Նիկոլ Փաշինյանի դպրոցի ուսուցիչներից մեկը մեզ պատմեց, որ դեռ դպրոցական տարիներին նա պրոբլեմներ էր ստեղծում ուսուցիչների համար․ կազմակերպում էր՝ դասից փախչում էին, ողջ դպրոցն իրար էր խառնում, եւ բանը հասնում էր նրան, որ հայրը՝ Վովա Փաշինյանը, որը նույն դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր, բոլորի աչքի առաջ նրան ծեծում էր: Այսինքն՝ խառնակչությունը, խժդժություններ հրահրելը նրան բնորոշ են եղել դեռ պատանի տարիքից: Հետո նա մեն մենակ գալիս է Երեւան, ընդունվում է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ հենց ուսանողական տարիներին սկսում է աշխատել` թղթակցել տարբեր թերթերի. «Դպրություն», «Մոլորակ», եւ այնքան հոդվածներ է գրում իր բուհի, դասախոսների, տարբեր պաշտոնյաների դեմ, որ չորրորդ կուրսում նրան` բացակայությունների հիմքով, հեռացնում են ԵՊՀ-ից: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկանը` Գառնիկ Անանյանը, որը նույնպես իջեւանցի էր, նրա մասին միշտ վատ էր արտահայտվում: Փաշինյանը ոչ միայն նրա մասին էր հոդվածներ գրել, այլեւ նրա քրոջ` Իջեւանի շրջկոմի քարտուղար Ջեմմա Անանյանի: Մի կողմից՝ դասերի չէր գնում, մյուս կողմից՝ կոնֆլիկտային էր, եւ ֆակուլտետի դեկանն էլ 5-րդ կուրսում որոշում է նրան հեռացնել բուհից: Դրանից հետո նա արդեն հիմնավորապես սկսում է լրագրությամբ զբաղվել` աշխատելով Հայկազ Ղահրիյանի «Մոլորակ» թերթում, որտեղից էլ հետագայում հեռանում է` բացելով «Օրագիր», ապա՝ «Հայկական ժամանակ» թերթերը:
Կար ժամանակ, որ շատերը հիացած էին Փաշինյանի խմբագրած թերթով, սակայն այդ թերթը մի կողմից սուր, սկանդալային հրապարակումներ էր անում, օդից կախված լուրեր էր հրապարակում, մյուս կողմից` կարճ ժամանակում դարձավ ամենամեծ տպաքանակն ունեցող թերթը` նաեւ այն սկանդալների ու քրեական գործերի պատճառով, որոնց մեջ հայտնվում էր նրա խմբագիրը, երբեմն՝ պատահմամբ, երբեմն` դիտավորյալ: Ոչ մի տաբու չուներ Փաշինյանի լրատվամիջոցը` բանակի, արտաքին քաղաքականության, մարդկանց անձնական կյանքի մանրամասներ, դավադրությունների տեսություններ հրապարակելու առումով: Ուղղակի այն ժամանակվա բանակը, զինվորականները, պաշտոնյաների մեծ մասը դա համարում էին նորմալ եւ նրա հետեւից չէին ընկնում: Իսկ 2000-ականներին Փաշինյանը որոշեց մտնել քաղաքականություն, սակայն դա հաջողվեց միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով, երբ նա 2007-ին որոշեց մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին: Բայց այդ թիմի հետ էլ նրա ջրերը երկար չգնացին մի առվով: 2012-ին պատգամավոր դառնալուց կարճ ժամանակ անց նա այնպես գժտվեց Տեր-Պետրոսյանի թիմի հետ, որ նրա թերթում սկսեցին հոդվածներ գրել «Քոռ Լեւոնի» եւ «Մեծ խառնակչի» մասին: Շատ քիչ բան է մնացել, որ նա չի հասցրել հարամել՝ հիմա ձեռքերը հասել են Եկեղեցուն ու հայազգի բարերարներին: 7 ծանր տարիներ, որոնք շատ թանկ նստեցին մեզ վրա: