Քաղաքականություն

Ամեն կիրակի պատարագին մասնակցելն ընդամենը պարտությունը չընդունելու հնարք է

Ամեն կիրակի պատարագին մասնակցելն ընդամենը պարտությունը չընդունելու հնարք է

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում news.am-ի լրագրողին որպես Արցախի ԱԺ 2005-2010 թվականների պատգամավոր ներկայացած Կարեն Գրիգորյանն ասում է, որ ինքը չի ընդունում եկեղեցական վերնախավի 80 տոկոսին: Եվ հատկապես Վեհափառին, քանի որ 50 տարի ապրել է Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում ու լավ ճանաչում է նրան: Որ հոգևորականն ավելի ազնիվ պետք է լինի, Աստծուն և հենց հայոց եկեղեցուն ավելի նվիրված անձնավորություն: Չի ընդունում նաև եկեղեցու «բարենորոգիչներից» շատերին: Նա հայտնեց նաև, որ ոչ կանոնավոր, բայց մասնակցում է պատարագների ու տեղյակ չէր, որ վարչապետը այս կիրակի պետք է գար հենց այդտեղ: Բայց եթե հավատանք նրան, որ 15 տարի էլ Արցախում է ապրել, ապա կարելի է նախանձել, որ առնվազն 65 տարեկան անձը շատ ավելի ջահել էր երևում իր տարիքից:
Բայց թողնենք նրան իր խղճի հետ հատկապես այն հարցում, թե տեղյակ չի եղել հենց այդ եկեղեցում Նիկոլի մասնակցության վերաբերյալ: Որովհետև եթե դա խնդիր լիներ իր համար, ապա իմանալուց հետո կլքեր եկեղեցու բակը և ոչ թե կսպասեր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գալուն: Ինչևէ, ինձ ավելի շատ հետաքրքրեց 20 տոկոսի խնդիրը: Ասեմ, որ դա ազնվության ու նվիրվածության հսկայական ծավալ է: Համեմատենք այդ թիվը երկու այլ երևույթների ծավալային պատկերի հետ:
Սկզբում վերցնենք պատերազմից ավելի քան կես տարի անց անցկացված ԱԺ ընտրությունը: 2021 թվականի հունիսի 20-ին ընդդիմությանը ձայն տված հայաստանցիների տեսակարար կշիռը կազմել է 15(±) տոկոս: Այդ թիվը  համեմատենք Նիկոլին ու նրա ՔՊ-ին քվե նվիրածների հետ: Այն կազմում էր երկու անգամ ավելի՝ 30 տոկոս: Դա՝ մեկ: Երկրորդ, հայաստանցիների ավելի քան 85 տոկոսը կա՛մ չէր մասնակցել ԱԺ ընտրությանը՝ թքած ունենալով հայոց հայրենիքի ճակատագրի վրա: Եվ կա՛մ, ինչն ավելի անընդունելի է, ձայն էր տվել պատերազմում խայտառակ պարտություն կրած անձին ու նրա քաղաքական ուժին:
Իսկ հիմա հիշենք, թե մեր ժողովրդի մեծամասնությունը ինչպիսի հույսերով իշխանության բերեց Նիկոլին: Ու ինչպիսի ակնկալիքներով: Բոլորս ենք հիշում «Մենք նվիրյալներ չենք» արտահայտությունը՝ բարձրաձայնված նիկոլական տիկնոջ կողմից: Պարզվեց, որ իրենք ոչ միայն նվիրյալներ չեն, այլ պետբյուջեն խժռելու համար են ընդամենը: Բերեմ մեկ այլ օրինակ, որ երևի շատ քչերն են անգամ արձանագրել. սահմանները պահելու նպատակով ոստիկանական ջոկատներ ուղարկելու պրակտիկան տևեց ընդամենը մեկ տարի՝ 2019-ի աշնանն այն դադարեցվեց: Պարզվեց, որ դրանք ավելի «լուրջ» գործ ունեին անելու Երևանում և այլ բնակավայրերում: Ստացվում է, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժն իշխանափոխությունից ութ տարի անց 100 տոկոսով ո՛չ ազնիվ է և ո՛չ էլ ընդունելի: Ավելի ճիշտ, օբյեկտիվորեն մերժելի է ամբողջությամբ: 
Ուրեմն նույնիսկ Նիկոլի մասնակցությամբ պատարագին գնացող մարդը պետք է իմանա, որ եթե հոգևորականության գոնե 20 տոկոսը նորմալ, ազնիվ ու նվիրյալ մարդիկ են, ապա դա բավական մեծ թիվ է կազմում: Ու ոչ թե պետք է այդ մարդկանց ևս սարքել այնպիսին, ինչպիսին, ասենք, «Բենթլի Սամոն» է (ՀԺ-ական տերմինաբանությամբ) կամ Միրզախանյան Վազգենը, այլ այսքանից հետո հանգիստ թողնել եկեղեցուն, որպեսզի կարողանա ինքնամաքրվել: Այնինչ, վարչապետի աթոռից կառչած, պարտության խորհրդանիշ Փաշինյանն անընդհատ փորձում է հիշեցնել իրեն թե՛ սոցցանցերում և թե՛ կիրակնօրյա պատարագներին: Չնայած երկրորդի առումով ինքը պարտված է, և ամեն կիրակի նրա կողմից մասնակացություն չդադարեցնելն ընդամենը այդ հարցում պարտությունը չընդունելու հնարք է: Ոչ ավելի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image