Հունվարի 20-ին Հայաստանի վարչապետի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաեւ՝ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։ Ոչ մի խոսք այն մասին, թե ով է Վլադիմիր Եվտուշենկովը, ինչով է զբաղված, եւ ինչու է աշխարհի տասնյակ եւ հարյուր միլիոնավոր գործարարների մեջ Փաշինյանը հենց նրան ընդունել: Մինչդեռ Եվտուշենկովը հայտնի է նրանով, որ «ԱՖԿ Սիստեմա» ընկերության հիմնական սեփականատերն է, նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը, իսկ որդուն՝ Ֆելիքս Եվտուշենկովին՝ 15 տոկոսը: Հայր եւ որդի Եվտուշենկովները միասին վերահսկում են ընկերության բաժնետոմսերի 64 տոկոսից ավելին: Եվտուշենկովը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից է`միլիարդատեր: Բայց ինչո՞ւ ո՛չ վարչապետի կայքը, ո՛չ նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», որը եւս հրապարակել է այս տեղեկությունը, չեն գրում սրա մասին, չէ՞ որ Փաշինյանը շարքային գործարարի չի ընդունել, ինչպես կարելի է հասկանալ իրենց տարածած հաղորդագրությունից, այլ՝ չափազանց հարուստ, հեղինակավոր եւ ազդեցիկ: Կա երկու կարեւոր պատճառ:
Նախ, պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, որ Փաշինյանն ընդունել է «ԱՖԿ Սիստեմա» ընկերության սեփականատիրոջը՝ այն պարզ պատճառով, որ հայ հասարակությանն այս ընկերությունը հայտնի է նրանով, որ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել եւ գուցե հիմա էլ է՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընկերության տնօրենների խորհուրդը, որ վերջին անգամ ընտրվել է 2024-ին, կազմված է 12 անդամից, սակայն տնօրենների խորհրդի անդամների կազմը չի հրապարակվում, այն գաղտնի է: Ռուսական բազմաթիվ ընկերություններ, որոնք ընկել են արեւմտյան պատժամիջոցների տակ գաղտնի են պահում իրենց ղեկավարության կազմը, որպեսզի նրանց հնարավորություն տան խուսափելու այդ պատժամիջոցներից: Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր երկիրը թալանելու, միլիարդատեր դառնալու մեջ, ըստ Փաշինյանի` Քոչարյանի կարողությունը կազմում է 4 միլիարդ դոլար, այդ կարողությունը նա Հայաստանում չի պահում, այդքան փող պահելու տեղ չկա, ենթադրվում էր, որ նա այդ գումարները ներդրել է «ԱՖԿ սիստեմայում», որի մեջ է մտնում ՄՏՍ-ը, իսկ Վիվա Սելլ-ը դրա դուստր ձեռնարկությունն էր, գուցե՝ նաեւ հիմա էլ, որն էլ նրան այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ ընտրվելու հնարավորություն է տալիս: Ընկերության տնօրենների խորհուրդն ընտրվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, հիմնականում՝ խոշոր բաժնետերերը կամ նրանց ներկայացուցիչները, թեեւ տեսականորեն կարող են ընտրվել նաեւ ընդհանրապես բաժնետեր չհանդիսացող մարդիկ: Եթե Փաշինյանը պաշտոնապես հայտարարի, որ ընդունել է «ԱՖԿ Սիտեմայի» ամենախոշոր սեփականատիրոջը, ապա կստացվի, որ ընդունել է Ռոբերտ Քոչարյանի բիզնես գործընկերոջը եւ պետություն-մասնավոր հատվածի համագործակցություն է քննարկում մի ընկերության սեփականատիրոջ հետ, որտեղ մասնաբաժին ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Մի ընկերության սեփականատիրոջ, որտեղ ներդրված են Հայաստանից «թալանված» միլիարդները: Բայց դե, Փաշինյանը, որը «ստերիլ» անձնավորություն է, ողջ կյանքում ձեռքը մի դրամ գողացած փող չի վերցրել, ո՞նց կարող է նման քայլի գնալ:
Երկրորդ պատճառը Վլադիմիր Եվտուշենկովի, այսպես ասած, ծագումն է, որը եւս պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, գրված չէ՝ ռուս կամ ռուսաստանցի գործարար: Ինչպե՞ս նման բան գրել, եթե երկրում մոլեգնում է հակառուսականությունը, Փաշինյանին կից արտաքին հետախուզական ծառայությունը Ռուսաստանին եւ Ռուսաստանի գործարարներին մեղադրում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծելու մեջ, Եվրամիությունը միլիոններ է տալիս այդ հիբրիդային հարձակումների դեմն առնելու, ՔՊ-ականների դիմադրողականությունը բարձրացնելու համար, իսկ Փաշինյանն այդ նույն ժամանակ ընդունում է ռուսաստանցի գործարարին եւ նրա հետ քննարկում պետություն-մասնավոր, ենթադրվում է` Հայաստանի պետություն-«ԱՖԿ Սիստեմա» համագործակցության հարցեր:
Եվ ո՞ւր մնաց եվրոպական համերաշխությունը. Վլադիմիր Եվտուշենկովն իր ընտանիքով` տղա, աղջիկ, կին, գերդաստանով` բազմաթիվ ազգականներ, արեւմտյան պատժամիջոցների տակ է․ «ԱՖԿ Սիստեման» վերահսկում է Kronstadt Group-ը, որը ռուսական զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքերի եւ հատուկ կապի համակարգերի արտադրող է, ինչպես նաեւ՝ պաշտպանական արդյունաբերության համար սարքավորումների եւ ծրագրային ապահովման մշակող: Ուկրաինայի իշխանությունները Եվտուշենկովին մեղադրում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայից գրավված տարածքներում ունեցած սեփականության մեջ: Եվ ահա՝ Հայաստանը Եվրամիություն տանող, ԵՄ-ի անդամակցությունը Հայաստանի ռազմավարական նպատակ հռչակող անձը կառավարության շենքում պաշտոնական ընդունելության է արժանացնում նման մի անձի: Բայց փաշինյանական ստրկախումբը` արեւմտամետ հանրույթը, որեւէ բողոքի ձայն չի բարձրացնում, անգամ ծպտուն չի հանում, որովհետեւ այնտեղ անգամ շնչելն ու արտաշնչելը հրահանգավորվում են վերադասից: