Հասարակություն

«Հրապարակ». Եթե մարդը չի մեռնում, ուրեմն եկամուտ ունի. Անապահովության հաշվարկի նոր եղանակ

«Հրապարակ». Եթե մարդը չի մեռնում, ուրեմն եկամուտ ունի. Անապահովության հաշվարկի նոր եղանակ


Մարտի 1-ից ՀՀ կառավարությունը Կոտայքի եւ Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգ է փորձարկելու, որի ընթացակարգը հաստատվել է հունվարի 9-ին։ Հիմքը «Սոցիալական աջակ­ցության մասին» նոր օրենքն է եւ «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխությունները։  Արտաքուստ նոր համակարգը գեղեցիկ է։ Գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը կտրվի ընտանիքին, ոչ թե անհատներին։ Այն ստանալու իրավունք կունենան այն ընտանիքները, որոնց մեկ  անդամի հաշվով ամսական եկամտի չափը պարենային զամբյուղից, այսինքն՝ 34 հազար 581 դրամից ցածր է։ Հայտը ներկայացվելու է առցանց, հետո սոցծառայության աշխատակիցը տուն է գնալու` եթե պետք լինի, գնահատելու է կարիքը։ 

«Եթե ունենք մեկ չափահաս անձ, որն ունի 0 եկամուտ, իր նպաստը կկազմի 34 հազար 581 դրամ: Գործող համակարգում նպաստի միջին չափը 33 հազար դրամ է, իսկ այս նոր համակարգով միջին չափը կբարձրանա եւ կդառնա 49 հազար 330 դրամ»,- բացատրել է սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը՝ գործադիրի հունվարի 9-ի նիստի ժամանակ։ Իրականում այս նոր փորձարկումը միայն նոր փորձանքի սպասում է առաջ բերել, քանի որ սոցիալականն այսօրվա իշխանության ամենատապալված ոլորտն է։ «Փարոս» համակարգը, որը վաղուց չեղարկվել է, իհարկե, իդեալական չէր եւ բազմաթիվ թերություններ ուներ, բայց գոնե տեսանելի սանդղակ ուներ՝ բալային համակարգ։ Այս մյուսը, պայմանական անվանենք Փարոս-2, շատ ավելի անհասկանալի է, եթե չասենք՝ վտանգավոր։ 
Օրինակ, եթե անձը եկամտի որեւէ աղբյուր չի նշում, ապա նախկինում պետությունը նրան հավատում էր, հիմա էլ չի հավատալու եւ նրան եկամուտ է վերագրելու, առաջնորդվելով հետաքրքիր տրամաբանությամբ՝ եթե չի մեռնում, եթե կարողանում է կենցաղային հոգսերը հոգալ, ուրեմն ունի եկամուտ։ Հատկապես խճճված է նպաստի չափի հաշվարկը։ Սահմանվել է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով (եթե 1 շնչի եկամուտը 34 հազար 581 դրամից ցածր է), չափավոր անապահով (եթե դրա չափ է կամ ավելի է դրանից մինչեւ 30 տոկոս), միջին անապահով (եթե 34 հազար 581 դրամից մինչեւ 60 տոկոս ավելի է) եւ պարզապես անապահով (մեկ ամսում 34 հազար 581 դրամի 160-185 % եկամուտ ունի)։ 

Բայց ամենազավեշտալին աշխատանքի տեղավորման պայմանն է՝ աշխատունակ անձը նպաստ կարող է ստանալ, միայն եթե տեղավորվի աշխատանքի։ Ըստ էության, սա նախկին գործազրկության նպաստն է` այն տարբերությամբ, որ նոր համակարգով այն տրվելու է սոցապնախարարության կողմից, որը նաեւ աշխատանքի է տեղավորելու գործազուրկ նպաստառուին։ «Այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող անձը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես աշխատանք փնտրելու հայտ, եւ նախարարությունը նրան փորձելու է օգնել աշխատանք գտնելու հարցում»,- պարզաբանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Իսկ եթե նախարարության առաջարկած աշխատանքը մարդուն դուր չգա՞, կամ` նախարարությունը չունենա առաջարկ այդ անձի համար, ապա նա նպաստ չի՞ ստանա։ Դիմեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանին, որն այս տարօրինակ «բարեփոխման» ակունքում է եղել դեռ 2020 թվականից։ 

«Այստեղ կարեւորն այն է, որ նախարարությունը խրախուսող նորմ է առաջարկում։ Այսինքն, այն պարագայում, եթե մարդն ընդունում է աշխատանքի առաջարկը, շարունակում է օգտվել սոցիալական աջակցությունից որոշակի ժամանակ` մի ամսից մինչեւ մեկ տարի։ Այսինքն՝ այնպես են անում, որ մարդը շահագրգռված լինի, եւ բոլոր երաշխիքները, որոնք նա ունի որպես նպաստառու, շարունակի ունենալ, մինչեւ ոտքի կանգնի։ Որպես առավելագույն ժամկետ՝ մի տարի է նշվել։ Իսկ եթե նա չի ուզում, պետք է լինեն մեխանիզմներ, որ այդ մարդը դուրս մնա նպաստի համակարգից»,- ասում է նախկին նախարարը։ 

Ինչպե՞ս է սոցապնախարարությունն այդքան գործազուրկների ապահովելու աշխատանքով։ «Բոլոր անապահովների մասին չի խոսքը, այստեղ միայն նրանց մասին է, ովքեր աշխատունակ են։ Նրանց թիվն ավելի փոքր է, քան համակարգում գրանցված աջակցություն ստացող բոլոր անապահովներն են»,- պատասխանեց Զարուհի Բաթոյանը, սակայն թիվ չնշեց, ասելով, որ դրան չի տիրապետում։ Իսկ ինչո՞վ է տարբերվում կարիքի գնահատման այս նոր համակարգը հնից, ասենք, «Փարոսից»։ 

Ըստ Բաթոյանի, նախկինում անձի եկամուտը «դե յուրե» էր հաշվարկվում։ «Տեսնում են, թե նա ինչքան կենսաթոշակ է ստանում, աշխատավարձ, նվիրատվություններ ունի եւ այլն, այս ամենը հաշվարկվում է, ու եթե որեւէ տեսակի եկամուտ քաղաքացին ցույց չի տալիս, մենք ենթադրում ենք, որ մարդը չունի եկամուտ։ Նոր համակարգով այդպես չի։ Նոր համակարգով վերագրում է արվելու»։ Իսկ ի՞նչ է նշանակում «վերագրումը»։ «Եթե մարդն ասում է, որ ոչ մի տեղից եկամուտ չունի, ոչ մի աջակցություն, ոչ մի բան որեւէ մեկից չի ստանում, բայց ինքնուրույն նվազագույն պայմաններով գոնե ապրում է ու իր գոյությունը պահպանում է, նվազագույն կենցաղային պայմաններն ապահովում է, ապա ենթադրվում է, որ գոնե նվազագույն պարենային զամբյուղի չափով նա ստանում է, եւ իրեն վերագրվում է այդ եկամուտը։ Այսինքն, անկախ նրանից՝ նա ցույց է տալիս իր եկամուտը, թե ոչ, նրան վերագրվելու է եկամուտ»։ 
Ասված է նաեւ, որ եկամտի վերագրումից հետո վեց ամսվա ընթացքում աշխատանք ձեռք չբերելու կամ զբաղվածության ծրագրերի կամ միջոցառումների շահառու չդառնալու դեպքում, հաջորդող ամիսների ընթացքում իրականացվելու է վերագրված եկամտի չափի բարձրացում՝ ամսական 10 հազար ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Այլ կերպ ասած՝ կարիքավորության աստիճանը գնահատելու հիմնական սկզբունքը եկամտի վերագրումն է լինելու՝ եթե մարդը չի մեռնում, ուրեմն ունի եկամուտ։ 

Բազմաթիվ հարցեր է առաջացնում նաեւ «անապահովության սահմանային շեմ» կոչվածը, որի հիմքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը  34 հազար 581 դրամ է։ Սա վիճկոմիտեի 2024թ․ 3-րդ եռամսյակի համար հաշվարկված եւ հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի չափն է։ Միեւնույն ժամանակ հայտնի է, որ, ըստ նույն վիճկոմիտեի, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 77 հազար։ Պարենային զամբյուղը, եթե կոպիտ ձեւակերպենք, սննդի այն նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` գոյատեւելու համար։
Իսկ սպառողական զամբյուղը, բացի ուտելիքից, ներառում է նաեւ այլ ապրանքներ եւ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են մարդուն։ Փաստորեն, կառավարությունը կարծում է, որ անապահով խավին պետք չեն ո՛չ ծառայություններ, ո՛չ ջեռուցում ու հոսանք, ո՛չ հագուստ։ Միայն սնունդ է պետք՝ հաց ու կարտոֆիլ, որ սովից չմեռնի։ Իսկ եթե մեռնի՞. գուցե ավելի՞ լավ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image