Հարավային Կովկասում ականատեսն ենք Ադրբեջանի կողմից անընդհատ լարվածություն ստեղծելու ագրեսիվ քաղաքականության՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին: Մտահոգիչ է նաեւ Թուրքիայում ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը, ինչը կարող է դրդել Թուրքիային՝ գնալ այլ գործողությունների՝ ուշադրությունը դեպի դուրս շեղելու համար:
«Էրդողանը միշտ դիմել է նման քայլերի՝ իր ներքին խնդիրները լուծելու համար արտաքին խնդիրներ է ստեղծել: Կարեւոր են նաեւ Մերձավոր Արեւելքի խնդիրները՝ Թրամփի վարչակազմի կողմից հութիների դեմ ռազմական գործողություններ իրականացնելը: Հնարավոր է՝ Իսրայելի ազդեցության տակ Միացյալ Նահանգները, եթե չկարողանան բանակցությունների միջոցով հարթել խնդիրները, Մերձավոր Արեւելքում հակամարտության էսկալացիա լինի»,- նշում է իրանցի քաղաքագետը: Իրավիճակը պայթյունավտանգ է՝ շեշտում է մեր զրուցակիցն ու ասում, որ Իրանի դեմ որեւէ ռազմական գործողության պարագայում հնարավոր է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն առիթից օգտվեն եւ տարածաշրջանում խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար:
«Նրանք սպասում են այդ առիթին, եւ եթե դա տեղի ունենա, կարող են իրենց այդ նկրտումներն իրականացնել: Եվ դա էր պատճառը, որ Իրանի արտաքին գործերի նախագահն ասում էր, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության այդ համաձայնագիրը»,- ասաց Հոսեյնին: Սակայն ոչ մի խաղաղության պայմանագիր լիարժեք չի կարող խաղաղություն ապահովել, այն կարող է որոշակիորեն նվազեցնել սպառնալիքները տարածաշրջանում: Իրանի եւ Հայաստանի անվտանգային խնդիրները նույն շրջանակում են՝ նշում է քաղաքական վերլուծաբանը:
«Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր անվտանգության խնդիրներ, մեր շահերը փոխկապակցված են, մենք բնական դաշնակիցներ ենք, եւ պետք է Իրան-Հայաստան անվտանգության ոլորտում էլ համագործակցություններ ունենալ, որպեսզի համատեղ կարողանան չեզոքացնել սպառնալիքները, որ գալիս են հակառակորդ կողմից»,- ասաց Հոսեյնին: Իրանն այս տարածաշրջանում դիտարկում է միայն դիվանագիտական լուծումներ՝ նկատում է զրուցակիցս: Սակայն, եթե Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ լինեն, որոնց թիրախում Իրանը լինի, ապա Իրանն այդ հնարավորությունն ունի՝ չեզոքացնելու Ադրբեջանին: Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Եվրամիության հետ անվտանգային հարցերի շուրջ քննարկումների բովանդակությանը՝ իրանցի քաղաքագետը վստահեցնում է՝ իրանական կողմը տեղյակ է: Նա հավելում է, որ իրանական կողմը պարբերաբար հայկական կողմի հետ քննարկում է, եւ եթե այդ հարաբերություններն ուղղված չեն Իրանի դեմ, ապա դրանում խնդիր չի տեսնում: «Իրանը տարիներ շարունակ պատրաստվում է պատերազմի, որովհետեւ, եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- եզրափակում է Փույա Հոսեյնին: