Այն բանից հետո, երբ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ Եկեղեցու կողքին է եւ թույլ չի տալու ոչ մի ոտնձգություն, եկեղեցի-իշխանություն հարաբերությունները նոր շրջափուլ մտան։ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեւով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- ասել էր «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, որից հետո սկսվեցին խուզարկություններ Կարապետյանի տանը, որտեղից շուրջ 50 հոգու բերման ենթարկեցին, իսկ անձամբ Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները, կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»:
Արձակագիր Լեւոն Ջավախյանից հետաքրքրվեցինք․ որպես գրող՝ իշխանության զավթման կոչ տեսնո՞ւմ է Կարապետյանի խոսքերում։ «Իմ դարդուցավը Սամվել Կարապետյանը չէ, իմ դարդուցավը այս պատուհասն է։ Սամվել Կարապետյանի տեղը կարող է ես եւ դուք լինենք կամ մեկ ուրիշը, հենց ինքը զգում է, որ իր պաշտոնի, աթոռի նկատմամբ վտանգ կա, գազան է դառնում, հրեշ, վիշապ, բայցեւայնպես, իր մեջ ավելի շատ ողորմելի Լյուդովիկոս 14-ն է, որն ասում էր՝ պետությունը ես եմ։ Հիմա, ինչ է՝ պետությունն իր հոր բոստա՞նն է, որ ինչ ուզենա, անի, ում ուզենա, ձերբակալի։ Հորի՞ց է ժառանգել այդ իրավունքն ու «բոստանը», որ այդպես վարվում է մեր երկրի հետ։ Մինչդեռ, Սամվել Կարապետյանն այնքան գործ է արել Հայաստանի համար, այնքան ներդրում, աշխատատեղեր է ստեղծել, որ ո՞վ է ինքը, ի՞նչ է ուզում այս ազգից ու ժողովրդից։ Նույնիսկ Աբազյանը չենթարկվեց իրեն, որի համար նրան պաշտոնից հանեց։ Ինձ համար յուրաքանչյուր մարդ, որը Նիկոլի հետ ձեռքի-ձեռքի տված աշխատում է, նույնպես մեղսակից է հայրենիքի կործանման գործում։ Խրախուսելի է, որ Աբազյանը հեռացավ պաշտոնից, բայց հեռանալուց առաջ ինքն իր հիմնական գործը չարեց․ պարտավոր էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, որպես սահմանադրախախտ, երկիրն արհավիրքի հասցրած մարդու, հետո նոր ուր ուզում է, գնար»։
Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ տարվող արշավին, ապա, ըստ Լ․ Ջավախյանի, այդ պայքարը Եկեղեցու հետ կապ չունի։ «Սա ընդամենը մահանա է, իսկ իրականում հայի դեմ արշավ է, պայքար է։ Ռաֆայել Պատկանյանն ասում էր՝ ի՞նչ է նշանակում հայ՝ մայրենի լեզու, հայրենի դավանանք, ազգի պատմություն։ Հիմա սա այս 3 հենասյուները կործանում է, ազգի պատմությունը, որպես ազգային գաղափարախոսություն, տեսնում եք, թե ինչպես այլափոխեց նոր դասագրքերում, հիմա կուսակրոնությունը մահանա բռնելով՝ կրոնի դեմ է արշավել, իսկ մեր մայրենի լեզուն էլ ինքը հայհոյախոսություններով է ապականել։ Վարչապետը պիտի հատընտիր հայերենով խոսեր, բայց էս ի՞նչ ձեւով է խոսում, հիմա ինքը խուլիգա՞ն է, թե՞ վարչապետ։ Իր այս ամբողջ արշավը հայի ու հայության դեմ է, ցուցումն էլ իր եղբայր թուրքերից է ստանում ու ստեղծել է երիտհայերի մի խմբակ, որ կործանում է Հայաստանն ու հայությունը։ Իր քայլերը հայության դեմ են ուղղված։ Նրա ավետարանը Սուրբ գիրքը չէ, նրա ավետարանը Էրդողանի գիրքն է, որ սրտին սեղմած նկարվում է՝ սեպերը լայն բացած, սա է նրա սուրբ գիրքը, ու թող Ավետարանից ու Եկեղեցուց չխոսա»,- հորդորում է գրողը։
ՀԳ․ «Հրապարակ» օրաթերթը սիրով ու ջերմությամբ շնորհավորում է մեր ժամանակների մեծագույն գրողներից մեկի՝ Լեւոն Ջավախյանի 75-ամյակը՝ ցանկանալով խաղաղ ու ստեղծագործ օրեր։