Այլ

Խորապես մտահոգված եմ Վրաստանի քաղաքական ճգնաժամով. ԵՄ ղեկավար

Խորապես մտահոգված եմ Վրաստանի քաղաքական ճգնաժամով. ԵՄ ղեկավար

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի Հանրապետություն կատարած իր ուղևորության ընթացքում երեկ երեկոյան ընթրիքի է հրավիրել ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններին Վրաստանում՝ փորձելով միջնորդել ներկայիս քաղաքական ճգնաժամի հարցում:

Հաղորդել է (01․03․2021) «Եվրանյուզը»։

Փետրվարի 22-ի վաղ առավոտյան Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողության շրջանակներում գրոհել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակն ու ձերբակալել կուսակցության առաջնորդ Մելիային այն բանից հետո, երբ դատարանը նրան նախնական կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել՝ 2019-ին հակակառավարական ցույցերի ժամանակ «զանգվածային բռնություն» կազմակերպելու մեղադրանքով։

«Ես խորապես մտահոգված եմ Վրաստանում քաղաքական ճգնաժամի խորացմամբ։ [...] Ընթացիկ քաղաքական ճգնաժամն ու բևեռացումն ակնհայտորեն վտանգում են խարխլել Վրաստանի՝ դժվարությամբ ձեռքբերված երիտասարդ ժողովրդավարությունն այս բարդ տարածաշրջանում», - երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միշելը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպումից հետո։

Եվրախորհրդի նախագահն ընդգծել է, որ քաղաքական բևեռացումը պետք է դադարեցվի: «Կառավարությունը, ինչպես ցանկացած կառավարություն, պետք է ցուցաբերի պատասխանատու առաջնորդություն: Եվ ընդդիմությունը նաև պետք է ընդդիմանա մարտահրավերներին և կառուցողականորեն ներգրավվի Վրաստանի հետաքրքրությունների մեջ», - շեշտել է Եվրոպական Միության ղեկավարը:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան բոլոր կողմերին կոչ է արել լիցքաթափվել ու միավորվել՝ քաղաքական երկխոսությունը վերսկսելու նպատակով, ինչպես նաև երեկ երեկոյան հանդիպման է հրավիրել:

Վրաստանում քաղաքական ճգնաժամն ավելի է խորացել այն բանից հետո, երբ ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից Նիկա Մելիան։

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ով անցած շաբաթ հրաժարական էր տվել Մելիային ձերբակալելու դատարանի որոշման պատճառով, հայտարարել էր, որ ընդդիմության առաջնորդի ձերբակալումը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի հետագա սրման և սպառնալ երկրի քաղաքացիների բարեկեցությանը:

ԵԽ նախագահ Շառլ Միշելը շրջայց է կատարում Արևելյան Եվրոպայի երեք երկրներում՝ սկզբում եղել է Մոլդովայում, հետո՝ Վրաստանում, իսկ այսօր արդեն՝ Ուկրաինա։ Ուկրաինայում Միշելը կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու ԵՄ-Ուկրաինա հարաբերություններն ու հանդիպելու հակակոռուպցիոն ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image