Քաղաքական ստորությունը, երեսպաշտությունն ու տմարդիությունը մեր իրականության անբաժանելի բաղադրիչներն են։ Ընդհանրապես Հայաստանը ապրում է Ջոկերի ժամանակներում (DC Comics), որտեղ չկան սկզբունքներ, արժեքներ և համակեցական խաղի կանոններ։ Տիրապետող են միայն քաոսի գաղափարն ու դրա մեջ տարերային պտտվող խելահեղության ոգին։
Վերջերս ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցը կոռուպցիոն ինչ-որ գործարքների մասին էր, որոնց ըստ պատգամավորի կարող են առնչակից լինել նաև Ղալումյանները (վարչապետի քավորի ընտանիքը)։ Գործի մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, քանի որ այս պարագայում դա ընդհանրապես էական չէ։ Էականը վարչապետի ցինիկ պատասխանն էր, ավելի շուտ՝ պատասխանի բացակայությունը։ Բուն խնդրի մասին խոսելու փոխարեն Փաշինյանն իր ելույթը շրջեց հակառակ ուղղությամբ և հարվածի թիրախ դարձրեց պատգամավոր Սամսոսնյանին՝ նշելով հետևյալը․ «Եթե շատ փորփրենք, հնարավոր է Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն»։
Առաջին հայացքից վարչապետի խոսքը զուտ պարզունակ խայթոցի տպավորություն էր թողնում, չէ՞ որ արդեն իսկ սովորական պրակտիկա է, երբ իմքայլականները իրենց հասցեին ուղղված քննադատություններին պատասխանում են անհասցե և չհիմնավորված մեղադրանքներով։ Կարելի էր նաև ենթադրել, որ դա փաշինյանական հերթական մունաթն էր կամ էլ իր անսխալականությունն ու սրբակենցաղությունը ընդգծելու մոլուցքի հիվանդագին դրսևորումը։
Բայց ո՛չ։ Փաշինյանը չէր պատրաստվում սահմանափակվել պարզունակ մունաթով։ Ընդհակառակը՝ վարչապետը ԱԺ ամբիոնից ակնարկում էր, որ եթե Անի Սամսոնյանը շարունակի նույն ոգով, ապա նա կհանրայնացնի վաղեմի մի պատմություն։ Այսինքն, Փաշինյանը շանտաժի էր ենթարկում կին պատգամավորին, որը համարձակվել էր հարց տալ ժողովրդի սուրբ ընտրյալին։ Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին և օրեր անց «Ժողովուրդ» թերթը հրապարակեց մի հոդված, որը պատմում էր Անի Սամսոնյանի նախկին ամուսնու ֆինանսական խարդախությունների մասին։
Ի դեպ սա շատ հին պատմություն է և Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ Սամսոնյանը կապ չունի իր նախկին ամուսնու գործած մեղքերի հետ։ Նա գիտի, որ կին պատգամավորը նույնպես այս պատմության մեջ զոհի կարգավիճակ ունի։ Եվ ամենն այս իմանալով՝ վարչապետը քաղաքական ստորության դիրքերից և ամենայն ցինիզմով կարգադրում է հանրայնացնել վաղեմի այս միջադեպը։ Իսկ նպատակը մեկն էր․ բարոյալքել և խայտառակ անել ընդդիմադիր գործչին, դարձնել նրան հայհոյանքի թիրախը ֆեյսբուքյան ցանցախուժանի։ Պիտակումներ կպցնել ու պախարակել կնոջը մի մեղքի համար, որի հետ ինքը կապ չունի։ Եվ այս ամենը զուտ նրա համար, որ Անի Սամսոնյանը համարձակվել էր հարց տալ։
Մեծ բախտավորություն կլիներ, եթե շանտաժի արատավոր պրակտիկան սահմանափակվեր միայն Անի Սամսոնյանի հետ կատարվածով։ Բայց ո՛չ։ Օրեր առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը անվստահություն հայտնեց կառավարությանը։ Թողնենք մի կողմ այդ դիրքորոշման շարժառիթներն ու նպատակները, քանի որ այս պարագայում դրանք էական չեն։ Մի բան է հստակ, որ Ծառուկյանի ցանկացած նպատակ անհամաչափ է այն մեծ ստորության հետ համեմատած, որը կազմակերպվեց նրա դեմ։
Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարող թիմը շրջանցեցին քաղաքական ու մարդկային սահմանագծերը ու թքեցին Հայաստանի Սահմանադրության և օրենքների երեսին։ Խոսքը վարչապետի ընտանեկան թերթոնի կողմից հրապարակված 1979 թ․-ի դատական դռնփակ նիստի փաստաթղթերի մասին է։ Սա ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն խախտում է և այլ նաև ծանրագույն հանցագործություն։ Բայց վարչապետն ու իր շրջապատը թքած ունեն բոլոր արժեքների և օրենքների վրա, քանի որ խնդիր է դրված ամեն գնով ոչնչացնել բոլոր նրանց, որոնք կհամարձակվեն ընդդիմանալ փաշինյանական ռեժիմին։ Այստեղ իհարկե տրամաբանական հարց է առաջանում․ իմքայլականները չգիտեի՞ն այդ փաստաթղթի մասին, երբ համագործակցում և հուշագիր էին ստորագրում Գագիկ Ծառուկյանի հետ։ Հարցն իհարկե հռետորական է, քանի որ չափազանց մեծ է գայթակղությունը բանական պատասխան ստանալու փոխարեն առերեսվել հերթական խեղկատակության հետ։
Նշենք, որ ժամանակին նույնիսկ Սերժ Սարգսյանը չէր դիմել համանման ստորության, երբ 2015 թ․-ին ուղիղ առճակատման մեջ էր գտնվում Գագիկ Ծառուկյանի հետ։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքն ու աշխատանքի գործիքակազմը։ Նա ընդդիմախոսների և գործընկերների հետ խոսում է շանտաժի լեզվով, իսկ ցանկալի արդյունքի չհասնելու պարագայում դիմում է պոռնոգրաֆիայի և մարդուն մարդկայնորեն բնաջնելու օգնությանը։ Որովհետև նա Ջոկերն է, որը չունի սկզբունքներ և արժեքներ։ Նրա հենման ամենահաստատուն կետը խելահեղությունն է և հանուն անձնական շահի ամենքին և բոլորին ոչնչացնելու մոլագար բնազդը։
Անի Սամսոնյանն ու Գագիկ Ծառուկյանը Ջոկերի խելահեղության զոհերն են և վստահ եմ ցանկն այսքանով չի սահմանափակվում։