Գորիսի պետական բազմագործառութային քոլեջում կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի սկզբին, երբ Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը միավորվեցին՝ դառնալով Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ, ուսանողներն ու դասախոսները դասադուլ-գործադուլ սկսեցին, որոշ աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից: Անցել է մեկ տարուց ավելի, սակայն Գորիսի քոլեջի շուրջ աղմուկը դեռ շարունակվում է:
ԿԳՄՍ նախարարը, կոլեկտիվների պայքարն անտեսելով, իր սրտի թեկնածու Արմինե Կոլյանին տնօրեն կարգեց, որից հետո մի շարք աշխատակիցներ ազատման դիմումներ գրեցին: Ինքը` նորանշանակ տնօրենն էլ է սկսել որոշ աշխատակիցների ազատել, ոմանց էլ պարտադրում են դիմումներ գրել: Մեզ պատմեցին, որ նա աշխատանքից ազատել է քոլեջի հաշվապահին, ըստ լուրերի` նա չի համաձայնել բողոք գրել նախկին տնօրեն Կարեն Լազարյանի դեմ: Եվ հաշվապահը միակ ազատվողը չէ:
Ինչո՞ւ են աշխատակիցներն ազատման դիմումներ գրել՝ հարց ուղղեցինք քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանին։ «Չգիտեմ, չեմ կարող ասել, մենք 6 ամիս իրար հետ շատ լավ աշխատել ենք, համատեղ միջոցառումներ ենք կազմակերպել, որեւէ խնդիր մեր մեջ չի եղել, ես հարցրել եմ` իրենք չեն ասել: Անգամ ասել եմ՝ ես ձեզ հնարավորություն եմ տալիս՝ հետ գալու, մնացեք: Ես որեւէ խնդիր չեմ ունեցել իրենց հետ: Դիմում են գրել, բայց դեռ չեն ազատվել»:
- Բայց եթե, ինչպես Դուք եք ասում, համերաշխ աշխատել եք, ինչո՞ւ են աշխատակիցները դիմում գրել, Ձեր կողմից ճնշումնե՞ր են եղել աշխատակիցների նկատմամբ:
- Մենք հաշվապահի հետ ունեցանք խնդիր, որը Ձեզ առայժմ ասելու իրավասություն չունեմ ու ենթադրում եմ, որ հաշվապահի մոտիկներն են դրանից որոշել՝ ազատման դիմում գրել:
- Իսկ ի՞նչ խնդիր ունեք հաշվապահի հետ:
- Հաշվապահի հետ ունենք անվստահության հիմք, փակագծեր բացել չեմ կարող, սպասեք՝ կիմանաք:
- Մեզ ասացին, որ հաշվապահին ստիպել եք նախկին տնօրենի դեմ բողոք գրել, ինչն էլ ազատման պատճառ է եղել:
- Բացարձակ ճնշում չի եղել, նման բան չկա, մենք մինչեւ վերջ բարիդրացիական, ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել: Այնպես էր իրավիճակը, որքան էլ որ ես հարգեմ, սիրեմ հաշվապահին, քոլեջն իմ սեփական բիզնեսը չէ, ես՝ որպես գործադիր մարմնի ղեկավար, չեմ կարող աչք փակել: Բացահայտվել է մի բան, որից հետո ես դիմել եմ ոստիկանություն, ես հաղորդում եմ տվել, մնացածից տեղյակ չեմ:
- Խոսքը գումարների վատնմա՞ն մասին է, հաշվապա՞հն է յուրացրել գումարները:
- Ես չգիտեմ, համապատասխան մարդիկ կպարզեն:
- Եթե չգիտեք, ապա ի՞նչ հաղորդում եք ներկայացրել:
- Լավ, ուրեմն անվստահությունն արդեն իսկ կա:
Զրուցեցինք նաեւ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի հետ, որը ներկայացրեց քոլեջի աշխատակիցների ազատման պատճառները. «Ինձ ապօրինի կերպով աշխատանքից ազատելուց եւ քոլեջի անվանափոխումից հետո ականատես եմ լինում մի իրավիճակի, երբ արդեն շուրջ 6 ամիս հաստատությունը ղեկավարող նոր տնօրենի՝ Արմինե Կոլյանի գործողություններն անցել են օրինականության եւ բարոյականության բոլոր սահմանները: Նոր տնօրենը տեւական ժամանակ է, ինչ բացահայտ ճնշումներ ու շանտաժ է գործադրում քոլեջի հաշվապահի նկատմամբ՝ ստիպելով եւ պահանջելով նրանից, որ իմ դեմ ներկայացնի կեղծ բողոքներ ու շինծու հայտարարություններ, որոնց նպատակն ինձ իրավական պատասխանատվության ենթարկելն է (քրեականացնելը): Ավելին՝ իր ապօրինի պահանջները պարտադրելու ընթացքում տնօրեն Արմինե Կոլյանը բացահայտ հայտարարել է. «Վերեւները տեղյակ են, քեզ ի՞նչ է պետք, մատդ ինչ աշխատանքի վրա դնես, խնդիր չես ունենա»՝ այդպիսով ակնարկելով բարձրաստիճան հովանավորչության մասին: Հաշվապահին անգամ ձայնային հաղորդագրություն են ուղարկել, հիմնավոր կասկած կա, որ այդ ձայնային հաղորդագրությունն իրեն է ուղարկել Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը: Հաշվապահը, հրաժարվելով գնալ նման ստոր քայլի, կեղծիքի եւ տեղի տալ Սյունիքի փոխմարզպետի կողմից ենթադրյալ ուղղորդվող ճնշումներին ու շանտաժին, տնօրենի կողմից ենթարկվել է սպառնալիքների: Կոլյան Արմինեն հայտարարել է. «Եթե Կարեն Լազարյանի մասին բողոքներ չես ներկայացնում, ուրեմն դո՛ւ ես պատժվելու», ինչից հետո դիմել է ոստիկանություն: Ստեղծված անտանելի իրավիճակի եւ հոգեբանական ճնշումների պատճառով հաշվապահն արդեն պաշտոնապես դիմել է ՀՀ հակակոռուպցիոն մարմիններին՝ խնդրելով իրավական պաշտպանություն եւ հարցի օրինական լուծում: Տնօրենի կողմից հաշվապահին ուղղված այս բացահայտ սպառնալիքներին, շանտաժին եւ հոգեբանական տեռորին ականատես են եղել քոլեջի եւս 7 աշխատակիցներ: Տեսնելով կատարվող անօրինականությունները եւ մտահոգություն ունենալով, որ իրենք նույնպես կարող են դառնալ նմանատիպ ստոր հետապնդումների զոհ, այդ 7 աշխատակիցներն արդեն դիմում են ներկայացրել՝ աշխատանքից ազատման համար»: