«Կեսօրը» սերիալի նկարահանման հիմքում, որի ռեժիսորը Կլիմ Կոզինսկին է, հայտնի «Բզեզը՝ մրջնանոցում» վեպն է, որը գրել են Արկադի եւ Բորիս Ստրուգացկիները՝ 1979 թվականին։ Գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է, թարգմանվել 19 լեզվով, սակայն էկրանավորվում է առաջին անգամ։ Սյուժեի համաձայն՝ Երկիր մոլորակը վերածվում է հումանիստական ուտոպիաների մարմնավորման։ Ոչ երկրային քաղաքակրթությունների հետ պայմանագրերի հանձնաժողովի ղեկավար Ռուդոլֆ Սիկորսկին (Լեոնիդ Յարմոլնիկ) հանձնարարում է Մաքսիմ Կամերերին (Յուրի Կոլոկոլնիկով)՝ գտնել Լեւ Աբալկինին (Մաքսիմ Մատվեեւ) ու նրա ղեկավարած գիտահետազոտական խմբի անդամներին, որոնք զոհվել են «Հույս» անվանումը կրող մոլորակի վրա՝ հրեշավոր գիտական փորձարկման հետեւանքով, որն անցկացվել է այնտեղի Ճամփորդների գերքաղաքակրթության հետ։ Նրանց հետ շփումներից հետո Աբալկինը սպանում է գործընկերոջն ու թռչում հետ՝ դեպի Երկիր մոլորակ, որպեսզի նույնպիսի մի գործընթաց սկսի, որը ոչնչացրել է «Հույս» մոլորակը։ Կամերերին հաջողվում է գտնել Աբալկինի հետքը, սակայն վերջինս միշտ կարողանում է Կամերերից մեկ քայլ առաջ անցնել։ «Կեսօրի» նկարահանումներն ընթացել են Մոսկվայի տարբեր հատվածներում եւ «Մոսկինոյի» գործարանում։
Նկարահանումների իրականացմանն օգնել է Մոսկովյան հանձնախումբը։ Կինոգործարանում նկարահանումների համար կառուցել են Ռուդոլֆ Սիկորսկու աշխատասենյակը՝ մի քանի բարդ դեկորացիաների համադրումով, որտեղ միավորված են թե՛ ֆիզիկական, թե՛ թվային տարածության վիրտուալ դեկորացիաների էլեմենտները։ Սեւ անապատը, ստալակտիտ քարերի պարտեզը, մալախիտե բուրգը եւ միջնաբերդն այն հիմնական վայրերն են, որտեղ ֆիզիկական կոնստրուկցիաներն ու «ԼԵԴ» էկրանները մի ամբողջ աշխարհ են ստեղծել։ «Կինոգործարանը մեզ համար դարձել է այն բազմաֆունկցիոնալ հարթակը, որտեղ իրականացվել է նկարահանման գործընթացը՝ առավելագույն հարմարավետությամբ։ Ընդարձակ տաղավարները թույլ են տալիս նկարահանումներն այնպես կազմակերպել, որ աշխատանքը հարթակում ընթանա տեխնիկական առումով չափազանց կոմֆորտ կերպով»,- kinoreporter-ի փոխանցմամբ՝ ասել է սերիալի բեմադրիչ-օպերատոր Հենրիխ Մեդերը։