Երեկ ԱԺ լսումները մի փոքր բացեցին «Քաղպայմանագիր» կուսակցության վարագույրը` ի ցույց դնելով, թե ինչ է կատարվում իշխանական կուլիսներում: Ցանկացած երկրում Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան «երկխոսությանը» հրաժարականներ կհաջորդեին, հատկապես` իրավապահ մարմնի ղեկավարի դեպքում, որը երեկ մեկի փոխարեն մի քանի կոպիտ, անթույլատրելի սխալ թույլ տվեց: Նախ, պարզվեց՝ մարդկանց հետ խոսելու կուլտուրա չունի: Երկրորդ․ խորհրդարան կոչվող ինստիտուտն ու իրենց իսկ իշխանությանը չի հարգում: Երրորդ․ եթե ոտքը տրորում են, կարող է ամենաանթույլատրելի հայտարարություններն անել: Եվ չորրորդ․ սրա-նրա խնդրանքով քրեական գործեր է «ջրում», բնականաբար` նաեւ «կարում»:
Եվ մի բան էլ. ցուցադրեց, թե ինչքան անհանդուրժող, բռնկուն բնավորություն ունի: Այդ տեսարանից մի գլոբալ եւ բազում մանր հետեւություններ կարելի է անել: Նախ այն, որ չհասունացած, անկայուն պսիխիկայով, կյանքի ճանապարհ չանցած, կենսագրություն չունեցող, ղեկավար չաշխատած անփորձ մարդկանց չի կարելի փողոցից բերել եւ հսկա կառույցների ղեկավար նշանակել: Նրանց ձեռքում է հայտնվում ահռելի իշխանություն, որը նրանց շատ արագ փչացնում է, եւ նրանք իրենց տնօրինած լծակները սկսում են ի չարը գործադրել: Նման իրավիճակների մենք այս տարիներին հաճախ ենք ականատես եղել: Ասֆալտին փռելու, շինելու եւ թափ տալու մասին հայտարարություններից մինչեւ մարդկանց վրա թքել ու կենդանու պես աքացի տալ: Այդ բոլորը եւ մեր բոլոր մյուս աղետները հենց նրանից են, որ երկիր, համակարգեր կառավարելու անընդունակ մարդիկ, որոնք դեռ պետք է շատ ճանապարհ անցնեին` մինչեւ իշխանության հասնելը, միանգամից ու սկուտեղի վրա ստացան այդ իշխանությունը եւ, ինչպես ժողովուրդն է ասում` իրենց «ոտքին գցեցին»: