Հասարակություն

Հռիփսիմեն գնաց, «սուրբ կույսի սինդրոմը» մնաց

Հռիփսիմեն գնաց, «սուրբ կույսի սինդրոմը» մնաց

Հռիփսիմե Հունանյանին պետք է գովել և խրախուսել՝ ծաղրելու փոխարեն։ Մարդը հայտնվեց մի անհավանական տեղում՝ իր համար, թե չէ՝ ով պետք է նրան ճանաչեր։ Ունեցավ անհավանական հոգեվիճակ, որն արտահայտվեց անհեթեթ հայտարարություններով։ Բացահայտ «ոչ կոմպետենտ լինելու բարդույթը» նրան ստիպում էր արտահայտել «խելացի» մտքեր, բայց հենց դա է վտանգավոր՝ խելացի մտքեր արտահայտելու համար գիտելիքների անբավարարությունն ու փորձի բացակայությունը պետք է խանգարեին, և մտքերը, հետևաբար, հնչում էին ոչ խելացի, անգամ ոչ էլ՝ հիմար, ուղղակի՝ զայրացնող և ծիծաղելի։ Օրինակ, հետ չմնալով հակակաթողիկոսական արշավից, որոշեց մի փայլուն բան էլ ինքն ասել և ասաց․ «Ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ, որդուս հայրն էլ` սուրբ Սարգիսը, եթե կաթողիկոսը սուրբ է»․․․: Այս «արժեքավոր» միտքը լսելով զայրանում ես, այդ միտքն ասելիս իր դեմքը տեսնելով՝ ծիծաղում․․․

Եվ ինչո՞վ է նա գովելի՝ կհարցնեք։ Հենց նրանով, որ չցանկացավ տևական ժամանակ մնալ այդ ոչ ադեկվատ վիճակում, չուզեց անընդհատ փորփրել գլուխը և դուրս բերել մտքեր, որոնց համար հետո ամաչելու է, այլ՝ որոշեց լքել հանձնաժողովի նախագահողի պաշտոնը և հետագայում չշարունակել պատգամավորի կարիերան։ Հնարավոր է, որ նրա գլուխգովանքը բարկացրել է իր ղեկավարներին, և մի հաղորդագրություն` sms են ուղարկել, թե «գլուխդ առ գնա, անգամ մեզ ես նյարդայնացնում»։ Բայց դա չէ կարևորը, այլ՝ այն, որ նա մյուսներին ցույց տվեց այս օրինակելի նախադեպը․ գնացեք, վերցրեք ձեր փայլուն գլուխը և հրաժարվեք այն գործերից, որոնք դուք անկարող եք կատարել և միայն խայտառակում եք ինքներդ ձեզ, ամոթով թողնելով բոլոր նրանց, ովքեր երբևէ ձեզ համակրել են։

Հռիփսիմեն հեռացավ պաշտոնից` մենք փրկվեցի՞նք։ Իհարկե՝ ոչ։ Հռիփսիմեի սինդրոմով բազմաթիվ աղջիկներ ու տղաներ կան Ազգային ժողովում, Կառավարությունում, ովքեր անշուշտ ունեն հմտություններ, օրինակ՝ փորձառու են նախկիններին փնովելու գործում, թուրքերին և ադրբեջանցիներին սիրահետելու նորահայտ ձիրք ունեն, ղեկավարի հրահանգով ելույթ ունենալու, կառավարությանը հարց տալու, չոքելու և խաչակնքելու, ուրախանալու և զարմանալու բացառիկ շնորհք են ցուցաբերում։ Բայց խելացի մտքեր արտահայտելու մասով նրանք նույն Հռիփսիմեն են` չեն տարբերվում ոչնչով, նույնիսկ եթե ունեն բարձրագույն կրթության դիպլոմ՝ ի տարբերություն նրա։

Թվարկված կարողությունների համար (ճիշտ էր ասում աղջիկը), բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ, ես կասեի՝ անգամ ցանկալի չէ, քանի որ կրթությունն ու գիտելիքը սովորաբար մարդու մեջ դաստիարակում են որոշակի սկզբունքներ, որոնք ոտնահարելը կրթված մարդու, որոշ դեպքերում՝ նաև բարեկիրթ մարդու համար, անթույլատրելի է։

Եվ վերջապես, ինչո՞ւ է անհրաժեշտ գովել Հռիփսիմեին։ Այն պարզ պատճառով, որ նույն անելանելի վիճակում հայտնված պաշտոնյաները հասկանան, որ այս փակուղուց դուրս գալով կարող են փրկվել, մաքրվել, կարող են մոռացության մատնել իրենց արտահայտած բազմապիսի անհեթեթ մտքերը․ մենք խոստանում ենք մոռանալ ու չհիշեցնել։ Կարող են անցնել իրենց տարիքին, փորձին, գիտելիքներին լիովին համարժեք արժանապատիվ գործի, կարող են ապրել հանգիստ և գնահատված՝ իրենց վերջին ճիշտ որոշման համար խրախուսված, լիարժեք կյանքով։ Այդ մանդատից ու պաշտոնից դուրս՝ նորմալ ու առանց ամոթի կյանք կա, և դա կա նաև իրենց համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image