաղաքականության և ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և մանրամասն պարզաբանում կտրվի նաև տվյալ ընտանիքների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում»:
Այնուամենայնիվ «Հրապարակի» նյութն անհետեւանք չմնաց։ Երկուշաբթի ԱՍՀ փոխնախարար կայցելի Դարբնիկ, բնակիչների հետ հանդիպման։