Լեհաստանում կրոնական առարկան կաթոլիկական դավանանքի հիմունքները ներկայացնող «Աստծո օրենքը» անվանումով առարկան է։ Այն նույնքան պարտադիր է ուսուցման համար, որքան լեհերենը կամ մաթեմատիկան, եւ ուսուցանվում է հանրակրթական պարտադիր առարկայացանկում։ Այլ դավանանքի կամ կրոնի երեխաների համար տարբեր ուսուցում իրականացվում է, եթե դասարանում կա ոչ պակաս, քան երեք երեխա։ Հակառակ դեպքում մի քանի դպրոցների այլադավան կամ այլակրոն երեխաների համար համատեղ դասապրոցես է կազմակերպվում։ Յուրաքանչյուր աշակերտ պարտավոր է իր կրոնի ուսուցմանը մասնակցել։ Լեհաստան պետությունը, ըստ օրենքի, ոչ միայն երաշխավորում է կրոնի ուսուցումը դպրոցում, այլ նաեւ գործնականում ապահովում է դա։
Չափազանց հետաքրքիր է կրոնական առարկայի ուսուցման դրվածքը Բելգիայում։ Այստեղ կրոնական բովանդակությամբ առարկայի ուսուցման համար հիմք են համարում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ եւ 26-րդ հոդվածները, Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի 29-րդ եւ 30-րդ հոդվածները, Բելգիայի սահմանադրության 24-րդ հոդվածը, 1959 թվականի մայիսի 29-ին ընդունված «Դպրոցական պակտ» կոչված օրենքը, ինչպես նաեւ դաշնային սուբյեկտների տեղական օրենսդրական փաստաթղթերը։ Կրոնական բովանդակությամբ առարկայի ուսուցման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաեւ բելգիական կրթության նախարարության կողմից հրատարակված հատուկ ուղենիշ ձեռնարկում։ «Դպրոցական պակտը» եւ Բելգիայի սահմանադրությունը հրահանգում են՝ աշակերտներին հնարավորություն տալ ընտրելու պետականորեն ճանաչված կրոններից մեկի եւ աշխարհիկ բարոյականության միջեւ, որպես ուսուցողական առարկա, որը վերջինս յուրացնելու է որպես դպրոցական առարկա։ Շաբաթական նախատեսված է երկու ժամ։ Ուսուցումը ողջ հանրակրթական դպրոցական համակարգի համար է նախատեսված՝ 6-28 տարեկանների համար։ Ընտրության հնարավորություն տրվում է նաեւ ծնողներին, որոնք կարող են իրենց երեխաներին գրանցել այս կամ այն կրոնի հիմունքների ուսուցման առարկայի ուսուցման խմբում՝ ամեն ուստարվա սկզբին։ Ընտրության այս իրավունքը որեւէ կերպ սահմանափակված չէ։
Ֆրանսիան ներկայացնում է այն մոդելը, որտեղ պետությունը բացարձակ իմաստով որդեգրել է սեկուլյարիզմ, եւ կրթական համակարգում, բացառապես Էլզասի երկրամասի, կրոնական բովանդակությամբ առարկա չկա ներառված դպրոցական հանրակրթության համակարգում։ Սակայն այստեղ ժամանակ առ ժամանակ նման քննարկումներ ընթանում են, որպեսզի գոնե մեկ կրոնական բովանդակությամբ առարկայի ուսուցումը հանրակրթական համակարգում վերականգնվի, թեեւ իշխանությունները նման քննարկումներն առանձնապես չեն քաջալերում։