Մշակույթ

«Հրապարակ». Մենք ավելի շատ ուրախացանք երեխուս գրանցելուց, քան մարդիկ` բերդից ազատվելուց

«Հրապարակ». Մենք ավելի շատ ուրախացանք երեխուս գրանցելուց, քան մարդիկ` բերդից ազատվելուց

Հունիսի 24-ից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսհաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ Այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։

Հունիսի 24-ի ժամը 15։30-ի դրությամբ արդեն հայտագրվել էր ավելի քան 8 հազար 900 երեխա։ Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները եւ տվյալ հաստատությունում աշխատողների երեխաները, առաջին դասարան հաճախելու համար արդեն հայտագրվել է շուրջ 18 հազար 900 երեխա։

Հուլիսի 1-ից կմեկնարկի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am համակարգի միջոցով՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաների համար։

Ի դեպ, օրեր առաջ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, հորդորելով ծնողներին՝ չփորձել նույն երեխային տարբեր սարքերից հայտագրել: «Դրա արդյունքում համակարգն ունենում է մեծ ծանրաբեռնվածություն, եւ դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը»։ Ուստի, որպես համակարգի խափանումը լուծելու միջոց, ԿԳՄՍՆ-ն առաջարկել էր ծնողներին՝ մեկ երեխային հայտագրելու համար օգտագործել մեկ սարք։
Սակայն անգամ այս պարագայում ծնողների շրջանում դժգոհությունները մեծ էին, որոնք իրենց սոցիալական էջերում, տարբեր խմբերում կիսվել էին համակարգի հետ կապված մի շարք դժվարություններով։ Այսպես, օրինակ․ «Հարգելի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, մեր տունը գտնվում է դպրոցի կողքը, եւ այդ դպրոցում տեղերը շատ քիչ են, իսկ մյուս ամենամոտ դպրոցը կես ժամ եւ ավելի է տնից, ինչո՞ւ թաղամասային առավելություն չի տրվում դպրոցի հարակից տարածքում բնակվողներին եւս։ Հիմա ինչպե՞ս ես չփորձեմ տարբեր սարքավորումներով հայտ լրացնել, եթե հավանականություն կա, որ չգիտեմ ուր պիտի գնա, եթե ուշացնենք հայտադիմումը։ Երբեւէ չէի պատկերացնի, որ դպրոց ընդունվելն ավելի սթրեսային կլինի, քան կյանքի մնացած ավելի կարեւորագույն պահերը»։  

«Դուք ընդհանրապես վերահսկո՞ւմ եք կայքը, ի՞նչ ա նշանակում՝ 10 րոպե անընդհատ տալ սխալ, սխալ, հետո մտնել, եւ բոլոր տեղերը զբաղված լինեն․․․, տպավորություն է, որ կայքը մենակ մեզ համար է կախում, ում համար պետք է, լավ էլ աշխատում է․․․»։

«Մենք էլ նույն կարգավիճակում ենք, լրիվ ուրիշ դպրոց ենք տանելու ու շատ հեռու տնից, լրիվ լկտիություն է տիրում, քաոսային վիճակ, սթրես, զզվում ես արդեն սրանց խաղերից»։

«Եթե մի քանի սարք չօգտագործենք, չենք կարողանա մեր ցանկացած դպրոցում երեխային հայտագրել։ Ուստի վերանայեք օնլայն գրանցման պայմանները։ Ծնողն ընկնում է սթրեսի մեջ եւ չի կարողանում երեխային հայտագրել հենց տվյալ դպրոցում։ Իսկ չե՞ք կարող վերանայել հայտագրման գործընթացը, որ նման անհեթեթ խնդիրներ չլինեն»։
«Արա, մենք ավելի շատ ուրախացանք էրեխուս գրանցելուց, քան մարդիկ բերդից ազատվելուց․․․ 10 հոգով հեռախոսները ձեռներս՝ ծերացանք, հո դուք տավար չե՞ք»։  

«Դիմացեք, բան չմնաց, հեսա 500 մլն AI ներդրում կբերեն, ու կկարգավորվի, այ մարդ, 45 հազարի մեջ էդ ի՞նչ մի բարդ բան է նույն մարդու նույնականացնելը, SQL-ից հասկացող մարդ չունե՞ք աշխատող, հիմա ո՞րերորդ դարն ա, որ միաժամանակ 45 հազար հարցումը ծանրաբեռնվածություն ա առաջացնում»։
«Առաջին դասարանցիների գրանցման օրը՝ ժամին, խափանվում է Team Telecom Armenia-ի ինտերնետը»,- նկատել էր մի ծնող։

Այդուհանդերձ, համակարգին կողմ արտահայտվողներ էլ կային․ «Ամեն ինչ շատ ճիշտ ու մակարդակով է արվում, պարզապես մենք սովոր չենք այսպես, մենք սովոր ենք ընկեր Պողոսյանին մի 100 դոլար տանք, ու մեր ուզած տեղում երեխան հաճախի դպրոցի մեր ուզած ուսուցչի մոտ։ Այսպես հնարավոր չէ գնել տնօրենին, դասղեկին, դպրոցը, դրա համար մեզ այսպես ձեռք չի տալիս»։

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համակարգը խափանում չի ունեցել, ուղղակի եղել է ծանրաբեռնված։ «Համակարգը բացվել է այսօր՝ առավոտյան ժամը 9-ին, եւ միայն առաջին 3 րոպեների ընթացքում է ունեցել ծանրաբեռնվածություն, բայց խափանում չի ունեցել, ուղղակի եղել է ծանրաբեռնված, եւ այդ ծանրաբեռնվածությունը բնական ծանրաբեռնվածություն է, որովհետեւ մենք, օրինակ, նախատեսում էինք, որ 15 հազար հայտագրվող պետք է լինի այս փուլում, բայց իրականում առաջին մեկ ժամում եղել է 5 հազար հայտագրվող երեխա, բայց առաջին րոպեներին միաժամանակյա հարցումների թիվը եղել է 81 հազար։ Մենք կանխատեսելով, նաեւ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ նախատեսել էինք, որ 15 հազարի պարագայում կարող է լինել, օրինակ, 2 ծնող, որ երեխային մի քանի սարքից հայտագրի, ի դեպ, նախարարությունը նաեւ հայտարարություն էր տարածել, որ մեկ երեխային մեկ սարքով հայտագրեք, բայց, ցավոք, մեր ծնողները դա չեն լսում ու չեն կիրառում, եւ հենց իրենք են առաջացնում ծանրաբեռնվածություն»,-հավաստիացնում է Պողոսյանը։

Մարդիկ փորձում են մի քանի սարքով հայտագրվել՝ նախկինի փորձը հաշվի առնելով, ինչի հետ, սակայն, համաձայն չէ ԿՏԱԿ տնօրենը, քանի որ «վերջին 3 տարիների ընթացքում մենք ունենում ենք ընդամենը նման տիպի ծանրաբեռնվածություն, որը բնական է նման համակարգերի համար։ Համակարգը չի խափանվել, ինքն ուղղակի ծանրաբեռնվել է»,- կրկնում է տնօրենը։

Ա․ Պողոսյանն ասում է՝ այս տարվա ամենաշատ հարցումները կապված են եղել Բլոկի անվան թիվ 122 դպրոցի հետ․ «Մեզ անընդհատ զանգահարել են այդ դպրոցից, որտեղ առաջին դասարանցիների համար նախատեսված է եղել 45 տեղ։ Առաջին՝ արտոնությունների փուլի ավարտից հետո այդ դպրոցում մնացել էր ազատ ընդամենը 14 տեղ, եւ բնական է, որ դա փակվում է շատ արագ, որովհետեւ ծնողների շրջանում տարածված է, որ դա լավ դպրոց է, եւ ցանկացողները՝ իրենց երեխաներին այնտեղ հայտագրելու, քառակի անգամ շատ են, քան լիցենզիայով տրված հնարավոր տեղերը, եւ ծնողը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է 9.03 րոպեին տեղ չմնա այդ դպրոցում, իսկ տեղ չմնաց, որովհետեւ միաժամանակ 150 ծնող ուզում է իր երեխային գրանցել 14 տեղի համար, եւ համակարգն ում հարցումն առաջինը ստացավ, նրանն էլ գրանցում է, եւ միլիվայրկյանների ընթացքում ստացվում է, որ գրանցվեցին երեխաները, որովհետեւ միաժամանակ տարբեր տեղերից հայտագրում են անում, ոչ թե հերթով»։

ԿՏԱԿ տնօրենը բացառում է, որ կարող է մի ընտանիքից 2 երեխա համակարգի պատճառով տարբեր դպրոցներում հայտագրվել, քանի որ 1-ին փուլի արտոնությունը հենց այդ խմբերին է տրված։ «Այն երեխաները, ովքեր սովորում են դպրոցում, ծնողներն իրենց քույր-եղբայր երեխաների համար ունեցել են արտոնյալ ժամանակահատված՝ երկու շաբաթ տեւողությամբ, եւ իրենք հանգիստ կարող էին գրանցել իրենց երեխաներին այն դպրոցում, որտեղ արդեն ունեն սովորող երեխա»,- ասում է նա ու բացառում, որ այս փուլում կարող էր նման խնդիր լինել, քանի որ նախորդում տրվել է նման հնարավորություն։

Ինչ վերաբերում է ինտերնետ կապին, որը որոշ ծնողների մոտ այդ ժամին խափանվել է, Ա․ Պողոսյանը նկատում է, որ նման բողոքներ չեն ստացել, եւ դա իրենց պատասխանատվության մեջ չէ։

Եթե մի կողմ դնենք համակարգի ծանրաբեռնվածությունը, տեխնիկական խնդիրները, բուն հայտագրման գործընթացը միջինում ինչքա՞ն է տեւում եւ որքա՞ն ժամանակ է խլում ծնողներից։ «Որ ասեմ՝ չեք հավատա, ծնողն ընդամենը հավաքում է երեխայի սոցիալական քարտի համարը՝ 10 նիշ, հետո իր սոցիալական քարտի համարը՝ եւս 10 թիվ, իր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ սեղմում է «հայտագրել»։ Մաքսիմում 30 վայրկյան»,-վստահեցնում է ԿՏԱԿ տնօրենը։

Այդ դեպքում ինչո՞ւ է ամեն անգամ հայտագրումը պատմություն դառնում ծնողների համար։ «Որովհետեւ կան դպրոցներ, որտեղ մեր ծնողները մինչեւ հիմա ասեկոսեներով ասում են՝ սա լավ դպրոց է, եւ հիմնականում դրանք այն դպրոցներն են, որոնք հիմնանորոգվում են։ Ես հիմա կարող եմ ձեզ օրինակ բերել․ Սասունցի Դավիթ փողոցում գործում է 6-րդ դպրոցը, մինչեւ հիմնանորոգումը երբեւիցե մենք չենք ունեցել տարի, որ այդ դպրոցի առաջին դասարանցիների տեղերը սպառվեն։ Հենց դպրոցը սկսեց գործել հիմնանորոգված տարածքում, հիմա այդ դպրոցում ընդամենը րոպեների ընթացքում տեղերը սպառվում են։ Ծնողներին հասկանում եմ, որովհետեւ հիմնանորոգված միջավայրում ավելի հաճելի է երեխային դպրոց ուղարկել, եւ այդ ծանրաբեռնվածությունն առաջանում է հենց դրանից, բայց, միաժամանակ, այդ դպրոցի հարեւանությամբ, ընդամենը 500 մետր վերեւ, անգամ փողոց անցնելու խնդիր էլ չկա, գործում է թիվ 17 դպրոցը, որն էլի նորոգված, նորմալ դպրոց է ու վատ դպրոց չէ, բայց հիմնանորոգված չէ։ Այսպիսի նախընտրություններ կան ծնողների կողմից, եւ նույն ծնողներն էլ պետք է հասկանան, որ գոյություն ունեն մի շարք հանգամանքներ՝ լիցենզիոն տեղեր, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, եւ ուղղակի հնարավոր չէ բոլորին ընդունել մեկ տեղ։ Այդ խնդիրն առաջանում է հենց դրանից»,- ընդգծում է ԿՏԱԿ տնօրենը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image