Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար՝ իրենց «Իմնեմնիմի» անունը կրող փոդքաստի ընթացքում։ Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։ Փոդքաստի հյուրերից պատմաբան Հայկ Դեմոյանին հարցրինք, թե ի՞նչ կարող է ասել դեպքի վերաբերյալ․
«Այս պահին միակ բանը, որ ես կարող եմ ասել, տարակուսանք հայտնելն է, թե արդյոք համաչափ է դա, «ասֆալտին փռելու» պրակտիկ գործողություններ են ուզում ցույց տալ, ուժի ցուցադրություն է․․․, չգիտեմ, ամեն դեպքում շատ տհաճ է։ Եթե իրավապահ մարմիններն ունեն այլ փաստեր, որոնք կարող են ապացուցվել և արդարացնել այդ ոչ համաչափությունը, ես չգիտեմ, այս պահին չեմ կարող ասել, բայց տեսարանը, իհարկե, շատ վատ տպավորություն է թողնում»,- ասաց Դեմոյանը։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը եթերում հայհոյել են Նիկոլ Փաշինյանին և դա է նրանց կատարած «խուլիգանությունը»։ Այս մասով Դեմոյանն ասաց․
«Ես ավելի վատ բաներ եմ ասում՝ տալիս եմ փաստերի վրա հիմնված ձևակերպումներ, և նույնիսկ դրանք հանրային հնչեցրել եմ, դրանք ապացուցելի են։ Բազմաթիվ փաստերի հիման վրա կարելի է քրեական հետապնդում սկսել, այսինքն՝ հարուցել քրեական գործ, և պետության դեմ իրականացվող քայքայիչ գործունեության, հակապետական գործունեության հետ կապված այդ նույն անձի և նրա շրջապատի բազմաթիվ անձանց հանդեպ իրականացնել կոնկրետ իրավական գործողություններ, բայց, քանի որ շատ հասկանալի է, թե որ երկրում ենք ապրում և ինչ միջավայրում, միամտություն կլինի դա ակնկալելը, բայց եթե իրավապահներին հետաքրքիր է, ես կարող եմ տալ հիմնավորում՝ և՛ գիտական և՛ իրավաբանական»,- ասաց Դեմոյանը։