Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխություններ՝ հանուն ինչի

Սահմանադրական փոփոխություններ՝ հանուն ինչի

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն օգոստոսի 29-ին հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027 թվականին։ Մինչ այդ էլ իշխանությունը՝ մե՛կ Փաշինյանի, մե՛կ այլ ՔՊ-ականների շուրթերով հայտարարել էր, որ պատրաստվում են Սահմանադրություն փոխել։ Այսինքն՝ Սահմանադրությունը 2026 թվականի ընտրական տարուց հետո կփոխվի։ Սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության հարցն ինքնին օրակարգային կարեւոր հարց չէր դառնա, եթե այն որպես նախապայման չդրվեր Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու, հարաբերությունների նորմալացման հիմքում։ Սահմանադրությունը, մեծ հաշվով, երկրի մայր օրենքն է, որը, ընդհանուր առմամբ, կազմակերպում է երկրի կյանքը, եւ այն փոփոխելը, լրացնելը կամ նորացնելը բնական կարելի է համարել, եթե ժամանակն ու կյանքն են թելադրում։ Հատկապես որ սահմանադրությունները, որպես կանոն, ունենում են դրույթներ, որոնք, անկախ ամեն ինչից, ենթակա չեն փոփոխության եւ երաշխավորում են ընդհանուր կացութային տրամաբանություն եւ համակարգ՝ նյուանսներից վեր լինելով։

Սակայն ներկայում առաջարկվող փոփոխությունները հատկապես սուր են ընկալվում, քանի որ այն դարձել է Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը։ Ռուսաստանը, օրինակ, սահմանադրական վերջին փոփոխություններով, իր մայր օրենքը լիովին համապատասխանեցրեց Ռուսաստան պետության օրվա թելադրանքին՝ գեոպոլիտիկից մինչեւ ինքնության այն ընկալումներ, որոնք իբրեւ տեսլական եւ նպատակ՝ արձանագրել է ռուսական գործող իշխանությունը։

Հայաստանը, մեծ հաշվով, սահմանադրական փոփոխությունների բավականին հարուստ փորձ ունի։ 1995 թվականին ընդունված մայր օրենքն առաջին անգամ փորձ արվեց փոփոխելու 2003-ին, սակայն այն ժամանակ բավարար ձայներ հանրաքվեն չհավաքվեց, եւ փոփոխությունը հետաձգվեց 2005 թվականին։ Այն ժամանակ հիմնական խնդիրը նախագահի, կառավարության եւ խորհրդարանի լիազորությունների հավասարակշռման անհրաժեշտությամբ էր պայմանավորված։ Հաջորդ փոփոխությունը 2015 թվականին էր, որով Հայաստանը կիսանախագահական կառավարումից անցավ խորհրդարանական կառավարման՝ սուպերվարչապետական համակարգին։

Հայաստանի գործող իշխանությունների կողմից Սահմանադրությունում փոփոխություններ իրականացվեցին 2019-20 թթ․, ընդ որում՝ իրավաբանների կարծիքով, ապօրինի փոփոխություններ, քանի որ իրականացվեցին ոչ թե համաժողովրդական հանրաքվեի, այլ խորհրդարանի միջոցով։ Այդ փոփոխությունները նույնիսկ փաշինյանական իշխանությունը դիտարկեց որպես «թավշյա հեղափոխության» նոր փուլ։ Իշխանությունն այն ժամանակ ուզում էր ամեն գնով իր հսկողության տակ առնել Սահմանադրական դատարանը եւ, մեծ հաշվով, դա կարողացավ անել՝ ո՛չ ՀՀ հանրությունը, ո՛չ միջազգային կառույցները դրան չխանգարեցին։

Ներկա փոփոխությունները, որոնք նախատեսում են իրականացնել, մեծ հաշվով, նշանակում է նոր Սահմանադրություն գրել, այլ ոչ թե եղածի փոփոխություն։ Ու հաշվի առնելով արտաքին գործոնները, Հայաստանի վիճակը, ռեգիոնալ իրավիճակը եւ հազար ու մի այլ պատճառ՝ նոր փաստաթուղթը կկազմվի նոր իրողությունների համաձայն, այսինքն՝ Բաքվի քիմքին հաճո տարբերակով։ Եվ ցույց կտա ապագայի այն տեսլականը, որն ունեն Հայաստանի ներկա իշխանությունները Հայաստան պետության հարցում։ Այդ տեսլականը՝ թուրք-ադրբեջանական տանդեմից կախված, կիսահպատակ երկիրն է, ըստ էության, լինելու։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image