Քաղաքականություն

«Հրապարակ». Ոչ միայն 21-րդ դարում է դա անթույլատրելի, այլեւ 19-րդ, 20-րդ դարերում էր այդպես

«Հրապարակ». Ոչ միայն 21-րդ դարում է դա անթույլատրելի, այլեւ 19-րդ, 20-րդ դարերում էր այդպես

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղու­կաս­յանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընտրությունների հաջորդ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում որոշ հայտարարություններով հանդես եկավ, որոնք հանրային քննարկման առարկա դարձան, հատկապես նրա մտքերը` կապված ԼԳԲՏ համայնքի, կանանց հետ: Դրանք սկսեցին որակել որպես ֆաշիստական, ռասիստական, սեքսիստական:  Անգամ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը եւ Արթուր Սաքունցը դիմել են դատախազություն` նշելով, որ Ղուկասյանն ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրող, եկեղեցու մեջ քահանա գնդակահարելու սպառնալիք է հնչեցրել։

Հիշեցնենք, որ Ղուկասյանը հայտարարել էր, թե պատրաստ է գնդակահարել այն եկեղեցականին, որը կպսակադրի միասեռական զույգին: Եվ որպես դրական օրինակ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում տիրող բարքերը, թե ինչպես միասեռականներին անգամ ձեռքով չեն բարեւում, նույն տարածքից չեն օգտվում եւ այլն: Իսկ ավելի ուշ նա խոսել է կանանց բաց հագնվելուց, ոտքերը ցուցադրելուց, որով գայթակղում են տղամարդկանց: Վարդան Ղուկասյանի հայտարարությունների մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ դասախոս, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի եւ առողջապահական ոլորտի լրագրող Լյուսի Քոչարյանի հետ: 

Դիլբարյանը, անդրադառնալով թեմային, ասաց. «Նախ ասեմ, որ Գյումրու ընտրությունների մասով տարբեր սպասումներ են ձեւավորվել, եւ ես այն մարդկանցից եմ, որը գտնում է, որ ՔՊ-ական զարհուրելի դարաշրջանի ավարտի մեկնարկը կարեւորագույն ձեռքբերում է: Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի հայտարարություններին, բառապաշարին, ապա ասեմ, որ նա միշտ է աչքի ընկել բավականին յուրօրինակ հայտարարություններով ու դատողություններով: Կարծում եմ՝ նրա որոշ հայտարարություններ խիստ անընդունելի են: Հուսով եմ՝ նրա ավագանու ցուցակում կանայք լինելու են եւ գոնե այդ կանայք նրան կբացատրեն, որ նման հայտարարություններ անելով ոչ միայն չի բարձրանում մարդու բարոյականության սանդղակը, աստվածապաշտության մակարդակը, այլեւ դեռ մի բան էլ հեռանում է այդ ամենից: Կանանց հագուստը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց հագուստը պետք է լինի պատշաճ: Ոչ միայն կանայք կարող են հագնել անպատշաճ հագուստ, այլեւ՝ տղամարդիկ: Պետք է խոսել ճաշակով հագնվելու մասին: Եթե ինչ-որ մեկն իր գրգռականության հետ խնդիրներ ունի, դրա համար կան համապատասխան բժիշկներ, որոնց կարող են դիմել եւ հանգստանալ... Գյումրիում եւ, ընդհանրապես՝ Հայաստանում այնպիսի լրջագույն խնդիրներ կան, որ ընտրարշավի կամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել կանանց երկար ու կարճ հագուստից, գրգռաճեղքերի եւ ԼԳԲՏ համայնքի մասին, առավել քան անիմաստ, ոչ մի օգուտ չտվող զբաղմունք է: Նման հայտարարությունները կարող են շատերին վանել: Ինչ վերաբերում է ԼԳԲՏ համայնքին կամ նրանց գնդակահարելուն, ապա, անկախ այն բանից, թե մարդն ինչ սեռական կողմնորոշում ունի, չի կարելի նրանց սպանելու կոչեր անել: Ոչ միայն 21-րդ դարում է դա անթույլատրելի, այլեւ 19-րդ, 20-րդ դարերում է այդպես եղել: Դեռեւս 3-րդ դարից  քրիստոնեությունը որպես պետական կրոն որդեգրած ժողովուրդը պետք է հասկանա, որ Հիսուսը խոսում էր իրար սիրելու մասին, մարդկանց հանդուրժելու մասին: Գուցե կաթոլիկ եկեղեցին ստեղծեց ինկվիզիցիա, բայց Հայ առաքելական եկեղեցին երբեք վհուկների որս կամ այլ կողմնորոշում ունեցող մարդկանց սպանելու կոչեր չի արել: Բայց ամենագլխավոր հարցն այն է, որ այս թեմաները չեն մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հարցերի մեջ, առհասարակ՝ այդ թեմաները Քրեական օրենսգրքի հետ կապված հարցեր են հարուցում, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման հայտարարություններից: Հիմա՝ նման բախտորոշ իրավիճակում, լինելով հավաքական ընդդիմության թեկնածու, պետք է առավել զգուշավոր լինել նման հայտարարություններում: Ի դեպ, նա իր հայտարարություններից մեկի ժամանակ ասաց, որ պահքի մեջ է գտնվում, մի՞թե պահքի մեջ կարելի է նման սարսափելի հայտարարություններ անել եւ մեղադրել մարդկանց: Անպատեհ, անհասկանալի, կեղծ խոսույթ է սա: Իշխանության հավակնող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց բառապաշարին: Մենք մշտապես խոսում ենք ՔՊ-ի եւ վարչապետի բառապաշարից: Գուցե այդ ամենը գալիս է հենց այդտեղից, որ վարչապետն էլ մարդկանց պատերին ծեփելու, շինելու սպառնալիքներ է հղում: Ես՝ որպես կին, շատ վիրավորված եմ: Մենք անընդհատ իշխանությանը թիրախավորում ենք տգեղ խոսքերի համար, իշխանությանը հակադրվող ուժը չպետք  է նման բառապաշարով խոսի:

Լյուսի Քոչարյանն էլ ասաց. «Անկեղծ ասած, մի քանի վայրկյան լսեցի այդ մարդուն, սրտխառնոցով անջատեցի տեսանյութը, չկարողացա լսել մինչեւ վերջ: Կարծում եմ` տվյալ անձի եղբորորդու հետ կապված բարձրացած աղմուկն արդարացնելու փորձ էր կանանց հագուստի մասին խոսելը, անգամ գաղափար չունեմ, թե ով է Վարդան Ղուկասյանը, նրան չեմ ճանաչում, բայց ո՛չ շարքային քաղաքացիները, ո՛չ էլ, առավել եւս՝ պաշտոնյաները, անգամ կատակով չպետք է նման արտահայտություններ թույլ տան իրենց: Դրանք շատ անհույս, հնացած կատակներ են, ամեն անգամ, երբ նման հայտարարություններ են հնչում, պետք է մեծ աղմուկ բարձրացնել, պետք է բողոքի ձայն հնչեցնել, գուցե հասկանան, որ նման հայտարարություններ, անգամ կատակով, չի կարելի անել: Նման հայտարարությունները չեն կարող կանանց դուր գալ: Ինչ վերաբերում է միասեռականների ամուսնություններին եւ քահանա գնդակահարելուն, ապա Հայաստանում չկա նման օրակարգ, մենք այսօր նման խնդրի առջեւ կանգնած չենք, մեր երկիրը դեռ չի հասել այդտեղ: Խոսել նախապես այդ մասին եւ սպառնալ, տեղին չէ ընդհանրապես, այն հնչում է սադիստական եւ հոմոֆոբիկ: Հոմոֆոբիայի ցանկացած դրսեւորում նույնպես պետք է արժանանա հանրային աղմկոտ արձագանքի: Ինչպես սեքսիզմը, այնպես էլ հոմոֆոբիան անընդունելի է, եթե, իհարկե, մենք Աֆղանստանը չենք կամ նորելուկ Ռուսաստանը: ԼԳԲՏ թեմաները շատ հարմար թեմաներ են քաղաքական գործիչների համար, քանի որ մենք ամենաառաջադեմ հասարակությունների շարքերում չենք, ազատամիտ չենք, մեր հասարակության մեծ մասը տոգորված է հոմոֆոբիայով: Ինչու չէ, հանրությանը դուր գալու համար նման հայտարարություններ են անում, բայց այլ երկրներում նման հայտարարությունները քաղաքական գործչին նվազագույնը կչեզոքացնեին, սակայն քանի որ Հայաստանում բարձր է հոմոֆոբիայի մակարդակը, փորձում են օգտվել դրանից, մտնել ժողովրդի աչքը, եթե չասենք՝ այլ տեղ: Ես ապաքաղաքական մարդ եմ, ինձ համար նշանակություն չունի՝ նման հայտարարություններ անում են ընդդիմադիրնե՞րը, թե՞ իշխանականները, երեւույթն ինքնին անընդունելի է»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image