Այլ

Ինքնահոգեբանական թերապիա՝ մայրամուտից առաջ  

Ինքնահոգեբանական թերապիա՝ մայրամուտից առաջ  

Արցախի կորստի տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում հնչում է Էլվինա Մակարյանի «Մայրամուտ» երգը։ Առաջին հայացքից սա կարող է թվալ պատահական, բայց իրականում այն խորհրդանշում է հենց Փաշինյանի քաղաքական ընթացքի տրամաբանությունը։ Սա արդեն նման է ինքնահոգեբանական թերապիայի․ մարդը նստած է աթոռին, լսում է «Մայրամուտ», ինքն իրեն սփոփում, որ գուցե վաղը նորից ,,ծագի,,։ Բայց քաղաքական արեգակները կրկնակի շանս չեն ստանում․ նրանք մարում են, և հետո ուրիշ լույսեր են գալիս։ Երգի բառերը նկարագրում են արեգակի հոգնած հրաժեշտը երկրին․ արեգակն էլ փորձում է ժպտալ, բայց դեմքին թախիծ կա։ Այդ պատկերը համընկնում է Փաշինյանի ներկա վիճակի հետ․ նա փորձում է ժպտալ, «վերահսկել» իրավիճակը, սակայն իրականության մղձավանջը  թաքցնել չի կարողանում։

Արեգակը հոգնած ու խաղաղ, հրաժեշտ է տալիս իր երկրին
Նա ժպտալ է փորձում,բայց ավաղ յուր թախիծ կա դեմքին,
Նա սարերն է գրկել հուր թևով և հիշում է սիրո ջերմ պահեր,
Նա ջանում է ամեն մի ձևով սերն իր մեջ գանձի պես պահել:

«Արեգակը հոգնած ու խաղաղ, հրաժեշտ է տալիս իր երկրին» – այս տողը կարծես նրա քաղաքական կենսագրության սառը ամփոփումն է։ Փաշինյանը հրաժեշտ է տալիս  երկրին, բայց ոչ թե խաղաղությամբ, այլ երկիրը խաղաղությունից զրկելով։ Սա նրա քաղաքական ինքնադիմանկարն է՝  «Մայրամուտ» է լսում՝ սեփական մայրամուտին։ Երգում արեգակը հոգնած հրաժեշտ է տալիս երկրին։ Փաշինյանն էլ հոգնած է, բայց ոչ թե արև լինելուց, այլ իր իսկ ստեղծած ստվերներից։ 

Երգում կա նաև կրկնվող ուղերձ․ 
Արեգակ նորից դու պիտի ծագես,վաղը քո երջանիկ ժամը պիտի գա,
Բայց գիշերն իմ մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա:

«Բայց գիշերն իմ մութ վերջ չունի կարծես» – սա արդեն անուղղակի խոստովանություն է։ Փաշինյանի պարագայում այդ խոստումն այլևս չի հնչում համոզիչ․ ժողովրդի համար գիշերը կարծես անվերջ է, առանց հանդիպման հրաշքի։

Փաշինյանը, կորցնելով Արցախը, նաև մարեց հավատը «վաղվա երջանիկ օրվա» հանդեպ։ Այո՛, արեգակը նորից պիտի ծագի, բայց Փաշինյանի քաղաքական գիշերը առայժմ «վերջ չունի կարծես»։ Իսկ ժողովուրդը, ինչպես երգում է ասվում, «հանդիպման ոսկի հրաշք չկա» - էլ չի հավատում նրան,  ոսկե խոստումները վաղուց արժեզրկվել են։
Երբ երկրի ղեկավարն իր օրը սկսում է մայրամուտով, դա այլևս միայն գեղարվեստական պատկեր չէ․ դա ներքին կանխազգացում է։ Նա գիտի, որ քաղաքական իր արեգակը մայր է մտնում։ Ու որքան էլ ինքն իրեն համոզի, թե «արեգակ նորից պիտի ծագի», այդ ծագումը լինելու է ոչ թե իր, այլ իր հետևից եկող ազգային  ուժերի ու Հայաստանի համար։ 

Այս երգը խորհրդանշական հաղորդագրություն է․ Փաշինյանը ոչ թե նոր հորիզոնի ճանապարհին է, այլ իր իշխանական մայրամուտի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image